Ապրելով Գայզենհայմում՝ գինու մշակույթի մաս ես դառնում․ Էրազմուսյան փորձը Գերմանիայում

Որպես Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանողներ հնարավորություն ունեցանք մասնակցելու Erasmus+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրին եւ մեկ ուսումնական տարի սովորել Գերմանիայի Գայզենհայմի համալսարանում: Եվ այժմ ուրախ ենք մեր փորձը հաղորդել, որը ձեռք ենք բերել մեկ տարի ապրելով եւ սովորելով այնտեղ։

Շնորհիվ ՀԱԱՀ եւ Գայզենհայմի համալսարանի միջազգային գրասենյակների՝ մեկնումը եւ ժամանումը եղել են առանց խնդիրների։ Հիացած ենք Գերմանիայի պատասխանատուների հյուրընկալությամբ եւ մեզ օգնելու պատրաստակամությամբ։

Գայզենհայմը փոքրիկ եւ կոլորիտային քաղաք է, որը գտնվում է Գերմանիայի հայտնի գինեգործական շրջաններից մեկի՝ Ռեյնգաու շրջանի սրտում։ Այնտեղ մարդկանց առօրյան մեծապես կապված է խաղողի մշակման եւ գինու արտադրության հետ։

Ապրելով Գայզենհայմում՝ ինքնըստինքյան սիրահարվում ես գինու մշակույթին։ Ի դեպ, ուսանողական հանրակացարանը շրջապատված էր խաղողայգիներով, որոնք ամեն առավոտ մեզ ներշնչում էին բացահայտել գինու հետաքրքիր եւ խորհրդավոր արվեստը։

Բացի գինու մշակույթից, քաղաքը հայտնի է նաեւ միջազգային գյուղատնտեսական համալսարանով, որը ամեն տարի իր հյուրընկալ դռներն է բացում աշխարհի տարբեր ծայրերից ժամանած բազմաթիվ ուսանողների առջեւ։

Կրթական ծրագիրը հետաքրքիր եւ բովանդակալից էր հնարավորություն էր տալիս բացահայտել նորանոր փաստեր, որոնք այնքան էլ հասանելի չեն այլ աղբյուրներում: Այն մեզ հասանելի դարձրեց գինու արտադրությոքւնը՝ խաղողի վազից մինչեւ գինու վաճառք։ Մասնակցելով տարբեր դասընթացների (գինեգործություն, գինու քիմիա, գինու մարկետինգ, միջազգային գինեգործություն եւ այլն) մենք գործնական գիտելիքներ ձեռք բերեցինք միջազգային տարածում ունեցող խաղողի տեսակների մասին, խորապես ուսումնասիրեցինք գինու արտադրության՝ աշխարհում ընդունված մեթոդները, որոնք օգտագործվում են յուրահատուկ գինիների պատրաստման համար։ Մեկ առ մեկ ծանոթանալով գինու աշխարհահռչակ տարածաշրջանների հետ եւ դրան զուգահեռ՝ համտեսելով դրանց բնորոշ գինիները, մենք նորովի բացահայտեցինք գինու մշակույթը։

Բազմաթիվ փակ համտեսների ընթացքում համտեսեցինք  գնային տարբեր սեգմենտների զանազան գինիներ, որի շնորհիվ սովորեցինք գին-որակ-պահանջարկ կապերի եւ գինու ոլորտում մարկետինգի կարեւորության մասին։ Այցելելով միջազգային շուկայում մեծ դեր եւ տասնամյակների փորձ ունեցող գինեգործարաններ՝ մոտիկից ծանոթացանք արտադրողի առջեւ ծառացող խնդիրներին, շուկայի կառուցվածքի մշտական փոփոխություններին եւ սպառողի նախընտրությունների հետ գործ ունենալու տարատեսակ ռազմավարություններին։

Տեղին է շեշտել դասախոսական կազմի պրոֆեսիոնալիզմը եւ ամեն հարցում ուսանողներին օգնելու նրանց պատրաստակամությունը:

Բացի մասնագիտագան աճի լուրջ հնարավորություններից, մենք ձեռք բերեցինք բազմաթիվ ընկերներ՝ աշխարհի տարբեր ծայրերից, որոնց հետ անմոռանալի օրեր ապրելով եւ մոտիկից ծանոթանալով տարբեր մշակույթներին՝ ընդլայնեցինք մեր աշխարհայացքը։

Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ շնորհիվ Erasmus+ ծրագրի, մենք թե՛ մասնագիտական, եւ թե՛ անձնական աճի աննախադեպ հնարավորություն ունեցանք։ Այս փորձը մեզ կշահադրդի հետագա կարիերայում, ինչպես նաեւ օգտակար կլիի այլ ուսանողների համար՝ այսպիսի բացառիկ հնարավորություններից անպայման օգտվելու առումով։

 

Գրիգոր Ալթունյան եւ Տիգրան Մուրադյան

Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն մասնագիտության  ուսանողներ