ՀԱԱՀ-ն, մասնավորապես՝ Միջազգային կապերի դեպարտամենտը, մեծ ոգևորությամբ սկսել է նոր համագործակցություն Սերբիայի Շաբացի կիրառական գիտությունների ակադեմիայի հետ՝ Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում։
Այս անգամ մեր հյուրն էր Շաբացի կիրառական գիտությունների ակադեմիայի պտղաբուծության և գինեգործության ֆակուլտետի դասախոս Ստեֆան Մարկովիչը։
Ստեֆանը սկսել է իր մագիստրոսական ակադեմիական ուսումը 2019 թվականին Սարաևոյի համալսարանի գյուղատնտեսության և պարենագիտության ֆակուլտետում, որն ավարտել է 2022 թվականին։ Նույն թվականին ընդունվել է ասպիրանտուրա՝ Սարաևոյի համալսարանի գյուղատնտեսական և պարենագիտության ֆակուլտետի գյուղատնտեսական գիտությունների բաժին։
Իր վերջին աշխատությունը «Ելակի մշակության արտադրություն և տեխնոլոգիա» թեմայով նա պաշտպանել է Վլադիմիրչի քաղաքապետարանի տարածքում։
2021 թվականի հունվարից նա աշխատում է որպես դասախոս Շաբացի կիրառական հետազոտությունների ակադեմիայում, գյուղատնտեսության և բիզնեսի ուսումնասիրությունների ու զբոսաշրջության բաժնում: Ստեֆանը ակտիվ մասնակցում է միջազգային Էրազմուս+ ՀԳ1 ծրագրին։
Առաջին օրը մեր հյուրն այցելեց ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտ, որտեղ հանդիպեց դեպարտամենտի պետ Գ․ Համբարձումյանին և աշխատակից Զ․ Պողոսյանին։ Նրանք ներկայացրեցին համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումները, կրթական համակարգն ու նորարարությունները, օնլայն հարթակների կիրառումն ու դրանց նշանակությունը հատկապես հեռավար ուսուցման ընթացքում, ինչպես նաև ՀԱԱՀ-ի միջազգային համագործակցության հնարավորություններն ու առկա ծրագրերը։ Խոսեցին նաև միջազգայնացման և միջազգային ծրագրերի համակարգման մեխանիզմների մասին, քննարկեցին Էրազմուս+-ի համակարգման և շարժունության իրականացման մեխանիզմները, տվյալների բազաներ ունենալու դրական կողմերն ու դրանց հնարավորությունները, կրեդիտային ճանաչման առանձնահատկությունները և այդ ճանապարհին ծառացող խոչընդոտները։
Այնուհետև կազմակերպվեց շրջայց համալսարանում, որի ընթացքում դեպարտամենտի աշխատակից Զարինե Պողոսյանը հյուրին ծանոթացրեց համալսարանի մի քանի նորարարական կենտրոնների հետ՝ հացի և շոկոլադի լաբորատորիայի, թորման և սննդամթերքի անվտանգության լաբորատորիաների հետ, այցելեցին նաև գրադարան, տեստային կենտրոն և այլ ենթակառուցվածքներ։ Շատ հետաքրքիր և ուսուցողական էր այցը համալսարանի ջերմատուն, որտեղ ջերմատան աշխատակիցները պատմեցին ջերմատան ստեղծման պատմությունը, ներկայացրեցին ջերմատան հիմնական նպատակն ու գործունեությունը։ Քանի որ մեր հյուրը պտղաբուծության և գինեգործության մասնագետ էր, նրան առաձնապես հետաքրքիր էր գինու լաբորատորիան, որտեղ լաբորատորիայի աշխատակից Միքայելյան Միքայելը ամենայն մանրամասներով պատմեց լաբորատորիայում տարվող աշխատանքների մասին։ Այցելեցին նաև միջազգային կապերի և կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանին և քննարկեցին երկու համալսարանների միջև հետագա համագործակցության ամրացման ուղիները։ Ստեֆան Մարկովիչը շատ տպավորված էր։
Շրջայցից հետո դեպատամենտի պետ Գարեգին Համբարձումյանը կազմակերպեց նաև մշակութային այցեր, այդ թվում նաև՝ այցելություն Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան, այնտեղ ներկայացնելով հայ ազգի պատմության ամենտխուր և ողբերգական էջերից մեկը՝ հայոց ցեղասպանությունը։ Ինչպես փաստեց մեր հյուրը, հայ և սերբ ժողովուրդները շատ դեպքերում ունեն նման պատմություն։ Այդպիսով մեր հյուրը հնարավորություն ստացավ ծանոթանալու հայ մշակույթին, խոհանոցին ու Հայաստանի տեսարժան վայրերին ևս։