Այս շաբաթ Էրազմուս + ծրագրի շրջանակում ՀԱԱՀ էին ժամանել Էստոնիայի կենսագիտությունների համալսարանի պրոֆեսոր Դեվիդ Առնին և Պորտուգալիայի Կաստելո Բրանկոյի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսորներ՝ Կատարինա Մարիա Գավինյոսը և Մարիա Մարգարիտա Րիբեիրոն։
Դեվիդ Առնին դասավանդում է անասնաբուժություն, պրոֆեսոր Գավինյոսը՝ մաթեմատիկա, իսկ պրոֆեսոր Րիբերիոն՝ անտառագիտություն։ Այցի առաջին օրը հյուրերն այցելեցին ՀԱԱՀ միջազգային կապերի դեպարտամենտ, որտեղ հանդիպեցին ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին, առաջատար մասնագետներ Զարինե Պողոսյանին և Սուսաննա Հայրապետյանին։ Հյուրերը ՄԿԴ աշխատակիցների հետ քննարկեցին Հայաստանում, Էստոնիայում և Պորտուգալիայում բարձրագույն կրթության զարգացման տենդենցները, ներկայացրեցին իրենց մասնագիտական հետաքրքրությունները։
Այնուհետև պորտուգալացի հյուրերը հանդիպեցին Ագրոբիզների դեպարտամենտի փոխտնօրեն Սուսաննա Մեժլումյանին, ով մանրամասն ներկայացրեց դեպարտամենտի գործունեությունը, տրամադրած դասընթացները, որակավորումները և Տեխասի A&M համնալսարանի հետ համագործակցությունը։ Ագրոբիզնեսի դեպարտամենտի լսարաններից մեկում էլ պրոֆեսոր Մարգարիտա Րիբեիրոն դեպարտամենտի ուսանողներին ներկայացրեց Կաստելո Բրանկո քաղաքի տեսարժան վայրերը, Կաստելո Բրանկոյի պոլիտեխնիկական ինստիտուտի կառուցվածքը, և իհարկե խոսեց իր կատարած հետազոտության մասին, որը վերաբերում էր կլիմայի փոփոխության արդյունքում բույսերի վերացմանը։ Դասախոսությունից հետո ուսանողները հնարավորություն ունեցան ուղղել իրենց հետաքրքրող հարցերը շրջակա միջավայրի պահպանության մասին պորտուգալացի դասախոսին։ Նույն օրը հյուրերը այցելեցին ՀԱԱՀ տարբեր ստորաբաժանումներ, որտեղ ծանոթացան տարբեր ենթակառուցվածքների գործունեությանը՝ հացի ու շոկոլադի լաբորատորիային, գարեջրագործության և թորման ուսումնափորձարարական լաբորատորիային, ընթերցասրահին, ագրիթեքին և այլն։
Երեքշաբթի օրը հյուրերը մասնակից եղան Հայաստանի ազգային ագրարային համալսարանում Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնի բացման արարողությանը՝ «Փափուկ հմտությունների զարգացումը որպես զբաղվածության հիմնական գործիք» նախագծի շրջանակում։ Հյուրերը լսեցին գործընկեր համալսարանների ներկայացուցիչների կարճ ներկայացումները, փոխնախարար Մարտիրոսյանի, ռեկտոր Ուռուտյանի բացման խոսքերը, ինչպես նաև նորաբաց կենտրոնում վերոհիշյալ մոդուլների վերաբերյալ ներկայացումները, որոնք ներկայացվեցին Ագրարային համալսարանի վերապատրաստված մասնագետների կողմից։
Չորեքշաբթի օրը Էստոնացի պրոֆեսոր Դեվիդ Առնին դասախոսություն կարդաց անասնաբուժական ֆակուլտետի ուսանողների համար։ Դասախոսությունն անցավ շատ աշխույժ և ջերմ մթնոլորում, ուսանողներն ակտիվ քննարկեցին մատուցված նյութը։
ՀԱԱՀ ուսանողներին և դաախոսական կազմին իր հետազոտությունները ներկայացրեց նաև պորֆեսոր Կատարինա Գավինյոսը, որը վերաբերում էր գյուղատնտեսության մեջ մաթեմատիկական հաշվարկներին։ Ընդ որում, վերոհիշյալ երկու դասախոսությունները մաս կազմեցին ՀԱԱՀ-ում կազմակերպվող ուսանողական միջազգային գիտական շաբաթին։ Դասն ավարտելուց հետո հյուրերը այցելեցին թեստային կենտրոն, ընթերցասրահ և ջերմատուն, որտեղ համտեսեցին ջերմատան բարիքները։
Շարժունությունն ավարտվեց հավաստագրերի հանձմամբ։ ՄԿԴ-ն շնորհակալություն է հայտնում պորֆեսորներ Դեվիդ Առնեյին, Կատարինա Մարիա Գավինյոսին և Մարիա Մարգարիտա Րիբեիրոյին իրենց հետաքրքիր հետազոտությունները ՀԱԱՀ ուսանողների և դասախոսների հետ կիսելու համար։