Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Պարենային անվտանգության Եվրասիական կենտրոնը դեկտեմբերին կազմակերպեց հերթական վերապատրաստումը պարենային անվտանգության ոլորտում դասավանդողների համար։ Վերապատրաստման հիմնական նպատակը դեպքերի ուսումնասիրման (case study) միջոցով դասավանդման նոր մեթոդների և մոտեցումների ուղղությամբ դասախոսական անձնակազմի հմտությունների զարգացումն էր։ ՀԱԱՀ-ից վերապատրաստմանը մասնակցեցին Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դասախոս Մերի Մանուչարյանը, Ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի ասիստենտ Ծաղկանուշ Միրզոյանը և ԱՍՓ, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ամբիոնի դոցենտ, ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանը։ Բացի մեր համալսարանից, վերապատրաստմանը մասնակցեցին նաև դասախոսներ Ռուսաստանից, Ղազախստանից և Ղրղստանից։
Չնայած հեռավար ձևաչափին, դասընթավարները հանդիպումները կազմակերպեցին հնարավորինս ինտերակտիվ՝ տարատեսակ տեղեկատվական և ինտերնետ տեխնոլոգիաների օգտագործման, ակտիվ քննարկումների, ինքուրույն աշխատանքների հանձնարարման միջոցներով։ Մասնակիցները ծանոթացան տարբեր կրթական պլատֆորմներին, որոնց միջոցով հնարավոր է նույնիսկ հեռավար եղանակի դեպքում ակտիվ կապ ապահովել ուսանողների հետ, նրանց անմիջապես ներգրավել դասավանդման գործընթացում՝ լսողի դերից դարձնելով ուսումնառության ակտիվ մասնակից։ Այդպիսի պլատֆորմներ, ինչպիսիք են quizizz.com-ը, nearpod.com-ը, menti.com-ը ոչ միայն ուսանողներին ներգրավում են դասընթացում, այլև ինտերակտիվ ու հետաքրքիր են դարձնում ուսուցման գործընթացն ընդհանրապես։ Ընդ որում, դրանք կարող են կիրառվել դասերի ինչպես դեմառդեմ տարբերակի, այնպես էլ հեռավար եղանակի դեպքում։
Ամենակարևորը, որ քննարկվեց վերապատրաստման ընթացքում, դեպքերի ուսումնասիրման միջոցով ուսումնական գործընթացի կազմակերպումն էր։ Պետք է շեշտել, որ այս դեպքում ուսանողները ոչ միայն ծանոթանում են տվյալ ոլորտում առկա հիմնախնդիրներին, այլև քննարկումների միջոցով վերհանում են դրանց լուծման տարբերակներ, զարգացնում են որոշումներ կայացնելու, թիմային աշխատանքի, նյութի ներկայացման հմտություններ, ինչն այդքան պակասում է ներկայիս ուսանողների մեծամասնության մոտ։
Մասնակիցները ներկայացրեցին նաև իրենց՝ ոլորտային դեպքերի ուսումնասիրման միջոցով դասերի կազմակերպման տարբերակները, որոնք ամփոփվեցին նրանց կողմից կազմված տեսանյութերում։ Ակտիվ քննարկումները, տեսակետների փոխանակումը, «սովորել սովորեցնելով» մոտեցումը հանդիսացան այս արդյունավետ վերապատրաստման անբաժանելի մասը։
Նման վերապատրաստումը ևս մեկ անգամ փաստեց այն, որ անկախ դասախոսական աշխատանքի երկարատևությունից, միշտ կան նորություններ, որոնց պետք է ծանոթանա կրթական համակարգի աշխատողը։
- 05/02/2021
- 2021