ԵՄ Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում հունիսի 23-29-ը ՀԱԱՀ Մորֆոլոգիայի եւ կենդանագիտության ամբիոնի վարիչ Ժիրայր Չիթչյանը եւ «Օրգանական գյուղատնտեսության հզորացում Հայաստանում. Մասնակցային բարձրագույն կրթություն եւ գիտելիքի փոխանակում հանուն զարգացման» (SOAA) ծրագրի համակարգող Լուսինե Նալբանդյանը վերապատրաստման այցով գտնվել են Վիեննայի BOKU համալսարանում: SOAA ծրագրի շրջանակում վերապատրաստմանը մասնակցել են նաև օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրում դասավանդող դասախոսներ Ռուդիկ Նազարյանը, Նաիրա Ավետյանը և Արեգնազ Նազարեթյանը:
Այցի առաջին օրը հագեցած էր դասավանդման եւ գնահատման մեթոդների, ծրագրի արդյունքների կայունության ապահովման վերաբերյալ քննարկումներով։ Տեղի են ունեցել հանդիպում-քննարկումներ ծրագրի ավստրիական կողմի համակարգող Միլենա Կլիմեկի եւ ծրագրի ղեկավար Մարիա Վուրզինգերի հետ։
Այցելության 2-րդ օրը մեր համալսարանականներն այցելել են BOKU համալսարանի փորձարարական տնտեսություն, որտեղ գիտական որոշ փորձեր ունեն 100 եւ ավելի տարվա պատմություն: Պրոֆեսոր Ռայնհարդ Նոյգշվանդտների ղեկավարությամբ ուսեւմնասիրել են գյուղատնտեսության ժամանակակից գործելակերպերն ու գիտական հետազոտությունների մեթոդաբանությունը, կազմակերպումն ու իրականացումը: Մեր թիմին ներկայացվել են նորարարական փորձեր եւ ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկա, որոնք խոստանում են ձեւավորել գյուղատնտեսության ապագան: Այցելության 3-րդ օրը նշանավորվել է Վիեննայում եւ մերձակայքում գտնվող երկու հիանալի տնտեսություններ՝ Biohof Osterer եւ Prentlhof էքսկուրսիաներով: Այս այցելությունները բացառիկ հնարավորություն էին ՀԱԱՀ թիմի համար՝ ծանոթանալու հարակայուն գյուղատնտեսությանը, օրգանական գյուղատնտեսությանը եւ տեղական սննդի արտադրությանը:
Վիեննայից դուրս գտնվող Biohof Osterer-ը օրգանական գյուղատնտեսության փայլուն օրինակ է: Այն հայտնի է իր արտադրանքի բազմազան տեսականիով, ներառյալ շուրջ 60 տեսակի թարմ բանջարեղեն, մրգեր եւ խոտաբույսեր։ Biohof Osterer-ը աշխատում է պահպանել հողի առողջությունը եւ կենսաբազմազանությունը: Տնտեսության նվիրվածությունը հարակայուն գործելակերպին երաշխավորում է նրանց արտադրանքի ոչ միայն ախորժահամությունը, այլեւ էկոլոգիակսն մաքրությունը:
Վիեննայի գեղատեսիլ լանդշաֆտում գտնվող Prentlhof-ը հարուստ պատմությամբ ընտանեկան ագարակ է: Այն մասնագիտացած է հիմնականում բուսաբուծության մեջ՝ առաջարկելով թարմ մթերքներ, հատիկաընդեղեն մշակաբույսեր, բարձրորակ հաց եւ ձու։ ՀԱԱՀ թիմը հնարավորություն ունեցավ տեսնելու հավերի ազատ պահվածքը եւ ծանոթանալու շուկայավարման եւ առաջմղմանն ուղղված նրանց ջանքերին:
Այս այցելությունները ամրապնդեցին մասնակիցների պատկերացումները հարակայուն եւ օրգանական գյուղատնտեսության գործելակերպերի մասին:
Այցելության 4-րդ օրը Օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրում դասավանդող դասախոսների համար անցկացվել է հատուկ ուսումնական պլանով նախատեսված դասընթաց BOKU համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդրա Ստրոս-Սիբերտի գլխավորությամբ: Բացի այդ, պրոֆ. Ստրոս-Սիբերթը մի քանի առցանց վերապատրաստման դասընթացներ կանցկացնի Օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրում դասավանդող դասախոսների ողջ խմբի համար: Օրվա 2-րդ մասը նվիրված էր խմբային քննարկումներին, որի ժամանակ արծարծվել են Ակունքի ՈՒՓՏ-ում գործնական դասընթացների կազմակերպումը առանձին առարկայական ծրագրերի մասը դարձնելու հնարավորությունները:
Այցի 5-րդ օրը շատ յուրահատուկ էր, քանի որ խումբը առավոտյան օրգանական գյուղատնտեսության վերաբերյալ կարճ դասընթացների կազմակերմանը նվիրված քննարկումներից հետո հնարավորություն ունեցավ այցելելու Վիեննայի հիվանդանոցային թաղամասին կից գործող թերապեւտիկ այգի: Այգում աշխատում էին հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները՝ բուժական անձնակազմի հետ միասին: Այգին երկար տարիների պատմություն ունի եւ ստեղծվել է կամավորների միջոցով, այնուհետեւ այգեգործության թողած դրական ազդեցությունը պատճառ էր հանդիսացել, որ այգին մաս կազմի բուժական գործընթացների։
Ընդհանուր առմամբ վերապատրաստման այցը գերհագեցած էր, լի տարբեր հանդիպում-քննարկումներով, հետաքրքիր էքսկուրսիաներով եւ ներկայացումներով: ՀԱԱՀ միջազգային կապերի դեպարտամենտում լիահույս են, որ վերապատրաստման մասնակիցները կոգեշենչվեն եւ կկարողանան ներդնել ձեռք բերված փորձն ու գիտելիքները՝ Օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագիրն ավելի գրավիչ եւ ներառական դարձնելու համար: