Մալթայի արվեստի, գիտության եւ տեխնոլոգիայի քոլեջում էրազմուսյան շարժունության շրջանակում Ագրոնոմիական ֆակուլտետի փոխդեկան Սասուն Մամաջանյանի եւ Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի վարիչ Արման Հարությունյանի այցելությունը հագեցած էր հանդիպումներով եւ քննարկումերով ոչ միայն քոլեջի անձնակազմի, ստորաբաժանումների ղեկավարների, այլեւ դրա շրջանակներից դուրս՝ ագրարային ոլորտին առնչվող գիտահետազոտական կենտրոնների եւ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։ Այցելության առաջին օրը Էրասմուս+ նախագծերի եւ շարժունության դեպարտամենտի տնօրեն Լուիս Աքուիլինայի եւ հայաստանյան պատվիրակության օրակարգերի համակարգող Անետա Պեյոսկայի կողմից ներկայացվեցին քոլեջի կառավարման համակարգը, ստորաբաժանումները, ենթակառուցվածքները, լսարանային ռեսուրսները, լաբորատորիաները, գրադարանը եւ ուսումնական գործընթացի կազմակերպման տրամաբանությունը։ Ներկայացվեցին նաեւ առաջիկա ծրագրերը, որոնք ուղղված են լինելու համալսարանի ենթակառուցվածքների եւ ուսումնական գործընթացի կատարելագործմանը։ Շարժունության առաջին օրը ավարտվեց Կիրառական գիտությունների ինստիտուտի փոխտնօրեն Կառլ Մոնտեբելլոյի հետ հանդիպմամբ եւ տվյալ ինստիտուտում իրականացվող կրթագիտական ուղղությունների մասին ներկայացմամբ եւ քննարկումներով։ Հետագայում հանդիպումները շարունակվեցին քոլեջի Գյուղատնտեսության, ակվակուլտուրայի եւ կենդանագիտության գիտական կենտրոնում, տնօրեն Մարկո Դիմեքի հետ։ Այցելության տարբերիչ առանձնահատկություններից էր այն, որ հյուրընկալող կողմը եւս մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում մեր երկրի եւ համալսարանի փորձի նկատմամբ։ Մասնավորապես, Մարկո Դիմեքը ցանկություն հայտնեց ՀՀ այցելելու եւ ծխախոտի աճեցման եւ վերամշակման տեխնոլոգիային ծանոթանալու համար, քանի որ Մաթայում նման փորձը բացակայում է։ Փոխադարձ հետաքրություն ներկայացրեց նաեւ հանդիպումը Մալթայի Օրգանական եւ կայուն սննդի ազգային դեսպան Սոնյա Սամմութի հետ։ Սոնյան ներկայացրեց Մալթայի 2023-2030 օրգանական սննդամթերքի ապահովման գործողությունների ծրագիրը եւ հետաքրքրվեց նաեւ ՀՀ փորձով։ ՀԱԱՀ ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրեցին Հայաստանում եւ, մասնավորապես, ՀԱԱՀ-ում իրականացվող գործընթացները օրգանական գյուղատնտեսության խթանման ուղղությամբ։ Առանձնահատուկ հետաքրքրություն եւ օգտակարություն էին պարունակում այցելությունները ֆերմերային տնտեսություններ, որոնք մասնագիտացած էին մասնավորապես ագրոտուրիզմի, խաղողի արտադրության, օրգանական սննդամթերքի արտադրության ուղղությամբ։ Արդյունավետությունը հատկապես պայմանավորված էր այն բանով, որ անմիջապես ֆերմերից կարելի էր ստանալ տեղեկատվություն գործունեության մեթոդների եւ առկա խնդիրների վերաբերյալ։ Հանդիպումների մի մասը կազմակերպել էր «Մերիլ Էկոտուրեր» կազմակերպությունը, որի ներկայացուցիչները եւս հաղորդակից դարձրեցին իրենց փորձին։ Մալթայի Սննդամթերքի գործակալության ղեկավար Բրիան Վելլայի հետ մանրամասնորեն քննարկվեցին ձկնաբուծական արտադրանքի իրացման եւ շուկայահանման, ֆերմերային տնտեսությունների հետ համագործացության մեխանիզմները։ Առանձնահատուկ էին նաեւ հանդիպումները Մալթայի գինեգործության եւ խաղողագործության հետազոտական կենտրոնում։ Ներկայացվեց հետազոտական կենտրոնի գործունեությունը, որի հիմնական նպատակներից մեկը Մալթայի խաղողի տեղածին մշակաձեւերի հայտնաբերումը, պահպանումն ու տարածումն է։ Այցելություն կազմակերպվեց նաեւ գիտական կենտրոնի կազմում գործող Բուսկետ գինեգործարան։ ԲիոԱքվաԳարդեն այցելության ընթացքում ներկայացվեցին ակվապոնիկ եղանակով բանջարեղենի արտադրության նորարարական տեխնոլոգիաները, ձկնաբուծության կազմակերպման փակ համակարգը։ Անմոռանալի էր այցելությունը Մալթայի ամենահին՝ Մարսովին գինու գործարան։ Այցը կարեւոր էր ոչ միայն մշակութային, այլեւ գինու տուրիզմի փորձի յուրացման տեսանկյունից։ Մշակութային միջոցառումների շարքում էր այցելությունը Մդինա եւ Ռաբաթ քաղաքներ։ Շարժունության ամեն օրը տարբեր էր, բազմաբնույթ, բազմաբովանդակ, եւ դժվար է պատկերացնել, որ հինգ օրերի ընթացքում հնարավոր էր այդ ամենի մասնակիցը դառնալ։ Էրասմուսյան շարժունության շրջանակում այցելությունը Մալթայի արվեստի, գիտության եւ տեխնոլոգիայի քոլեջ անկրկնելի էր արդյունավետության եւ հագեցվածության տեսանկյունից։ Մալթա կղզու տարբեր հատվածներում գտնվող հետազոտական կենտրոններ եւ ագրարային ոլորտին առնչվող պետական կառույցներ այցերը նաեւ հնարավորություն տվեցին առավել լայն պատկերացում կազմել երկրի մասին՝ աշխարհագրական եւ մշակութային տեսանկյունից։ Ուսանելի կարելի է համարել նաեւ այն փորձը, որ Մալթայում հետազոտական եւ կառավարական մարմինները տեղաբաշված են տարբեր համայնքներում՝ մեկ տեղում կենտրոնացված լինելու փոխարեն։

- 09/06/2025
- 2025