ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, ԵՄ-ից ֆինանասավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ս․թ․ ապրիլի 8-12-ը դասավանդման նպատակով հյուրընկալվել էի Ավեյրույի համալսարանում (Պորտուգալիա): Այցիս մեկնարկը տրվեց համալսարանի միջազգային կապերի գրասենյակում, որտեղ ինձ ջերմորեն ընդունեց ծրագրի պատասխանատու Պաուլա Խավիերը, որը ներկայացրեց համալսարանի գործունեությունը՝ ուղղորդելով ինձ համալսարանի կազմում գտնվող Հաշվապահական հաշվառման եւ կառավարման բարձրագույն ինստիտուտ (ISCA)․ այն բակալավրի և մագիստրոսական կրթություն է կազմակերպում «Մարքեթինգ», «Հաշվապահական հաշվառում» եւ «Ֆինանսներ» կրթական ծրագրերով։ Այստեղ էլ դասավանդեցի «Մարքեթինգ» մասնագիտության տարբեր կուրսերում՝ ըստ նախնական պայմանավորվածության եւ դասացուցակի։
Ավեյրույի համալսարանում իմ դասախոսությունների կազմակերպումը համակարգում էր պրոֆեսոր Քրիստինա Պեգուինհոն։ Պրոֆեսորը ներկայացրեց Ավեյրույի համալսարանի մաս կազմող Հաշվապահական հաշվառման եւ կառավարման բարձրագույն ինստիտուտի կառուցվածքը, կրթական ծրագրերը՝ նշելով, որ վերջին տարիներին ավելի է աճել հետաքրքրությունը «Մարքեթինգ» մասնագիտության նկատմամբ։ «Մարքեթինգ» մասնագիտական կրթական ծրագրով ուսուցումն իրականացվում է բակալավրիատի ցերեկային եւ երեկոյան կուրսերում, մագիստրատուրայում, ինչպես նաև տարբեր երկրներից էրազմուսյան ծրագրերով Ավեյրույի համալսարանում «Մարքեթինգ» կրթական ծրագրով մեկ կամ երկու կիսամյակով ուսումը շարունակող ուսանողներից բաղկացած կուրսերում։ Պրոֆեսոր Պեգուինհոն նշեց, որ այս մասնագիտության ուսանողներն իրենց ակտիվությամբ տարբերվում են այլ մասնագիտությունների ուսանողներից, իսկ «Մարքեթինգ» մագիստրոսական կրթական ծրագրով կրթություն ստանալու համար ուսանողները դիմում են հիմնականում բակալավրիատի այլ մասնագիտություններից։
Հաջորդ օրերին՝ ըստ նախատեսված ժամանակացույցի և նախապես հաստատված թեմաներով 8 ժամ դասախոսություններով հանդես եմ եկել «Մարքեթինգ» մասնագիտության բակալավրի և մագիստրատուրայի ցերեկային և երեկոյան համակարգերի, ինչպես նաև տարբեր երկրներից ժամանած Էրազմուսյան ուսանողներից բաղկացած 4 տարբեր կուրսերում՝ «Սպառողական վարքագիծ», «Շուկայի հետազոտություն» և «Միջազգային մարքեթինգ» առարկաների շրջանակներում: «Մարքեթինգ» մասնագիտության կուրսերում ուսանում էին Պորտուգալիայի տարբեր շրջաններից, ինչպես նաև Բրազիլիայից, Վենեսուելայից, Չեխիայից, Ավստրիայից, Բուլղարիայից, Նիդերլանդներից, Գանայից և այլ երկրներից ժամանած ուսանողներ, ովքեր ակտիվորեն մասնակցեցին դասապրոցեսին և քննարկումներին։
Շարժունության ընթացքում հանդիպումներ ունեցա պրոֆեսորներ Պաուլա Պինհեյրոյի, Անա Տորեսի եւ Ֆաբիանե Վալենտեի հետ՝ համատեղ հետագա հետազոտություններ կատարելու նպատակով:
Այցիս վերջին օրը նշանավորվեց շարժունության արդյունքների ամփոփմամբ եւ մասնակցության վկայականի հանձնմամբ:
Էրազմուս+-ի շրջանակում դասավանդումն ինձ հնարավորություն տվեց կատարելագործել ոչ միայն անգլերենով դասավանդելու կարողությունները, այլև զարգացնել մասնագիտական հմտություններ եւ համատեղ հետագա հետազոտություններ կատարելու ունակություններ։ Շնորհակալ եմ ՀԱԱՀ եւ Ավեյրույի համալսարանի համագործակցությունն իրականացնող Միջազգային կապերի դեպարտամենտի գործընկերներին՝ միջազգային հարթակում դասավանդելու հնարավորության համար, քանի որ համանման ծրագրերը բարձրացնում են աշխատանքի նկատմամբ շահադրդվածությունը, նպաստում դասավանդման կարողությունների, նոր հմտությունների զարգացմանը եւ ուսումնական գործընթացի միջազգայնացմանը։
Մարո Դեթլոֆֆ
Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ.