Էրազմուսյան վերապատրաստում ՀԱԱՀ-ում

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ապրիլի 8-12-ը Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հյուրընկալել է Էստոնիայի կենսական գիտությունների համալսարանի անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոսներին։ Նույն օրերին հյուրընկալել ենք նաեւ Պորտուգալիայի Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնոլոգիաների եւ կիրառական գիտությունների դեպարտամենտի պրոֆեսոր Անաբելա Ամառալին եւ կենսագիտության դեպարտամենտի պրոֆեսոր Օգուստո Լանսեին։

ՀԱԱՀ միջազգային կապերի դեպարտամենտի աշխատակիցներ Զարինե Պողոսյանի եւ Օֆելյա Տերտերյանի ուղեկցությամբ հյուրերն այցելել են ՀԱԱՀ տարբեր ստորաբաժանումներ, ծանոթացել Հացի ու շոկոլադի լաբորատորիայի, Գարեջրագործության եւ թորման ուսումնափորձարարական լաբորատորիայի, ընթերցասրահի, ջերմատան, Ի-Վի-Էն գինու ակադեմիայի լաբորատորիայի եւ նորարարական այլ ենթակառույցների գործունեությանը։

Ապրիլի 10-ին պրոֆեսոր Ամառալը Գիտելիքի նորարարական հաբում գինու տեխնոլոգիա մասնագիտության ուսանողների եւ ամբիոնի դասախոսական կազմի համար կարդաց դասախոսություն եւ ներկայացրեց շնորհանդես «Պորտուգալական գինիներ․ շրջաններն ու առանձնահատկությունները» թեմայով։  Դասընթացից հետո տեղի ունեցավ պորտուգալական 3 գինիների համտես։ Ուսանողներն ու դասախոսները փորձեցին գինիները, կարծիքներ փոխանակեցին, համեմատեցին հայկական գինինների հետ։ Հյուրը պատմեց պորտուգալական գինեգործական շրջանների եւ խաղողի տեղական մշակաձեւերի ու դրանց հատկությունների մասին, իսկ մեր դասախոսները ներկայացրին hայկական խաղողագործության եւ գինեգործության առանձնահատկությունները։

Ապրիլի 11-ին ՀԱԱՀ ուսանողները, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) ուսանողների հետ, էստոնացի հյուրերին  առաջնորդեցին դեպի Հրազդանի կիրճ, որտեղ առանձին խմբերով ուսումնասիրեցին տեղի լանդշաֆտները, բուսականությունը եւ մարդկանց համար հասանելիությունը։ Նպատակը այդ վայրում հանրային օգտագործման համար այգի ստեղծելն է: Քննարկվեցին առկա խնդիրները, առաջարկվեցին լուծման ուղիներ։

Հաջորդ երկու օրերին Օգուստո Լանսեն, Ագրոէկոլոգիա մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների, անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոսների համար կարդաց դասախոսություն  «Պորտուգալական խցան․ շրջաններ, առանձնահատկություններ եւ խցանածառ (Quercus suber L.)» թեմայով եւ ներկայացրեց շնորհանդես «Ագրոսիլվապաստորային համակարգ (silvopastoral system)»,  «Այլ ագրոսիլվապաստորային համակարգերի դեպքերի ուսումնասիրություններ՝ սննդի, նյութերի արտադրության, ծառերի մեջ CO2-ի առկայության եւ կենսաբազմազանության բարձրացման համար» թեմաներով։ Օգուստեն իր հետ բերել էր ծառերի տարբեր հնության կեղեւներ։ Նա բացատրեց, թե ինչպես են ստանում խցանները, որ բնագավառներում են օգտագործում ծառերի կեղեւները, ինչպես նաեւ խոսեց ագրոսիլվապաստորային համակարգի մասին, որը շատ տարածված է Պորտուգալիայում։

Հյուրերը գոհունակություն հայտնեցին, որ հնարավորություն ունեցան քննարկելու իրենց հետաքրքող թեմաները, փորձ ու գիտելիքներ փոխանակելու, ինչպես նաեւ խորացնելու գործընկերային հարաբերությունները։ Նրանք նշեցին, որ վերապատրաստումը նաեւ հայկական մշակույթի բացահայտման լավ հնարավորություն էր: