Զառա Էդուարդի Հարությունյան
գյուղ.գիտ.թեկնածու
Վարիչ
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
ՀԱԱՀ, I մասնաշենք - (+37494) 664461
[email protected]
Պատմությունը և նպատակը
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան հիմնադրվել է 2018 թվականին՝ ՀԱԱՀ-ի Գյուղատնտեսության, սննդի անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության կենսատեխնոլոգիաների լաբորատորիայի (TEMPUS ծրագիր) և Նորվեգիայի Միջազգային Համագործակցության և Կրթության Կենտրոնի (SiU) կողմից ֆինանսավորվող Եվրասիա 2016 CPEA-LT-2016/10092 ծածկագրով «Գյուղատնտեսության զարգացման համար Նորվեգիա-Հայաստան համագործակցության ծրագիր բույսերի մոլեկուլային կենսաբանության և կենսատեխնոլոգիայի բնագավառներում» երկարաժամկետ ծրագրի շրջանակում՝ ժամանակակից տեխնիկական և մեթոդական բազայի հիման վրա:
Լաբորատորիայի հիմնադրումը պայմանավորված էր գյուղատնտեսության ոլորտում բույսերի կենսատեխնոլոգիային և մոլեկուլային կենսաբանությանն առնչվող ժամանակակից կենսաբանական հետազոտություններով, ինչը խիստ էական է կյանքի որակի և չափանիշների բարելավմանը միտված սկզբունքային նշանակության ուղղություններով իրականացվող հետազոտությունների համար: Լաբորատորիայի հիմնումը պայմանավորված էր նաև ոլորտի համար որակյալ կադրեր պատրաստելու անհրաժեշտությամբ:
Լաբորատորիայի գիտական հետազոտություններն ուղղված են բույսերի ex situ ուսումնասիրությանը, պահպանմանը, սելեկցիայի և բջջային ակտիվության մեխանիզմների կարգավորմանը: Ուսումնասիրությունները տարվում են գենետիկական, բջջային, հյուսվածքային և օրգանային մակարդակներում:
Կենսատեխնոլոգիական մեթոդներ՝
- ադվենտիվ ընձյուղներով պրոլիֆերացում,
- գագաթնային (ապիկալ) մերիսթեմի մեթոդ,
- սոմատիկ էմբրիոգենեզի և սոմատիկ փոփոխականության մեթոդները,
- կալուսային կուլտուրայի մեթոդ,
- միկրոկլոնալ բազմացում:
Մոլեկուլային գենետիկական հետազոտությունների մեթոդներ`
- ԴՆԹ-ի անջատում CTAB մեթոդով,
- ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիա) կլասիկ և իրական ժամանակում,
- հորիզոնական գել էլեկտրաֆորեզ,
- սպեկտրոֆոտոմետրիկ չափումներ:
Գիտահետազոտական ծրագրեր
Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագիր» 2018-2019 թթ. ծրագրի շրջանակներում՝ «Գիտական կենտրոնի պահպանում և զարգացում» Կենսաբանական հետազոտությունների լաբորատորիայում կատարվում են in vitro պայմաններում բույսերի ուսումնասիրություններ՝ կիրառելով կալուսային մեթոդը և սոմատիկ էմբրիոգենեզը ռեգեներանտ բույսերի ստացման նպատակով։ Որոշվում է բույսերի տարատեսակ էքսպլանտների մորֆոգենետիկական ներուժը, ֆիտոհորմոնների ազդեցությունը կալլուսի աճի և ռեգեներացիոն ներուժի վրա։ Կատարվում է գագաթնային (ապիկալ) մերիսթեմի մեթոդով in vitro պայմաններում առողջացված (վիրուսազերծ) տնկանյութի ստացում: Յուրաքանչյուր գենոտիպի համար մշակվում է in vitro միկրոբազմացման մեթոդի տեխնոլոգիան: Իրականացվում են լոլիկի ՊՇՌ մեթոդով ուսումնասիրություններ՝ կիրառելով համապատասխան ԴՆԹ մարկերներ:
2017 թվականից Նորվեգիայի Տրոմսոյի Արկտիկական համալսարանի (UiT), Նորվեգիայի Կենսաէկոնոմիկայի ինստիտուտի (NIBIO) և Երևանի պետական համալսարանի մասնակցությամբ մեկնարկել է՝ Եվրասիա 2016 CPEA-LT-2016/10092 ծածկագրով «Գյուղատնտեսության զարգացման համար Նորվեգիա-Հայաստան համագործակցության ծրագիր բույսերի մոլեկուլային կենսաբանության և կենսատեխնոլոգիայի բնագավառներում» երկարաժամկետ ծրագիրը: Ծրագրի հիմնական ուղղվածությունն է նպաստել գիտահետազոտական, ուսումնական և վերապատրաստման աշխատանքներում ուսանողների ակտիվ ներգրավվածությանը։
Ծրագրի շրջանակներում իրականացվում են պիլոտային գիտական ծրագրեր ուսանողների ակտիվ մասնակցությամբ՝
- վայրի հապալասի (Vaccinium uliginosum L., Vaccinium myrtillus L․) մշակության մեջ ներդնելու հնարավորությունը և կիրառությունները,
- վայրի ելակը (Fragaria vesca L.) որպես սելեկցիոն ելանյութ,
- որոշ ծաղկատեսակների (Iris iberica subsp. Elegantissima, Tulipa sosnovskyi) և Crocus ենթադասին պատկանող տեսակների մշակության մեջ ներդնելու հնարավորությունները:
Լաբորատորիայում կազմակերպվում են տեսական և լաբորատոր դասընթացներ՝ բույսերի կենսատեխնոլոգիայից և մոլեկուլային կենսաբանությունից, ինչպես նաև մասնագիտական անգլերենից: