Էրազմուս+ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում, 2022 թվականի մայիսի 23-ից մինչ մայիսի 27-ը վերապատրաստվել ենք Ռումինիայի Բանատի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (Ռումինիա)։ Ագրարային համալսարանի պատվիրակությունը ներկայացնում էին «Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի» ամբիոնի ասիստենտ, անասնաբուժ.գ.թ. Սոնա Ծառուկյանը և «Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի» ամբիոնի պրոֆ․, տ․գ․դ․ Արա Ամիրյանը
Վերապատրաստման առաջին օրը տարբեր երկրներից (Ալբանիա, Մարոկկո, Մոնղոլիա, Հաիթի, Եգիպտոս, Մոլդովա, Բոսնիա-Հերցեգովինա, Հորդանան, Լեհաստան և այլն) ժամանած հյուրերի հետ մասնակցել ենք Eramus+ միջազգայնացման դեսպանները՝ միասին հանուն կանաչ ապագայի գիտաժողովի բացման և աշխատանքային նիստերին։ Գիտաժողովը մեկնարկեց Բանատի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարան ռեկտոր պրոֆ․ Կոսմին Ալին Պոպեսկուի ողջույնի խոսքով, որը ներկայացրեց համալսարանի պատմությունն ու առաքելությունը, ինչպես նաև համալսարանի միջազգայնացման քաղաքականությունը։
Գիտաժողովին մասնակցելուն զուգընթաց այցելել ենք հյուրընկալող համալսարանի տարբեր ֆակուլտետներ և հետազոտական հարթակներ, ծանոթացել ենք համալսարանի ուսումնական և գիտական բազային, բուհի կրթական ռեսուրսներին և կարողություններին, ծանոթացել և շփվել ենք հյուրընկալող համալսարանում Էրազմուս+ ծրագրի շրջանակում տարբեր երկրներից (Հաիթի, Ուզբեկիստան, Մարոկկա, Եգիպտոս և այլն) սովորող ուսանողների հետ։ Գիտաժողովին մասնակցող երկրներից ժամանած հյուրերի հետ մասնակցել ենք քննարկումների՝ հնարավոր համագործակցությունը Eramus+-ի և հետազոտական նախագծերի շրջանակում, ներկայացնելով մեր համալսարանը, մեր մշակած նախագծերը։ Այցելության ընթացքում կազմակերպվեցին նաև կլոր սեղաններ, խմբային քննարկումներ, որոնք գլխավորապես միտված էին համալսարանների միջև փոխգործակցության հնարավորությունների ընդլայնմանը, մեր համալսարանների հետագա համագործակցության հնարավորությունները միջազգայնացման և շարժունության ավելացման ուղղությամբ նոր ուղիների ստեղծման հնարավորություններին։
Սոնա Ծառուկյանը մասնակցել է նաև հյուրընկալող համալսարանի անասնաբուժական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Նարցիսա Մեդեռլիի դասախոսությանը, այցելել է համալսարանի անասնաբուժական կլինիկան, կլինիկական լաբորատորիաներում ականատես է եղել այդտեղ իրականացվող դասերին։ Այցի ընթացքում եղել ենք նաև Համալսարանի ուսումնափորձնական տնտեսության ձկնաբուծարանում։
Պրոֆ․ Արա Ամիրյանը հետաքրքիր հանդիպումներ ուեցավ համալսարանի ճարտարագիտական մասնագետների հետ, այցելեց համալսարանի մեքենա-տրակտորային պարկը, ծանոթացավ մասնագիտացված լսարանների առկառեսուրսների, դասավանդման և ուսումնառության մեթոդներին։
Հարկ է նշել հյուրընկալող համալսարանի կազմակերպչական բարձր մակարդակը, անձնակազմի բարյացակամ և պրոֆեսիոնալ մոտեցումը: Վերապատրաստումը սկիզբ դրեց նոր ծանոթությունների, նոր գիտելիքների և փորձի, ինչպես նաև նոր երկրի ու մշակույթի բացահայտման:
Ա․ Ամիրյան
Ս․ Ծառուկյան