Դաշտավարության և անասնապահության մեքենայացման բաժին

Ալթունյան Արթուր Վաղինակի

տեխ.գիտ.թեկն., դոցենտ

Վարիչ

Հետադարձ կապ

    • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
      2-րդ մասնաշենք, 227 ա սենյակ
    • (+374 12) 56-17-73, ներքին` 2-21
    • [email protected]

Որպես կառուցվածքային ստորաբաժանում՝ հիմնադրվել է 2010 թ․-ին և իրականացնում է դաշտավարության մեքենայացմանն ուղղված նախագծահաշվարկային աշխատանքներ, կատարելագործում ոլորտում կիրառվող մեքենաներն և տեխնոլոգիաներիը, կանաչ կերերի և կենսագազային տեղակայանքների համատեղ կիրառմամբ արտադրական միավորի մշակման և նախագծման աշխատանքներ՝ կատարելագործելով կիրառվող տեխնոլոգիաները և բարձրացնելով դրանց արդյունավետությունը։ Բաժնի կայացման գործում իրենց մեծ ներդրումն են ունեցել վաստակաշատ գիտնականներ, համալսարանի պրոֆեսորներ, Անանիա Շիրակացի մեդալի դափնեկիրներ Շավարշ Մացակի Գրիգորյանը, որը  ղեկավարել է «Դաշտավարության մեքենայացման» բաժինը մինչև 2018թ․-ը և Ստեփան Ենոքի Մարգարյանը, որը ղեկավարել է «Անասնապահության և կերարտադրության մեքենայացման» բաժինը մինչև 2020թ․-ը։

Գիտահետազոտական աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով 2020թ․-ին  «Դաշտավարության մեքենայացման» և «Անասնապահության և կերարտադրության մեքենայացման» բաժինների միավորմամբ ստեղծվեց Դաշտավարության և անասնապահության մեքենայացման բաժինը, որը ղեկավարում է տեխնիկական գիտ․ թեկնածու, դոցենտ Արթուր Ալթունյանը։

Գիտական բաժնի հետազոտական թեմաները մշակվում և իրականացվում են գիտական աշխատանքի բազմամյա փորձ ունեցող գիտաշխատողների կողմից։ Բաժնում հետազոտական աշխատանքներ են իրականացնում ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, ակադեմիկոս, գլխավոր գիտաշխատող, տ․գ․դ․ Ա․Պ․ Թարվերդյանը, առաջատար գիտաշխատողներ՝  տ․գ․դ․ Ս․Ե․ Մարգարյանը, տ․գ․դ․ Դ․Պ․ Պետրոսյանը, տ․գ․դ․  Ա․Մ․ Եսոյանը, տ․գ․դ․ Պ․Ա․ Տոնապետյանը, ավագ գիտաշխատողներ՝ տ․գ․թ․ Գ․Հ․ Դանիելյանը, տ․գ․թ․ Ա․Ս․ Գրիգորյանը, գիտաշխատող Վ․Հ․ Կարապետյանը, կրտսեր գիտաշխատող տ․գ․թ․ Ա․Գ․ Մազմանյանը, համակարգչային նախագծող-ճարտարագետ Ն․Վ․ Մարջանյանը և լաբորանտ Ք․Ա․ Սարգսյանը։

Բաժնի գիտահետազոտական աշխատանքներն ընթանում են հետևյալ հիմնական ուղղություններով.

  • կերարտադրության և անասնապահության արտադրական գործընթացների մեքենասարքավորումների և տեխնոլոգիաների մշակում,
  • հողի վրա տեխնիկական միջոցների կողմից մեխանիկական ազդեցության նվազեցում (հողի զրոյական կամ նվազագույն մշակում),
  • պտղատու և խաղողի այգիների միջշարքային և մերձբնային տարածությունների մշակման տեխնոլոգիական գործընթացների մեքենայացում,
  • ցամքարային գոմաղբի անաերոբ մշակման եղանակով կենսագազի և օրգանական պարատանյութի ստացման տեխնոլոգիաների և տեղակայանքների մշակում,
  • կարտոֆիլի մշակության և անկորուստ բերքահավաքի մեքենայացում,
  • այլ նախագծակոնստրուկտորական աշխատանքների իրականացում։

Բաժնի աշխատակիցների կողմից մշակվել և արտադրությունում ներդրման պատրաստ են հետևյալ մեքենաներն ու տեխնոլոգիաները.

  • պարզ կառուցվածքով սիլոսամբարներ և ծղոտի քիմիական մշակման մեքենասարքավորումներ: Արտադրությունում փորձարկվել և ճշտվել են դրանց աշխատանքի պայմանները,
  • երեք տարբեր արտադրողականությամբ ու 0.5-3 կՎտ հզորությամբ ուղղաձիգ հարթության մեջ գործող աշխատանքային օրգաններով հատիկաջարդիչ մեքենաներ (ներդրվում է արտադրությունում),
  • չորս տարբեր արտադրողականությամբ ու 0.5-5.5 կՎտ հզորությամբ հորիզոնական հարթության մեջ գործող աշխատանքային օրգաններով հատիկաջարդիչ մեքենաներ (ներդրվում է արտադրությունում),
  • կոպիտ կերերի փոքրաչափ մանրիչ մեքենա՝ 2.2կՎտ հզորությամբ էլեկտարշարժիչով: Նմանատիպ մեքենաներ հաջողությամբ աշխատում են արտադրությունում,
  • պտղատու այգիների միջբնային և մերձբնային մշակության, հիդրոմեխանիկական և էլեկտրահիդրավլիկական շարժաբերումներով աշխատող ֆրեզիչ մեքենաներ, որոնք նախատեսված են ինչպես ավանդական (ուժեղաճ), այնպես էլ ինտենսիվ տեխնոլոգիաներով մշակվող այգիների համար:

Ներկայումս աշխատանքներ են տարվում լիառացիոն կերախառնուրդների փոքրաչափ արտադրամասերի նախագծման ուղղությամբ:

Մշակվում է կենսագազային տեղակայանքի ու հիդրոպոնիկ ջերմատան ավտոմատ գործող համակարգ, որտեղ մեթանտեկից դուրս եկող կենսագազով պետք է տաքացնել ջերմատունը, իսկ հիդրոպոնիկ եղանակով բույսերին սնուցող քիմիական լուծույթը փոխարինվում է նույն մեթանտեկից դուրս եկող օրգանական պարարտանյութով:

Բաժնում նախագծակոնստրուկտորական աշխատանքներ են տարվում՝

  • պտղատու և խաղողի այգիների միջշարքային խոտհնձիչի,
  • տարբեր սկզբունքներով աշխատող սխտորատնկիչ մեքենաների մշակման և փորձանմուշների պատրաստման,
  • լեռնային երկրագործությունում հողի մշակման էներգախնայող տեխնոլոգիայի և լիակատար ագրեգատի մշակման ուղղություններով:

Վերջին տարիներին բաժնի աշխատակիցների կողմից հրատարակվել են 20-ից ավել գիտական աշխատություններ, ստացվել են գյուտերի և օգտակար մոդելների արտոնագրեր:

Դաշտավարության և անասնապահության մեքենայացման բաժինը սերտորեն համագործակցում է արտադրողների և ոլորտի շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ։ Իրականացնում է խորհրդատվություն ֆերմերային տնտեսությունների  աշխատակիցների համար՝ նրանց տրամադրելով խորհրդատվական նյութեր ճյուղում կիրառվող ինչպես ժամանակակից, այնպես էլ բաժնի կողմից  մշակված տեխնոլոգիաների և տեխնիկայի վերաբերյալ:

Ուշադրության կենտրոնում է նաև ուսանողության հետ տարվող գիտական աշխատանքների կազմակերպումը, մագիստրոսներին և ասպիրանտներին համակողմանի աջակցություն և խորհրդատվություն է տրամադրվում գիտափորձերի կազմակերպման և անցկացման գործում:

Բաժինն ընդունում և իրականացնում է գյուղմեքենաշինության բնագավառի հաշվարկանախագծային աշխատանքների կատարման պատվերներ.

  • CAD/CAM համակարգով նախագծման աշխատանքներ ինչպես ամբողջական մեքենաների, այնպես էլ դրանց առանձին մասերի և հանգույցների համար,
  • Տենզոմետրական չափումներ, այդ թվում. դեֆորմացիաների (ձգում, սեղմում, ոլորում, ճկում) չափում և գրանցում, թրթռման չափում և գրանցում, հեղուկների ճնշման և հոսքի չափում և գրանցում:
  • Մետաղական համաձուլվածքներից պատրաստված մեքենամասերի կարծրության որոշում և պողպատի ջերմամշակում։