Վերապատրաստում Վալյադոլիդի համալսարանում

2023թ․ ապրիլի 17-21 Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ տվյալագիտության և ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչներ Հակոբ Խաչատրյանը և Վարդան Ալեքսանյանը վերապատրաստման նպատակով մեկնել էին Իսպանիայի Վալյադոլիդի համալսարան։ Այդ օրերին նույն նպատակով հյուրընկալող համալսարանում էին նաև ներկայացուցիչներ տարբեր երկրների համալսարաններից։

Յուրաքանչյուր մասնակցի համար նախապես նշանակված էր համապատասխան մասնագետ, ով պետք է մեկ շաբաթ համակարգեր վերապատրաստման աշխատանքները։

Բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Ուրսիկինո Կարասկալ Արազը, ով դասավանդում է վիճակագրություն առարկան կցված էր տվյալագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Հակոբ Խաչատրյանին։ Կոմերցիայի ֆակուլտետի պրոֆեսոր, ֆակուլտետի միջազգային կապերի համակարգող Վիկտոր Տեմպրանոն կցված էր ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ Վարդան Ալեքսանյանին։

Վերապատրաստման շաբաթը բավականին հագեցած էր, որի շրջանակում ՀԱԱՀ ներկայացուցիչներից յուրաքանչյուրը մասնակցել է համապատասխան առարկաների դասապրոցեսներին, ունեցել քննարկումներ առարկայական ծրագրերի, դասավանդման և գնահատման մեթոդների վերաբերյալ։ Հանդիպումներ են տեղի ունեցել նաև ֆակուլտետների միջազգային կապերի ներկայացուցիչների հետ։ Ապրիլի 21-ին ուղիղ տեսակապով մեկ ժամ տևողությամբ եղել է նաև քննարկում տվյալագիտության ամբիոնի դասախոսական կազմի հետ, ովքեր հնարավորություն ունեցան տալ իրենց հուզող հարցերը և ստանալ պատասխաններ։ Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել առցանց ևս մեկ ծրագրային վերապատրաստում կազմակերպել ամբիոնի դասախոսների համար, որը կվերաբերի գործնական և լաբորատոր դասերը բջջային հավելվածով հետևելու եղանակներին․ այն կիրառվում էր հյուրընկալող համալսարանի պրոֆեսորի կողմից։ Արդյունավետ քննարկումներ են եղել  մարքեթինգային առարկաների դասավանդման և առարկայական ծրագրերի առանձնահատկությունների վերաբերյալ։

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ կատարել համատեղ գիտական աշխատանքներ և հանդես գալ համատեղ գիտական հոդվածներով։

Էրազմուսի մասնակիցներն իրենց շնորհակալությունն են հայտնում ՀԱԱՀ-ին, հատկապես միջազգային կապերի դեպարտամենտին նման հնարավորություն ընձեռելու համար, ինչպես նաև հյուրընկալող համալսարանին, կազմակերպիչներին և հատկապես պրոֆեսորներ Ուրսիկինո Կարասկալ Արազին և Վիկտոր Տեմպրանոյին։