ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱԲԱԹ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԳԱՅԶԵՆՀԱՅՄԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, ԵՄ կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում 2023 թվականի հունիսի 12-16-ը Գայզենհայմի համալսարանում կազմակերպվող առաջին միջազգային շաբաթին մասնակցելու համար ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի տնօրեն Արթուր Գրիգորյանը, Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Մարո Դեթլոֆֆը և Բուսաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի ասիստենտ Ամալյա Իսկանդարյանը գործուղվեցին Գերմանիայի Գայզենհայմի համալսարան: Միջազգային շաբաթին մասնակցում էին 31 պատվիրակներ տարբեր երկրներից` Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Կոսովո, Ալբանիա:

Գայզենհայմի համալսարանի միջազգային գրասենյակի ղեկավար Սոնյա Թիլեմաննի և աշխատակիցների հետ հանդիպումից ու մասնակիցների գրանցումից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ համալսարանի նախագահ, պրոֆեսոր Հանս Ռայներ Շուլցը՝ ներկայացնելով նաև Գայզենհայմի համալսարանի պատմությունը և զարգացումը։

Աշխատանքային հինգ օրերը հագեցած էին Էրազմուսյան համագործակցության և փոխանակման ծրագրերի վերաբերյալ հետաքրքիր հանդիպումներով և քննարկումներով։ Միջազգային շաբաթի երկրորդ օրը կազմակերպվեց մասնակիցների այցելություն Գայզենհայմի համալսարանի հետազոտական հաստատություններ՝ ծանոթանալու հետազոտությունների նորարարական եղանակներին և կիրառվող արդիական սարքավորումներին, որտեղ դասախոսություններով հանդես եկան Բանջարաբոստանային մշակաբույսերի դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր Յանա Ցինկերնագելը՝ ներկայացնելով միկրո լիզիմետր սարքի գործունեությունը, Խաղողագործության դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր Մանֆրեդ Սթոլլը՝ ներկայացնելով FACE-ի (Free Air Carbon Dioxide Enrichment & AgriPV Viti-Voltaic) գործողության մեխանիզմը, Գինու և խմիչքների բիզնեսի դեպարտամենտի պրոֆեսոր Գերգելի Սզոլնոկին՝ ներկայացնելով գինու բիզնեսի ոլորտում գիտահետազոտական նախագծերը։ Այնուհետև կազմակերպվեց քննարկում՝ Գայզանհայմի համալսարանում գործընկեր համալսարանների շրջանավարտների հետ աշխատանքի ամրապնդում թեմայով: Նիստին հրավիրված և ներկա էին նաև Գայզանհայմի համալսարանում «Միջազգային գինու բիզնես» ծրագրով սովորող գործընկեր համալսարանների էրազմուսյան ուսանողները, մասնավորապես, ՀԱԱՀ «Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն» կրթական ծրագրով 3-րդ կուրսի ուսանողուհի Աննա Բաբայանը։

Միջազգային շաբաթը հագեցած էր էրազմուսյան համագործակցության և փոխանակման ծրագրերի վերաբերյալ հետաքրքիր հանդիպումներով, քննարկումներով, դասախոսություններով և փորձի փոխանակմամբ։ Գայզենհայմի համալսարանի Խաղողագործության դեպարտամենտի ղեկավար Մանֆրեդդ Սթոլլը ներկայացրեց «Vinifera Euromaster» մագիստրոսական կրթական ծրագիրը, միջազգային մարքեթինգի կառավարման պրոֆեսոր Ջոն Հանֆը՝ «Միջազգային գինու բիզնես» բակալավրիատի կրթական ծրագիրը և շարժունության հնարավորությունները, իսկ պրոֆեսոր Մորից Վագները՝ Գայզենհայմի համալսարանում դասավանդման և հետազոտության հարակայունությունը, որոնց շուրջ կազմակերպվեցին քննարկումներ։ Այնուհետև մասնակիցները բաժանվեցին նախապես որոշված 2 խմբի՝ կանաչ և կարմիր։ Կանաչ խմբի մասնակիցները ներկա գտնվեցին պրոֆեսոր Ջոն Հանֆի «Գինու համաշխարհային շուկաներ» դասախոսությանը և պրոֆեսոր Գերգելի Սզոլնոկիի «Գինու միջազգային պրոֆայլներ» գործնական դասին, որի ընթացքում Գայզենհայմի համալսարանի ուսանողների մի խումբ իրենց հանձնարարական-աշխատանքի շրջանակներում գինու կույր համտեսի և գնահատման համար ներկայացրեցին «Chardonney» խաղողի տեսակից պատրաստված տարբեր երկրների գինիներ, իսկ մասնակիցները համտեսի միջոցով գնահատեցին և համեմատեցին գինիները։ Կարմիր խումբը մասնակցեց «Էրազմուս+ խթանում և կառավարում-լավագույն փորձ» սեմինար-քննարկմանը, այցելեց Էնոլոգիայի դեպարտամենտ և գինու մառան՝ մասնակցելով նաև գինու համտեսի։

Միջազգային շաբաթը հագեցած էր նաև պատմամշակութային շրջագայություններով։ Գայզենհայմի համալսարանի միջազգային շաբաթի կազմակերպիչները կազմակերպել էին նաև հետաքրքիր այցեր «Eberbach Monastery», Գայզենհայմի համալսարանի հետ համագործակցող «Hessian State Wineries» խաղողի այգիներ՝ ներառյալ գինու համտես, «Weingut Kloster Eberbach», «Unesco world heritage site Upper Middle Rhine Valley», «Loreley visitor center»,  «Niederwald Monument»։

Միջազգային շաբաթն ավարտվեց համագործակցության հնարավորությունների ամփոփման, փակման նիստով, որի ընթացքում մասնակիցներին հանձնվեցին մասնակցության հավաստագրերը։ Գայզենհայմի համալսարանը մասնակիցներին հրաժեշտ տվեց՝ համագործակցության շարունակման և նոր հանդիպումների սպասումով։ Գայզենհայմի համալսարանի կողմից կազմակերպված 1-ին միջազգային շաբաթվա արդյունքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար։ Միջազգային շաբաթին մասնակցությունը հիանալի հնարավորություն էր նոր գիտելիքների ձեռք բերման, փորձի փոխանակման, ինչպես նաև նոր կապերի ամրապնդման համար:

Արթուր Գրիգորյան

Մարո Դեթոֆֆ

Ամալյա Իսկանդարյան