Սամվելյան Գարուշ Ալեքսանդրի
Տնօրենի պաշտոնակատար
Հետադարձ կապ
- ՀՀ, Արմավիրի մարզ, Մերձավան, 1139
- (+37493) 40 21 93
- [email protected]
Պատմությունը և նպատակը
ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018 թ. նոյեմբերի 6-ի նիստի որոշմամբ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի մասնաճյուղ գիտական կենտրոնը վերանվանվել է ՀԱԱՀ-ի «Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն» մասնաճյուղի:
Սկսած 2019թ փետրվար ամսից` գիտական կենտրոնում կատարվել են օպտիմալացման աշխատանքներ, ինչի արդյունքում նախկինում եղած չորս բաժինները վերամիավորվել են: Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՀԱԱՀ-ի «Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն» մասնաճյուղն ունի երկու բաժին՝
1. Խաղողագործության և գինեգործության բաժին
2. Պտղաբուծության և ֆիզիոլոգիայի բաժին:
Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կատարվել է նաև հաստիքների կրճատում և 31 հաստիքից մնացել է 15-ը: Գիտական կենտրոնի աշխատանքներում ընդգրկվել են թվով հինգ երիտասարդ եռանդուն և հեռանկարային գիտաշխատողներ, որոնք փորձառու գիտնականների հետ համատեղ կապահովեն կենտրոնի առջև դրված գիտական խնդիրների լուծումները:
Մշակվել է մոտակա տարիների զարգացման մարտավարություն, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից խաղողագործության, պտղաբուծության և գինեգործության համաչափ զարգացմանը:
Գիտական կենտրոնը ենթակառուցվածքների պահպանման և զարգացման աշխատանքներին զուգահեռ, նախատեսում է ստեղծել խաղողի և այլ պտղատու տեսակների հին արժեքավոր սորտերի կոլեկցիա(գենոֆոնդ), որը կդառնա հարուստ հիմք նոր գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար:
Մշակվում է նաև գիտական կենտրոնին պատկանող Նալբանդյանի հենակետի շուրջ 60 հա հողակտորի առավել արդյունավետ օգտագործման ծրագիր, որով նախատեսում է նոր մշակաբույսերի (ծնեբեկ, անփուշ մոշ և այլն) տնկում և մշակում արտաբյուջետային գումար վաստակելու և կենտրոնի զարգացումն ապահովելու համար:
«Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն» մասնաճյուղում արդեն կատարվում են տեղական պահանջված խաղողի սորտերի (Ոսկեհատ, Ճիլար, Կախեթ, Մուսկատ, Հաղթանակ) արմատակալների աճեցման և շուկա արտահանելու ուղղությամբ աշխատանքներ, ինչը ևս լրացուցուչ եկամուտ կապահովի կենտրոնին:
Ներկայումս բանակցություններ են վարվում Հայաստանի Հանրապետությունից դուրս նույնանման գիտական հաստատությունների հետ համատեղ գիտական աշխատանքների իրականացման ուղղությամբ: