2025 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր սահմանագծին Բուդապեշտի բիզնեսի համալսարանում կայացավ «Փափուկ հմտությունների բարելավում 21-րդ դարի կարիերայի խորհրդատվությունում. V4 փորձի փոխանցում» ծրագրի եզրափակիչ հանդիպումը։ Ծրագիրը համաֆինանսավորվել է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի կառավարությունների կողմից՝ Վիշեգրադ միջազգային հիմնադրամի (International Visegrad Fund) միջոցով։ Հիմնադրամի նպատակն է զարգացնել Կենտրոնական Եվրոպայում կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարները։
Ծրագրի նպատակն էր եվրոպական գործընկերների աջակցությամբ ՀԱԱՀ-ի Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի համար մշակել եւ ներդնել փափուկ հմտությունների մոդուլներ, իրականացնել կարիերայի խորհրդատվության գնահատում, պատրաստել մենագրություն՝ նվիրված փափուկ հմտությունների դերին կարիերային խորհրդատվությունում, ինչպես նաեւ խթանել միջտարածաշրջանային համագործակցությունը եւ զարգացնել փափուկ հմտությունները՝ որպես կարիերային խորհրդատվության հիմնարար բաղադրիչ։
Ծրագրի գործընկերներն էին ՀԱԱՀ-ի հետ Հարավային Բոհեմիայի համալսարանը (Չեխիա), Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանը (Նիտրա) եւ նոր գործընկեր՝ Բուդապեշտի բիզնեսի համալսարանը (Հունգարիա)։ Այս համագործակցության հիմքը դրվել էր Միջազգային կապերի դեպարտամենտի համակարգմամբ իրականացված մեկ այլ վիշեգրադյան ծրագրի շնորհիվ, որն ավարտվել էր 2023 թվականին։ Այդ ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ում մշակվել էին փափուկ հմտությունների 5 մոդուլներ եւ բացվել էր Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնը։
Ամփոփիչ հանդիպմանը ՀԱԱՀ-ից մասնակցեցին Միջազգային կապերի դեպարտամենտի պետ, ծրագրի տեղական համակարգող-հետազոտող Գարեգին Համբարձումյանը եւ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնի դասախոս, հետազոտող-վերապատրաստող Լիանա Վարդանյանը։
Հանդիպումը մեկնարկեց ծրագրի համակարգող Ալենա Չարվաշովայի ելույթով, որը ներկայացրեց ծրագրի մեկուկես տարվա ընթացքում իրականացված աշխատանքները։ Նրա խոսքով՝ ծրագրի շնորհիվ ՀԱԱՀ-ի երեք դասախոսներ վերապատրաստվել են փափուկ հմտությունների «ինքնաներկայացում», «ինքնակառավարում» եւ «բարեկեցություն» ուղղություններով, ապա մշակել համապատասխան ուսումնական մոդուլներ։ Դրանց հիման վրա կազմակերպվել են ուսանողների եւ աշխատակիցների վերապատրաստումներ՝ ինտերակտիվ ձեւաչափով։ Մասնավորապես՝ Արման Հարությունյանը վարել է «Ինքնակառավարում», Դիանա Վարդանյանը՝ «Բարեկեցություն», իսկ Արուսյակ Ղարիբյանը՝ «Ինքնաներկայացում» թեմաներով դասընթացներ։
Ծրագրի շրջանակում գործընկեր համալսարաններն իրականացրել են համատեղ հետազոտություն՝ ուսումնասիրելով փափուկ հմտությունների դասավանդման ներկա վիճակը, ուսանողների շրջանում դրանց ընկալման մակարդակը, պահանջարկը տարբեր մասնագիտությունների շրջանակում, ինչպես նաեւ կարիերայի կենտրոնների կողմից մատուցվող ծառայությունները եւ դրանց բարելավման ուղիները։ Հետազոտության արդյունքներն ամփոփված են պատրաստվող մենագրությունում, որը հասանելի կլինի մինչեւ ընթացիկ ամսվա ավարտը։
Հանդիպման երկրորդ օրը մասնակիցները կենտրոնացան հետագա գիտական եւ կրթական համագործակցության պլանավորման վրա։ Քննարկվեցին վիշեգրադյան եւ «Էրազմուս+» նոր նախագծերի գաղափարները, դրանց նպատակները, ակնկալվող արդյունքները եւ իրականացման մեթոդաբանությունը։ Բացի այդ, պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու գիտական հոդվածների պատրաստման եւ տպագրման շուրջ, որոնք կներկայացնեն ծրագրի ընթացքում ստացված հետազոտական արդյունքները։
Հանդիպման առաջին օրը մասնակիցները ծանոթացան Բուդապեշտի բիզնեսի համալսարանի կրթական ներուժին, իսկ երկրորդ օրվա ավարտին այցելեցին ՀԱԱՀ-ի գործընկեր՝ Հունգարիայի գյուղատնտեսության եւ կենսագիտության համալսարան (Գյոդոլո)։ Այցի ընթացքում ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանը հանդիպումներ ունեցավ պրոֆեսորներ Իլդիկո Ռուդնակիի եւ Էրիկա Վարգայի հետ, որոնք նախկինում եւս մասնակցել են ՀԱԱՀ-ի կողմից համակարգված վիշեգրադյան ծրագրերին եւ ներկայում միասին իրականացնում են համատեղ հետազոտություններ։
Ամփոփելով՝ կարելի է նշել, որ «Փափուկ հմտությունների բարելավում 21-րդ դարի կարիերայի խորհրդատվությունում. V4 փորձի փոխանցում» ծրագիրը եւս մեկ անգամ ապացուցեց, որ միջհամալսարանական համագործակցությունը կարող է վերածվել երկարաժամկետ եւ կայուն գործընկերության, եթե այն կառուցված է փոխադարձ հարգանքի, վստահության, բարձր կատարողականի եւ մարդկային ջերմ հարաբերությունների հիման վրա։