Նոյեմբերի 6-ին և 7-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվեն Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրերը Հայաստանում:
Տեղեկատվական օրերի ընթացքում կհրապարակվեն ծրագրի նորությունները, որոնք արտացոլված կլինեն 2019թ. Էրազմուս+ առաջարկների ներկայացման մրցույթում։
Երկօրյա միջոցառումների ընթացքում դիտարկվելու են Էրազմուս+ բարձրագույն կրթության և երիտասարդության համար նախատեսված միջազգային ծրագրերի (Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում, Կրեդիտային շարժունություն, և Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր, ինչպես նաև երիտասարդական շարժունություն, երիտասարդության կարողությունների զարգացում) մանրամասները։
Հանդիպումների ընթացքում Հայաստանում «Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոն»-ը կծանոթացնի «Էրազմուս+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի կողմից հայ երիտասարդներին, պետական և հասարակական կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին ընձեռվող կրթական, վերապատրաստման, փորձի փոխանակման և պրակտիկայի հնարավորություններին։
Այս տարի Էրազմուս+ հայաստանյան գրասենյակը հրավիրել է Բելառուսից և Լեհաստանից խոսնակների, ովքեր երևանյան միջոցառման շրջանակներում կկիսեն իրենց ազգային փորձը Էրազմուս+ ծրագրերի իրականացման ուղղությամբ: Բելառուսի պետական համալսարանի միջազգային ծրագրերի բաժնի ղեկավար Ալեքսանդր Ռիտովը կներկայացնի Էրազմուս+ ակադեմիական շարժունության արդյունավետ կառավարման, Կարողությունների զարգացման ծրագրերի հայտերի մշակման իր փորձը: Լեհաստանի Էրազմուս+ ազգային գործակալության Բարձրագույն կրթության շարժունության բաժնի համակարգող Դոռոտա Ռիտվինսկան կներկայացնի այն կառավարման մեխանիզմներն ու ընտրության չափանիշները, որոնք կիրառվում են Միջազգային կրեդիտային շարժունության դրամաշնորհային առաջարկների գնահատման գործընթացում: