Անցյալ շաբաթ ՀԱԱՀ-ն հյուրընկալեց Յագելոնյան համալսարանի դասախոս՝ տնտեսագիտական ֆակուլտետի պրոֆեսոր Քրիստոֆ Բերբեկային, ով Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում համալսարան էր ժամանել դասավանդման նպատակով։ Նրա հետաքրքրության ոլորտներն են՝ բնապահպանական կայունություն, հանրային քաղաքականություն և կանոնակարգեր, ջրային ենթակառուցվածքների ֆինանսավորում, ֆինանսական հոսքերը ջրային ոլորտում։
Այցի առաջին օրը պրոֆեսորն այցելեց ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտ, որտեղ հանդիպեց դեպարտամենտի պետ Գ․ Համբարձումյանին և աշխատակից Զ․ Պողոսյանին։ Նրանք ներկայացրեցին համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումները, կրթական համակարգն ու նորարարությունները, օնլայն հարթակների կիրառումն ու դրանց նշանակությունը հատկապես հեռավար ուսուցման ընթացքում, ինչպես նաև ՀԱԱՀ-ի միջազգային համագործակցության ներկայիս հնարավորություններն ու առկա ծրագրերը։
Մեր հյուրն այցելեց նաև ագրոտեխնոլոգիական ինկուբատոր, որտեղ հանդիպեց ինկուբատորի ծրագրի համակարգող Ս․ Հայրապետյանին, ով ներկայացրեց ինկուբատորի աշխատանքը, ինչպես նաև SMARTI Էրազմուս+ ՀԳ2 ծրագիրն իր վերջնարդյունքներով։ Այնուհետև իրականացվեց այցելություն ՀԱԱՀ տարբեր ստորաբաժանումներ, որտեղ մեր հյուրը ծանոթացավ տարբեր ենթակառուցվածքների գործունեությանը` գիտական գրադարան, նոր բացված գինու և հացի ու շոկոլադի լաբորատորիա, տեստային կենտրոն և այլն։
Հաջորդ օրերի ընթացքում մեր հյուրը Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում իրականացրեց դասավանդում։
Շարժունության վերջին օրը պրոֆեսոր Քրիստոֆ Բերբեկան հանդիպում ունեցավ նաև ՄԿԿԲ աշխատանքների գծով պրոռեկտոր Մ․ Մովսիսյանին, ով ներկայացրեց ՀԱԱՀ-ում կատարվող կրթական բարեփոխումները և համալսարանում ստեղծվող նոր ենթակառուցվածքները։ Ք․ Բերբեկան ներկայացրեց Յագելոնյան համալսարանը, որից հետո ծավալվեց քննարկումներ կրթական և գիտական աշխատանքների իրականացման և դրանց արդիականացման վերաբերյալ։ Քննարկվեցին նաև հետագա համագործակցության ընդլայնման և ամրապնդման բոլոր հնարավոր ուղիները։ Հյուրի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության շարունակման ուղղությամբ, քանի որ երկու համալսարաններն էլ պատրաստակամ են այդ հարցում։