Այս շաբաթ ՀԱԱՀ-ը հյուրընկալեց Ալմերիայի համալսարանի (Իսպանիա) պրոֆեսոր Սիրինե Դաուսիին, ով Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում համալսարան էր ժամանել դասավանդման նպատակով։ Պրոֆեսորը մասնագիտացված է լեզվաբանության, կիրառական լեզվաբանության, տեխնիկական թարգմանության, զբոսաշրջության և հնչյունաբանության ոլորտներում։
Այցի առաջին օրը պրոֆեսորն այցելեց ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտ, որտեղ հանդիպեց դեպարտամենտի պետ Գ․ Համբարձումյանին, աշխատակիցներ Զ․ Պողոսյանին և Ս․ Հայրապետյանին։ Նրանք ներկայացրեցին պրոֆեսորի այցի ժամանակացույցը, նախատեսվող գործողությունները, ինչպես նաև վերապատրաստումներին և դասախոսություններին վերաբերող կազմակերպչական հարցերը։
Մեր հյուրն այցելեց ագրոտեխնոլոգիական ինկուբատոր, այնուհետև իրականացվեց այցելություն ՀԱԱՀ տարբեր ստորաբաժանումներ, որտեղ մեր հյուրը ծանոթացավ տարբեր ենթակառուցվածքների գործունեությանը` նոր բացված գինու և հացի ու շոկոլադի լաբորատորիա, գարեջրագործության և թորման ուսումնափորձարարական լաբորատորիա, տեստային կենտրոն, ընթերցասրահ և այլն։
Հաջորդ երկու օրերի ընթացքում Սիրինե Դաուսին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի համար անցկացրեց «Հրապարակել գիտությունը՝ ինչպե՞ս, որտե՞ղ և ե՞րբ» (Publishing science: how, where and when?), «Ինչպե՞ս գրել ազդեցիկ հոդվածներ» (How to build an efficient article) թեմաներով բաց դասախոսություններ։
Պրոֆեսոր Դաուսին հայտնեց իր երախտապարտությունը մասնակիցների ակտիվ մասնակցության և ներգրավվածության համար։