Միջազգային կապերի դեպարտամենտը հետևողականորեն համալրում է ոչ միայն համագործակցող համալսարանների ցանկը, այլև երկրները։ Ընդամենը 10 օր առաջ նոր միջազգային համագործակցության հիմք դրվեց, այս անգամ՝ Սերբիայի հետ։ Սերբիան Էրազմուս+ ծրագրային նոր երկրներներից է և այստեղ է կարևորվում հենց այս երկրի հետ համագործակցությունը։
Ս/թ հունիսի 13-17-ին ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում հյուրընկալվեց Շաբացի կիրառական գիտությունների ակադեմիայում։ Մասնավորապես, հիմնական այցը կատարվեց վերոհիշյալ ակադեմիայի Գյուղատնտեսության, բիզնեսի և տուրիզմի դեպարտամենտում, ինչը ակադեմիայի 3 հիմնական դեպարտամենտներից մեկն է։ Այն իրականացնում է հետևյալ կրթական ծրագրերը․ մենեջմենթ, անասնաբուժություն, բույսերի պաշտպանություն, պտղաբուծություն և գինեգործություն, տուրիզմ, շրջակա միջավայրի պաշտպանություն և կենսատեխնոլոգիա։
Հանդիպումները բազմաթիվ էին և բավականին արդյունավետ։ Վերոհիշյալ դեպարտամենտի պետ, դոկտոր Վերա Ռասկովիչի հետ քննարկվեցին հայաստանյան և սերբիական կրթական համակարգերը, գնահատման համակարգերը, ուսանողների ընդգրկման հիմնահարցերը, նյութատեխնիկական բազաների առկայությունն ու հասանելիությունը, ինչպես նաև ուսանողների պրակտիկաների կազմակերպման հարցերն ու դրանցում առկա մարտահրավերների հաղթահարման ուղիները։ Անգլերենի դասախոս Նադա Նիկոլայեվիչի հետ քննարկվեցին օտար լեզուների ուսուցման մեթոդաբանությունն ու հիմնախնդիրները։ Պարզ էր, որ երկու երկրներում էլ բուհական համակարգում օտար լեզուների իմացության մակարդակը բավարար չէ և տարբեր հաստատություններ տարբեր մեթոդներով ցանկանում են խթանել դրա մակարդակը թե ուսանողների, և թե աշխատակիցների շրջանում։ Գ․ Համբարձումյանը ներկայացնեց ՀԱԱՀ-ում այդ ուղղությամբ իրականացված և իրականացվող քայլերը։
Կենդանագիտության պրոֆեսոր Միելնա Միլոշեվիչի հետ քննարկվեցին համատեղ հետազոտական աշխատանքներ իրականացնելու հնարավորությունները և ակնկալվում է, որ նա պատասխան այցով կայցելի ՀԱԱՀ։
Հանդիպումներ եղան նաև կենսաբան Միլան Գլիշիցի, միջատաբան Ստեֆան Մարկովիչի և այլ դասախոսների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին համագործակցության հնարավորությունները։
Ցանկացած էրազմուսյան այց ենթադրում է ոչ թե միակողմանի, այլ երկկողմանի վերապատրաստում։ Քանի որ Շաբացի ակադեմիայի միջազգայնացման համար պատասխանատու մարմինը և անձնակազմը դեռ նորակազմ էր, Գ․ Համբարձումյանը բավականին երկար ժամանակ տրամադրեց՝ բացատրելով և ցուցադրելով մեր համալսարանում միջազգայնացման և միջազգային ծրագրերի համակարգման մեխանիզմները, Էրազմուս+-ի համակարգման և շարժունության իրականացման մեխանիզմները, տվյալների բազաներ ունենալու դրական կողմերն ու դրանց հնարավորությունները, կրեդիտային ճանաչման առանձնահատկությունները և այդ ճանապարհին ծառացող խոչընդոտները։
Մեկ հատուկ օր տրամադրված էր ՀԱԱՀ-ի վերաբերյալ շնորհանդեսի ներկայացմանը։ Ներկա 40-50 ուսանողներին և աշխատակիցներին Գ․ Համբարձումյանը ներկայացրեց ՀԱԱՀ-ի տեսլականը, կրթական ծրագրերը, գիտական ուղղություններն ու հնարավորությունները, նորարարական կենտրոնները, ինչպես նաև միջազգային ծրագրերը։ Հյուրընկալող համալսարանի խնդրանքով Գ․ Համբարձումյանը առանձին շնորհանդեսով ներկարացրեց նաև Հայաստանի պատմությունը, լեզուն, կրոնը, մշակույթը, ազգային առանձնահատկությունները։
Շատ հետաքրքիր և ուսուցողական էր նաև այցը գյուղատնտեսության բարձրագույն դպրոց։ Այն իրավաբանորեն կապ չունի Շաբացի ակադեմիայի հետ, սակայն քանի որ այդ երկու հաստատությունները տգնվում են իրար մոտ, նրանք սերտորեն համագործակցում են իրար հետ։ Բարձրագույն դպրոցն առանձնահատուկ էր իր կազմակերպչական և կրթական ծրագրերով և խիստ տպավորիչ։ Դպրոցը (նաև՝ ակադեմիան) գտնվում էր քաղաքի արվարձանում, ուներ մի քանի տասնյակ հեկտար հողատարածք, սեփական ձիաբուծարան և ձիարշավարան, տարատեսակ ընտանի և վայրի կենդանիներ՝ այծեր, տավար, ավանակներ, ջայլամներ, աղվես, թութակներ, եղնիկներ․․․ անհնար է թվարկել բոլորը, ինչպես նաև ջերմատներ, պտղատու այգիներ և այլն։ Սակայն ո՞րն էր ամենատպավորիչը։ Այդ ամենը մշակվում և խնամվում էր դպրոցի աշակերտների կողմից՝ համապատասխան մասնագետների հսկողությամբ։ Այցի ժամանակ նկատելի էր, թե ինչպես են աշակերտները՝ համապատասխան արտահագուստներով, մաքրում կենդանիներին, խնամում ծաղիկներն ու պտղատու ծառերը, խոտհարքից բերում հավաքված խոտը և այլն։ Շաբացի բարձրագույն դպրոցը իր հնարավորություններով և կազմակերպչական կառուցվածքով գերազանց օրինակ է նմանատիպ այլ հաստատությունների համար։
Շաբացի ակադեմիայի գործընկերների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ համագործակցությունը կլինի շարունակական և դրա արդյունքները կտեսնենք մոտ ապագայում։ Քանի որ մեկ այլ միջազգային այցով Շաբացում էր նաև Հյուսիսային Մակեդոնիայի համալսարաններից մեկը ներկայացուցիչը ևս, նրա հետ ևս համագործակցություն սկսելու պայմանավորվածություն ձեռք բերվեց։