Դասավանդման եւ վերապատրաստման էրասմուսյան փորձառություն Վիզեուի պոլիտեխնիկական ինստիտուտում

Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը, Հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, դոցենտ Արուսյակ Ղարիբյանը եւ Կենսատեխնոլոգիական ինկուբատորի համադրող Զարուհի Հովեյանը փետրվարի 24-28-ը գտնվում էին Վիզեուի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա)։

Վերապատրաստման ընթացքում Արեւիկ Աբովյանը եւ Զարուհի Հովեյանը  աշխատանքային քննարկումներ ունեցան հյուրընկալող համալսարանի ագրարային դպրոցի տնօրեն Հելդեր Վիանայի հետ, որը ծանոթացրեց դպրոցի ենթակառուցվածքներին, իրականացվող կրթական ծրագրերին, հետազոտական հիմնական ուղղություններին։ Հաջորդիվ մասնակիցները հանդիպեցին կենսաբանական գիտությունների պրոֆեսոր Պաուլո Բարակոսայի հետ, որը մանրամասնորեն ներկայացրեց իր իրականացրած գիտահետազոտական աշխատանքները, իսկ անասնաբուժական գիտությունների պրոֆեսոր Ֆերնանդո Էստեվեսի ուղեկցությամբ այցելեցին մասնավոր անասնաբուժական կլինիկա եւ ծանոթացան կենդանիների պահման ու բուժման պայմաններին, անասնաբուժական միջամտությունների իրականացմանը, կլինիկայի՝ որպես ուսանողների հմտությունների ամրապնդման վայրի կիրառմանը, ուսանողների փորձուսուցումների կազմակերպմանը։

Կենսաբան Մարիա Լիմայի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին հետագա հնարավոր համագործակցության, գիտական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Շաբաթվա ավարտին տիկին Աբովյանը հնարավորություն ունեցավ լսելու նաեւ անասնաբուժական գիտությունների պրոֆեսոր Քրիստինա Մեգայի  դասախոսությունները որոշ ներքին ոչ վարակիչ հիվանդությունների բուժման ժամանակակից մոտեցումների վերաբերյալ։

Արուսյակ Ղարիբյանը ծրագրի շրջանակում դասավանդեց Վիզեուի պոլիտեխնիկական ինստիտուտի Կրթության ֆակուլտետում։ Վերջինիս պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ քննարկվեցին երկու բուհերի կրթական ծրագրերի առանձնահատկությունները, ուսուցման մեթոդաբանությունը, ինչպես նաեւ դասավանդման շաբաթվա ծրագրի մանրամասները։ Շաբաթվա ընթացքում տիկին Ղարիբյանը դասախոսություններով հանդես եկավ բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողների համար։ Տեսողական եւ տեխնոլոգիական կրթություն եւ Կիրառական հաղորդակցություն մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողներին ՀԱԱՀ դասախոսը ներկայացրեց ելույթ պատրաստելու, արդյունավետ ներկայացման եւ լսարանի հետ աշխատելու առանձնահատկությունները։ Հանրային կապեր եւ գովազդ, Մեդիա հետազոտություններ, Գեղարվեստ ու  Մուլտիմեդիա մասնագիտությունների ուսանողների եւ դասախոսների համար կազմակերպվեցին բաց դասեր, որոնք ուղեկցվեցին քննարկումներով, լսարանի հետ ակտիվ շփման եւ ինտերակտիվ դասավանդման մեթոդների կիրառությամբ։

Վերապատրաստման եւ դասավանդման փորձառության շնորհիվ մասնակիցները հնարավորություն ունեցան զարգացնել իրենց մասնագիտական կարողությունները, հետագա համագործակցության հեռանկարներ նախանշել, ինչպես նաեւ հաղորդակից լինել եւրոպական կրթական համակարգի առանձնահատկություններին։

Հավելենք, որ Վիզեուի պոլիտեխնիկական ինստիտուտի հետ 2020 թ․ մեկնարկած համագործակցության ընթացքում իրականացվել են դասախոսական, վարչական անձնակազմի եւ հետազոտողների փոխադարձ այցեր ու վերապատրաստումներ, եւ երկու կողմերն էլ պատրաստակամ են շարունակելու գործող համագործակցությունն ու խորացնել այն։