Ողջույն, ես Ալլան եմ՝ ՀԱԱՀ Խմորման տեխնոլոգիաների արտադրություն եւ գինեգործություն հեռակա երրորդ կուրսից։ Մեծ հաճույքով կցանկանայի ձեզ հաղորդակից դարձնել իմ էրազմուսյան փորձին ու աննկարագրելի գեղեցիկ ժամանակին, որ ունեցել եմ չորս ամիսների ընթացքում՝ Բեժայի Պոլիտեխնիկական ինստիտուտում։
Հայաստանի ազգային ագրարային համալսարան ընդունվելու որոշմանս հիմնական կռվաններից մեկը եղել է այն փաստը, որ մեր համալսարանը լայն հնարավորություն է ընձեռում ուսումը արտերկրում շարունակելու համար։ Էրազմուսին դիմելը եղել է շատ պատահական ու անսպասելի։ Ծրագրի մասին տեղեկացել եմ բ.գ.դ., պրոֆ Հասմիկ Եղիազարյանի միջոցով։ Միասին ներկա գտնվեցինք Միջազգային կապերի դեպարտամենտի կազմակերպած հանդիպմանն ու որոշումս դարձավ միանշանակ։ Սկզբից մի փոքր բարդություններով, բայց Միջազգային կապերի դեպարտամենտի աջակցությամբ վերջապես հասա Պորտուգալիա՝ արեւի, ջերմության ու չքնաղ ծովափերի երկիր։ Առաջին իսկ պահից զգացել եմ պորտուգալացիների մեծ ցանկությունը՝ օգնելու ամեն հարցում, որոշ մարդիկ անգամ անգլերեն չիմանալով փորձում էին օգտակար լինել։
Ինչպես սովորաբար լինում է, առաջին մի քանի օրվա մշակութային ցնցումից հետո սկսում ես կարոտել ընտանիքդ, հայրենիքդ, բայց ընթացքում հարմարվում ես ամեն ինչին ու սկսում վայելել սովորելու, ուսումնասիրելու, հայրենիքից դուրս՝ այլ երկրում, այլ միջավայրում ապրելու ամեն օրդ։
Դասերը էրազմուսյան ուսանողների համար կազմակերպվում էր առանձին ձեւաչափով, բայց ունեինք նաեւ առարկաներ տեղացի ուսանողների հետ, որը նրանց մշակույթին մոտիկից ծանոթանալու ավելի մեծ հնարավորություն էր։ Դասերը ե՛ւ գործնական, ե՛ւ տեսական էին։ Դասախոսները միշտ պատրաստակամ էին օգնելու ու մասնագիտական ուղղություն ցույց տալու հարցում։
Այսպիսով, եթե ուզում ես դիմել Էրազմուս+-ի, բայց վախ կա օտար երկրում եւ նոր միջավայրում սովորելու, ապա վստահ կարող եմ ասել՝ կոտրի՛ր կարծրատիպերդ, բա՛ց եղիր բոլոր հնարավորությունների ու առաջարկների, նոր արժեքների ու գիտելիքների առաջ։ Քանզի Էրազմուս+-ի միջոցով նորովի ես բացահայտում քեզ, հայրենիքդ, ամբողջ աշխարհն ու ընտրածդ մասնագիտությունը։ Դառնում ես ավելի ինքնուրույն, հասուն, նոր գիտելիքներով զինված ու մասնագիտական նոր բարձունքներ գրավելու մեծ ցանկությամբ լեցուն։
Էրազմուսի ամբողջ հմայքով հանդերձ, խորհուրդ կտամ չսահմանափակվել միայն դրանով։ Ես հնարավորություն ստացա մասնակցել միջազգային եւս մեկ ծրագրի՝ «Link Me Up» Demola Էրազմուսի շրջանակում, շրջագայել մի քանի երկրներում, ձեռք բերել մի մեծ միջազգային ընտանիք՝ լի նոր ու հետաքրքիր մշակույթներով ու լեզուներով։ Ընկերական միջավայրի մասին կարող եմ անվերջ խոսել։ Ունենում էինք միջազգային երեկոներ, որտեղ պատիվ եմ ունեցել ազգս ներկայացնելու, ճամփորդում էինք միասին ու հաղորդակից լինում մեկս մյուսի զգացմունքներին ու ապրումներին։
Հեռակա ուսուցման մասին թյուր կարծրատիպերը կոտրելով ու ոչ մի «գրամ» անգամ չզղջալով՝ կարող եմ միանշանակ ասել, որ ունեցել եմ կյանքիս ամենաանմոռանալի, զգացմունքային փոփոխականությամբ ու բացահայտումներով լի չորս ամիս։ Լիովին հասկանալով «երբեմն պատահում է այն, ինչին ամենաքիչն ես սպասում, բայց ամենից շատ դրա կարիքն ունես» խոսքերը, վստահաբար կարող եմ ասել՝ ԽԻԶԱԽԻ՛Ր ու կտեսնես, որ կյանքդ 180° դեպի դրականն է փոխվում։
Ալլա Պողոսյան
Խմորման տեխնոլոգիաների արտադրություն եւ գինեգործություն, 3-րդ կուրս