Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում 2023 թ.-ի հունիսի 12-ից մինչև 16-ը մասնակցել եմ վերապատրաստման Տերամոյի համալսարանում (Իտալիա)։
Հանդիպման առաջին օրը ծանոթացել եմ հյուրընկալող համալսարանի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի, կենսաբանության և սննդամթերքի տեխնոլոգիաների ստորաբաժանման պրոֆեսոր Ռոսաննա Տոֆալոյի հետ, ով ներկայացրեց համալսարանի ուսումնական և գիտական բազան, բուհի կրթական ռեսուրսներն ու կարողությունները, ինչպես նաև վերապատրաստման օրակարգը:
Հաջորդ գործնական այցս պրոֆեսոր Պիերինա Վիշիանոյի ուղեկցությամբ եղել է Սննդի քիմիական անվտանգության և շրջակա միջավայրի լաբորատորիա (Զոոպրոֆիլակտիկ ինստիտուտ): Տերամոյի համալսարանը և Զոոպրոֆիլակտիկ ինստիտուտը ունեն մի շարք համատեղ հետազոտական ծրագրեր՝ կապված սննդամթերքի և կերերում քիմիական մնացորդների հետ: Լաբորատորիայի աշխատակից Ռոբերտա Ռոսատոն ներկայացրեց Սննդի անվտանգության եվրոպական մարմնի (EFSA) պահանջներով տվյալների հավաքագրումը և լավագույն փորձի օրինակները:
Հանդիպել եմ պրոֆեսոր Անտոնելլո Պապարելլայի հետազոտական թիմի հետ: Հետազոտական աշխատանքները վերաբերվում էին տարբեր տեսակի սննդամթերքի մանրէաբանական վտանգներին: Ուշագրավ էր համալսարանի ուսանողների և հետազոտողների համար տարբերակված լաբորատորիաների գերհագեցվածությունը, ինչպես նաև ուսանողների ներգրավվածությունը հետազոտական աշխատանքների մեջ:
Հատուկ ցանկանում եմ նշել վերապատրաստման կազմակերպչական բարձր մակարդակը, անձնակազմի բարյացակամ և պրոֆեսիոնալ մոտեցումը: Շարժունության կարևոր արդյունք եմ համարում դասախոսական կազմի փորձի փոխանակումը, դասավանդման առանձնահատկություններին, նորարարական մոտեցումներին ծանոթանալը և շարունակական համագործակցության ամրապնդումը: Դասընթացից ձեռք բերված փորձը կօգտագործվի ամբիոնում դասավանդվող առարկաների բարելավման համար և մեծ ուշադրություն կդարձվի գործնական աշխատանքներին, ինչպես նաև կկազմակերպվի փորձի փոխանակում գործընկերների հետ: Այս դասընթացը սկիզբ դրեց նոր ծանոթությունների, նոր գիտելիքների և փորձի, ինչպես նաև նոր երկրի ու մշակույթի բացահայտման:
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտին և հյուրընկալող համալսարանին՝ հագեցած և արդյունավետ վերապատրաստում կազմակերպելու համար:
ԱՍՓ, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ամբիոնի վարիչ, ան.գ.թ., դոցենտ՝ Սիրանուշ Ալթունյան