Էրազմուսյան վերապատրաստում Ռումինիայում

ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենի կողմից համակարգվող, Եվրոմիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս + Միջազգային շարժունության ծրագրի շրջանակներում 2023 թ. հունիսի 12-ից 18-ը վերապատրաստման ծրագրով գործուղվել եմ Ռումինիայի Կլուժ Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարան:

Վերապատրաստումը տեղի ունեցավ համալսարանի Տնտեսական գիտությունների դեպարտամենտում: Դեպարտամենտի պետ, պրոֆեսոր Ֆելիքս Արիոնի հետ քննարկել ենք Կլուժ Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտու­թյան համալսարանի Տնտեսական գիտությունների դեպարտամենտի և ՀԱԱՀ Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի միջև տնտեսագիտության բնագավառում գիտական ու կրթական համագործակցության զարգացման հետագա հնարավորություններն ու մի շարք կարևոր հարցեր։

Վերապատրաստման շրջանակներում տեղի ունեցան բազմաթիվ կարևոր ու արդյունավետ հանդիպումներ համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ։

Չափազանց նշանակալից իրադարձություն եմ համարում մասնակցությունս ClusterXchange միջոցառմանը, որտեղ  EXCELIVING նախագծի շրջանակներում իրականացվում էր փորձի փոխանակում Դանիայի, Պորտուգալիայի և Իսպանիայի ընկերությունների միջև, որի նպատակն էր աջակցել ՓՄՁ-ներին՝ զարգացնելու նոր գործընկերություններ և բացահայտելու նոր բիզնես հնարավորություններ գործնականում գործող կլաստերների շրջանակներում:

Հիմնական թեման էր՝ «Համագործակցություն, միջազգայնացում, թվայնացում բնակավայրերի արդյունաբերության ընկերությունների համար»․ քննարկվեցին Transilvania Digital Innovation Hub-ի այն ծառայությունները, որոնք հասանելի են ընկերություններին, ինչպես նաև  համագործակցության հեռանկարային հնարավորությունները։ Հատկանշական էր նաև «AgroTransilvania Cluster»-ի ագրարային ոլորտում ունեցած փորձի ուսումնասիրությունը, որն, ըստ էության համարվում է Արևելյան Եվրոպայի ագրարային ոլորտում գործող խոշորագույն կլաստերներից մեկը, որի հիմնադիր ղեկավարը հանդիսանում է պրոֆեսոր Ֆելիքս Արիոնը։

Այգեգործության և բիզնեսի զարգացման ֆակուլտետում հանդիպեցի խաղողագործության և գինեգործության դեպարտամենտի ներկայացուցիչներ Կլաուդիու Բունեայի, Անկա Բաբեսի և ֆակուլտետի Էրազմուս+ համակարգող Ռոդիկա Սիմայի հետ, քննարկեցինք գինեգործության զարգացման ռումինական փորձը, ինչպես նաև տեղի ունեցավ համալսարանի արտադրության մի քանի տեսակի գինիների համտեսի արարողություն։

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում համալսարանի Էրազմուս+ համակարգող Սիմոնա Օրոսին, թիմի ներկայացուցիչ Միհաելա Նիկուլային, պրոֆեսոր Ֆելիքս Արիոնին։

Վերապատրաստումը հիանալի հնարավորություն էր նոր գիտելիքների ձեռք բերման, փորձի փոխանակման, ինչպես նաև նոր կապերի ամրապնդման համար: Շնորհակալություն եմ հայտնում ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտին ընձեռնված հնարավորության համար։

Վարդան Ալեքսանյան, Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ