Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ս․թ․ հունիսի 19-23-ը միջազգային հարթակում դասավանդման հաջորդ փորձառությունս Շչեցինի համալսարանում էր (Լեհաստան)։ Հաստատության յոթ ֆակուլտետում ուսումնառում է շուրջ տասնմեկ հազար ուսանող։ Համալսարանի Ֆիզիկայի, մաթեմատիկայի և բնագիտության ֆակուլտետի կառուցվածքում գտնվող Կենսաբանության ինստիտուտը կրթություն է կազմակերպում Կենսաբանություն, Կենսատեխնոլոգիա, Դատաբժշկական կենսաբանության հիմունքներ կրթական ծրագրերով բակալավրի և մագիստրոսի մակարդակներում։
Շչեցինի համալսարանում իմ դասախոսությունների կազմակերպումը համակարգում էր պրոֆեսոր Պաուլինա Նիեդզեդզկան, ով միաժամանակ տնօրինում է համալսարանի դոկտորական դպրոցը։ Հաճելի անակնկալ էր, երբ այցի ժամանակ համալսարանի Կենսաբանության ինստիտուտի բոլոր ամբիոններում հանդիպեցի իմ դասախոսությունների թեմատիկ ժամանակացույցի հայտարարությունը։ Թեև արդեն մեկնարկել էր քննաշրջանը, որն այդ համալսարանում իրականացվում է գրավոր քննության մեխանիզմով, այդուհանդերձ դասախոսությունները կազմակերպվեցին հաջողությամբ՝ ունկնդիրները Կենսաբանություն, Կենսատեխնոլոգիա կրթական ծրագրերում ուսումնառող բակալավրի և մագիստրոսի ուսանողներն ու ասպիրանտներն էին։ Գործընկերներս ցավով էին փաստում, որ Շչեցինում բնագիտություններով հետաքրքրվողները սակավաթիվ են, փոխարենը առավել պահանջված մասնագիտություններն են տնտեսագիտությունը, իրավագիտությունն և բժշկությունը։ Այդ առումով համալսարանը քայլեր է ձեռնարկում բնական գիտությունների կարևորությունը շեշտադրելու՝ կիրառական ոլորտում ծառայելու հնարավորությունները ներկայացնելու և առավել գրավիչ դարձնելու առումով։
Կենսաբանների համար առավել թիրախային և հետաքրքրական էր “Օրգանիզմի մոլեկուլային դիզայնը” թեմայով դասախոսությունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեռախոսն ուսանողների “սիրելի աքսեսուարներից է”, հարցիս արդյոք՞ բոլորն իրենց մոտ ունեն հեռախոս, մասնակիցները ոգևորությամբ և փոքր ինչ զարմանքով դրական արձագանքեցին։ Որպեսզի հարցադրումս պարզ լինի, խնդրեցի առավել ուշադիր լինել, քանի որ ավարտին նախատեսվում է խաղի վրա հիմնված էլեկտրոնային միկրոուսումնառության գործիքի կիրառումը, որը ստուգում է ունկնդրի ուշադրության և ընկալման աստիճանը։ Խոսքը գնում է Socrative գործիքի մասին, որն ունի առանձին հարթակներ՝ նախատեսված դասախոսի և ուսանողի համար։ Նախապես յուրաքանչյուր դասախոսության համար կազմել էի էլեկտրոնային խաղը, որին մասնակցելու համար ուսանողները մուտք են գործում դասախոսի սենյակ, ստանում համապատասխան խաղային հարցադրումներ, պատասխանում և տեղում՝ հետադարձ կապի միջոցով ստանում ճշգրիտ պատասխանը։ Խաղի ավարտին դասախոսն իր հարթակով ցուցադրում է յուրաքանչյուրի վաստակած միավորները։ Կարող է արդյոք՞ ընթերցողը պատկերացնել ուսանողների ոգևորությունը խաղին մասնակցելու, ճշգրիտ պատասխանները քննարկելու և ամփոփ միավորները ստանալու ողջ ընթացքում։ Գործընկերներս վկա լինելով ոգևորությանը, հետաքրքրվեցին գործիքի կիրառման մեխանիզմով՝ իրենց դասընթացներին կիրառելու նպատակով։ Ի դեպ, այս փորձը ես ուսումնառել էի դասավանդման հերթական այցի ժամանակ, Շոտլանդիայի արևմտյան համալսարանի գործընկերներից։
Ուշագրավ է, որ Էրազմուսի շրջանակում դասավանդումն ինձ համար փոխուսուցման լայն հնարավորություն է ոչ միայն անգլերենով դասավանդելու կարողությունները զարգացնելու, այլև համատեղ հետագա հետազոտություններ կատարելու և համագործակցության նոր եզրեր ուրվագծելու նպատակով։ Այդ առումով, երախտապարտ եմ ՀԱԱՀ և Շեցինի համալսարանի համագործակցությունն իրականացնող ստորաբաժանման՝ Միջազգային կապերի դեպարտամենտի գործընկերներին թե´ հնարավորություն ընձեռելու և թե շարժունության բոլոր մանրամասները հաշվի առնելու և այն պատշաճ կազմակերպելու համար։
Կենսագիտության և ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ, կ․գ․դ․ Գ․Մարմարյան