Դասավանդում Բուլղարիայի Ռուսեի Անջել Կանչեւ համալսարանում

2024 թ. ապրիլի 22-ից 26-ը Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի դոցենտ Նաիրա Ալոյանը եւ ասիստենտ Նաիրա Ավետյանը մասնակցեցին Ռուսեի «Անջել Կանչեւ» համալսարանում կազմակերպված դասավանդման գործընթացին: Ծրագրին մասնակցում էին նաեւ Ղրղզստանի եւ Ուզբեկստանի համալսարաններից ժամանած դասախոսները:

Խմբի անդամներին ընդունեց Ռուսեի համալսարանի միջազգային կապերի աշխատակցուհի Միլենա Բոգդանովան, որն այցելության ամբողջ ընթացքում, ըստ անհրաժեշտության, իր օգտակար աջակցությունն էր ցուցաբերում հյուրերին: Այնուհետեւ ՀԱԱՀ գործընկերներին հյուրընկալեց միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր Գալինա Իվանովան:

Շաբաթը սկսվեց բավականին հագեցած օրակարգով, որի մեկնարկը ողջույնի խոսքով տվեց Ռուսեի համալսարանի ռեկտոր Պլամեն Կանգալովը: Նա արժեւորեց Հայաստանի, Ղրղզստանի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչների այցը Ռուսեի համալսարան, ներկայացրեց համալսարանի արժեքներն ու զարգացման հեռանկարները եւ հույս հայտնեց, որ համալսարանների միջեւ հետագա համագործակցությունը շարունակական բնույթ կունենա:

Տեղի ունեցան մասնագիտական կարեւոր նշանակություն ունեցող մի շարք աշխատանքային հանդիպումներ․ մասնավորապես, ՀԱԱՀ-ի ներկայացուցիչները հանգամանալից զրույց ունեցան ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գենչո Պոպովի հետ, որի ընթացքում տեղեկացան համալսարանում իրականացվող ուսումնական գործընթացի առանձնահատկությունների, դասավանդման եւ ուսումնառության մեթոդների, կիրառվող կրեդիտային համակարգի, ուսումնական պլանների մասին, որից հետո պրոֆեսոր Պոպովը ներկայացրեց հիդրավլիկայի լաբորատորիան եւ առկա սարքավորումները: Նա մեծ ջերմությամբ էր խոսում լաբորատորիայի մասին, վերհիշում այնտեղ իրականացված գիտական աշխատանքները եւ ափսոսանք հայտնում, որ ուսանողների քանակը տարեցտարի կրճատվում է:

Հնարավորություն ունեցան նաեւ ծանոթանալու համալսարանի նոր ենթակառուցվածքներին, այդ թվում՝ նորարարական կենտրոնին, որտեղ ուսանողի ստեղծած ռոբոտը զարմացրեց հյուրերին: Կենտրոնի հագեցվածությունը թույլ էր տալիս նորագույն համակարգչային տեխնիկայի եւ ծրագրակազմերի օգնությամբ մանրակրկիտ ուսումնասիրություններ կատարել բազմաթիվ գիտական թեմանեի ուղղությամբ:

Աշխատանքային շաբաթվա ընթացքում ՀԱԱՀ պատվիրակության անդամները նախօրոք ծրագրված եւ համաձայնեցված թեմաների շուրջ («ԵՏՀ-ն եւ գյուղատնտեսական ճարտարագիտությունը», «Աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների գծով նոր համատեղ թեկնածուական ծրագրեր») դասախոսություններ ներկայացրեցին համապատասխան մասնագիտությունների ուսանողների համար:

Միջազգային շաբաթվա ընթացքում նախատեսված էր նաեւ «Կրթության թվային փոխակերպում երկրորդ ազգային գիտագործնական խորհրդաժողով – խնդիրներ եւ լուծումներ, գնահատում եւ հավատարմագրում» խորագրով համաժողովը, որին մասնակցեցին նաեւ շարժունության մասնակիցները:

Տեղի ունեցան նաեւ ճանաչողական այցեր, որոնց ընթացքում ամբողջական պատկերացում ձեւավորվեց երկրի մշակույթի, պատկերացումների եւ աշխարհընկալման վերաբերյալ:

Շաբաթվա ընթացքում ստացած տպավորությունները, տեղեկությունները, դասավանդման փորձը միանշանակ կիրառվելու են հետագայում՝ մասնագիտական գործունեության մեջ: