Անդրեաս Շմավոնի Մելիքյան
Գյուղ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր
Տնօրենի պաշտոնակատար
Հետադարձ կապ
- 1101. Էջմիածին, Իսի Լե Մուլինո 1
- (+374) 91210119
- [email protected]
Պատմությունը և նպատակը
- ՀԱԱՀ հիմնադրամի «Ագրոկենսատեխնոլոգիայի ԳԿ» մասնաճյուղը, որը ներկայումս ներառում է.
- Կենսատեխնոլոգիական մեթոդներով մշակաբույսերի բազմացման բաժինը,
- Մշակաբույսերի և դրանց վայրի ազգակիցների ազգային գենբանկը,
- Էկոլոգիայի և օրգանական գյուղատնտեսության բաժինը,
- Գյուղատնտեսական պատրաստուկների ստացման և որակի վերահսկման բաժինը,
- Կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան,
- Փորձարարական տնտեսություն (Ստեփանավանում),
իր ներկա կառուցվածքը ձեռք է բերել ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2020թ. օգոստոսի 25-ի նիստի որոշմամբ:
Այն հանդիսանում է նախկին «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի (ստեղծվել է 2004թ ՀՀ Գյուղնախի կազմում, ապա 2012թ.-ին միավորվել ՀԱԱՀ-ին մասնաճյուղի կարգավիճակով), ՀԱԱՀ բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի ՀԿ-ի (ստեղծվել է 1981թ. ՀԳԻ կազմում) և Կենսաբանական հետազոտությունների լաբորատորիայի (ստեղծվել է 2018թ. ՀԱԱՀ-ի կազմում) իրավահաջորդը:
Մինչև միավորումը Ագրոկենսատեխնոլոգիայի ԳԿ-ը ղեկավարել են Ա.Ջ.Սահակյանը (2004-2019թթ), Գ.Հ.Մելյանը (2019-2020թթ);
Բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի ՀԿ-ը ղեկավարել են Պ.Ա.Ղանդիլյանը (1981-2001թթ), Մ.Ա.Գյուլխասյանը (2001-2011թթ) և Ա.Շ.Մելիքյանը (2011-2020թթ);
Կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան ղեկավարել է Զ.Է.Հարությունյանը (2018-2020թթ);
Ներկայումս միավորված ՀԱԱՀ «Ագրոկենսատեխնոլոգիայի ԳԿ» մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարն է գ.գ.դ., պրոֆեսոր Ա.Շ.Մելիքյանը:
Մասնաճյուղի կառուցվածքում ներառված միավորներից յուրաքանչյուրն իր ստեղծման պատմությունն ունի, որոնք անցել են գիտահետազոտական բեղուն, բայց տարբեր ճանապարհ:
Դեռևս 1930-ական թվականներին Ն.Ի. Վավիլովի, Ա.Ա. Գրոսսգեյմի, Մ.Գ. Թումանյանի և այլոց կողմից սկսած մշակովի բույսերի և դրանց վայրի ազգակիցների ու տեղածին (աբորիգեն) ներկայացուցիչների պահպանման և արդյունավետ օգտագործման հետազոտություններով ոգևորված` պրոֆեսոր Պ.Ա. Ղանդիլյանը Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում 1981 թ. հիմնադրեց և մինչև իր կյանքի վերջը` 2001թ., ղեկավարեց Մշակովի բույսերի և դրանց վայրի ազգակիցների գենոֆոնդի ուսումնասիրման լաբորատորիան (հետագայում՝ հետազոտական կենտրոն):
Ամեն տարի ՀՀ տարբեր գոտիներում կազմակերպվող արշավախմբային հետազոտությունների արդյունքներով ստեղծվեց ՀՀ-ում առաջին բույսերի գենետիկական բանկը, որն այսօր ունի ամենամեծ հավաքածուն ինչպես քանակային, այնպես էլ տեսակային կազմի առումով:
Հետազոտական կենտրոնում ակտիվորեն տարվել են նաև սելեկցիոն աշխատանքներ, որոնց յուրահատկությունը կայանում է նրանում, որ ամբողջ տարածաշրջանում միակն է, որտեղ որպես ծնողական ձև՝ օգտագործվել է վայրի ազգակից հանդիսացող բույսը: Այստեղ են բուծվել և շրջանացման համար առաջարկվել աշնանացան ցորենի Ոսկեհասկ, գարու Արարատի 7, Հայկ 1 և Մարինա, ցորենաշորայի Սիս 1, հաճարի Արփի և Արևիկ, աշորայի Սյունիք 1, սխտորի Ձյունիկ և սոխի Արմավիրի սորտերը: Սրանք աչքի են ընկնում իրենց չորա և երաշտադիմացկունությամբ, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ կայուն են, որոնց համար պատասխանատու գեները ժառանգել են իրենց վայրի ծնողներից:
Նախկին Ագրոկենսատեխնոլոգիայի ԳԿ-ը իր ստեղծման օրից ունեցել է մեկ նպատակ. ՀՀ-ում զարգացնել բույսերի ժամանակակից հյուսվածքային բազմացման in vitro տեխնոլոգիաները, որպես վիրուսազերծ բուսակների ստեղծման համակարգ:
2014թ.-ից կենտրոնում գործարկվել է նաև մշակաբույսերի աճեցման աերոպոնիկայի համակարգը:
ԳԿ-ում գործող ազգային գենբանկում աշխատանքներ են տարվել հիմնականում գյուղատնտեսական մշակաբույսերի արժեքավոր սորտերի, այդ թվում ավանդական եղանակով դժվար բազմացող բույսերի սորտերի, տեսակների և եզակի նմուշների (ՊԳԲԳՌ) հավաքման, գնահատման և ex situ (սերմերով) եղանակով պահպանության ուղղությամբ:
Կենսաբանական հետազոտությունների լաբորատորիայի հիմնադրումը պայմանավորված էր գյուղատնտեսության ոլորտում բույսերի կենսատեխնոլոգիական և մոլեկուլային կենսաբանությանն առնչվող ժամանակակից հետազոտություններով, որի ձևավորման համար մեծ է եղել TEMPUS-ի ֆինանսավորումը և «Գյուղատնտեսության զարգացման համար Նորվեգիա-Հայաստան համագործակցության ծրագիրը բույսերի մոլեկուլային կենսաբանության և կենսատեխնոլոգիայի բնագավառներում»:
Ագրոէկոլոգիայի և օրգանական գյուղատնտեսության բաժինը տարիներ շարունակ կայուն հետազոտություններ է իրականացրել ՀՀ-ում շրջակա միջավայրի պահպանության և օրգանական գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ։
Այսօր արդեն միավորված և նոր՝ ՀԱԱՀ հիմնադրամի «Ագրոկենսատեխնոլոգիայի ԳԿ» մասնաճյուղը, հավատարիմ իր կազմում ներառված հետազոտական կոլեկտիվների ավանդույթներին ու ձեռքբերումներին, շարունակում է աշխատանքները հետևյալ ուղղություններով.
• Հյուսվածքային կուլտուրայի և աերոպոնիկայի մեթոդների կիրառմամբ բույսերի առողջ տնկանյութի մասսայական արտադրության տեխնոլոգիաների մշակում և կիրառում, (կարտոֆիլի, պտղատուների (ունաբ, դեղձ, նուշ և այլն), անփուշ մոշի, ելակի, խաղողի (ֆիլոքսերադիմացկուն պատվաստակալներ), ծաղկային և դեկորատիվ բույսերի (վարդ, մեխակ, քրիզանթեմ, շուշան, գլոքսենիա, մանուշակ, ֆիկուս, էուստումա և այլն), որոշ ծառատեսակների, դեղաբույսերի (միրտ, կատվախոտ, կալանխոե, ստեվիա, ֆիզալիս և այլն):
• վիրուսների իմունոֆերմենտային անալիզ (ELISA):
• ՀՀ-ում տարածված մշակաբույսերի և դրանց վայրի ազգակից հանդիսացող բույսերի առկա սերմնային հավաքածուի հարստացում և դրանց ex situ պահպանություն (կարճաժամկետ և երկարաժամկետ): Առավել հետաքրքրություն ներկայացնող ՄՎՑ-ների տարածման կարևորագույն արեալներում մոնիթորինգի կազմակերպում (GIS քարտեզների ստեղծում):
• Հացահատիկային, բանջարային մի շարք մշակաբույսերի վայրի ցեղակիցների օգտագործում սելեկցիայում: Նախասելեկցիոն աշխատանքներ (ցորեն, ցորենաշորա, հաճար, գարի, սոխ, սխտոր):
• Վայրի դեղաբույսերի և սննդում օգտագործվող ուտելի ու համեմունքային բույսերի կուլտուրականացում:
• ՀՀ-ում աբորիգեն համարվող հինավուրց սորտերի (ցորեն, գարի), սորտ-պոպուլյացիաների (սոխ, սխտոր, լոբի) վերականգնում և բարելավում:
• բույսերի in vitro պահպանություն ( վեգետատիվ բազմացող բույսեր), բույսերի in vitro սելեկցիա, գենետիկական բազմազանության ստեղծում՝ in vitro էմբրիոկուլտուրայի եւ մուտագենեզի օգտագործմամբ:
• Պահպանվող նմուշների ագրոկենսաբանական հատկանիշների գենետիկական հետազոտություններ: Ex situ պահպանվող հավաքածուում առկա նմուշների գնահատում գենային մակարդակով (barcoding)՝ գենետիկական անձնագրերի տեսքով: Ստացված տվյալների մուտքագրում համապատասխան բազաներում՝ հայկական գենոֆոնդի վերաբերյալ տեղեկատվության միջազգային հասանելիության մեծացում:
• Ուսումնասիրություններ բույսերի գենետիկական, բջջային, հյուսվածքային և օրգանային մակարդակներում կենսատեխնոլոգիական և մոլեկուլային գենետիկական հետազոտությունների մեթոդներով:
Կենտրոնը սերտ կապերի մեջ է (ICARDA, CIMMYT, Bioversity International) և համագործակցում է CGIAR միջազգային հետազոտական կենտրոնի, COST-ի (Եվրոպական համագործակցություն գիտական և տեխնիկական ոլորտներում), ՌԴ (VIR, Սանկտ-Պետերբուրգ, Նովոսիբիրսկի բջջաբանության և գենետիկայի ինստիտուտ), Բելոռուսի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Պերուի, Նիդերլանդների, Նորվեգիայի (Tromso), Վրաստանի, Սլովակիայի (Nitra, Piestany), Ճապոնիայի, Իսրայելի (Հայֆա), Ուզբեկստանի և այլ երկրների համալսարանների և գիտական հաստատությունների հետ` համատեղ գիտարշավներ կազմակերպելու, ԲԳՌ նմուշների փոխանակման, բույսերի միկրոբազմացման և այլ բնագավառներում:
Կենտրոնի հավաքածուի բազմաթիվ նմուշներ պահպանվում են Սվալբարդի (Svalbard Global Seed Vault, Նորվեգիա), CIMMYT-ի (Ցորենի և եգիպտացորենի սելեկցիայի միջազգային կենտրոն, Մեքսիկա), ICARDA-ի (Չորային երկրագործության միջազգային կենտրոն, Թունիս) գենբանկերում:
Ագրարային համալսարանը Գիտական կենտրոնի միջոցով համագործակցում է GBIF-ին անդամագրվելու համար, որի գլխավոր նպատակն է լինելու կենտրոնում պահպանվող նմուշները ենթարկել բարկոդինգի և հրապարակել GBIF ցանցում:
Հետազոտական կենտրոնը նաև գիտական կադրերի պատրաստման դարբնոց է, որտեղ կատարված աշխատանքների արդյունքներով պաշտպանվել են դոկտորական և բազմաթիվ թեկնածուական ատենախոսություններ:
Ակտիվորեն գործում է Գիտական կենտրոնի ֆեյսբուքյան կայքէջը (https:/www.facebook.com/pgrlab.anau):