Վերապատրաստում Ալմերիայի համալսարանում՝ XIV միջազգային շաբաթվա շրջանակում

2025 թվականի մարտի 31-ից ապրիլի 4-ը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում մասնակցեցի Ալմերիայի համալսարանում (Իսպանիա) իրականցվող XIV միջազգային շաբաթին:
1993 թ․ հիմնադրված Ալմերիայի համալսարանն կրթության եւ գիտության առաջատար կենտրոններից մեկն է Իսպանիայում։ Այն մի շարք ճանաչված ծրագրեր է առաջարկում միջազգային ուսանողների եւ աշխատակիցների համար՝ ստեղծելով նպաստավոր միջավայր կրթական եւ մշակութային փոխանակումների համար։ Համալսարանն ակտիվորեն մասնակցում է նաեւ միջազգային կրթական ծրագրերին։
Իմ մասնակցությունը XIV միջազգային շաբաթին ուղղված էր կրթության ոլորտում նորարարական մեթոդների ուսումնասիրությանը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ներառումը եւ կիրառումը հատկապես ուսուցման գործընթացում՝ իմ մասնագիտական հետաքրքրության առարկան էր։
XIV միջազգային շաբաթը Ալմերիայի համալսարանում բաղկացած էր մի շարք միջոցառումներից ու սեմինարներից։ Համալսարանի պատմությանը, կրթական ծրագրերին եւ միջազգային համագործակցության հնարավորություններին ծանոթանալուց հետո մասնակցեցի տարբեր սեմինարների, որոնք ուղղված էին տեխնոլոգիական նորարարություններին եւ համալսարանի կողմից համադրվող ծրագրերին։ Հետագայում մենք կազմակերպեցինք քննարկումներ մասնակից համալսարանների աշխատակիցների հետ, որտեղ քննարկվեցին համագործակցության բոլոր հնարավորությունները։
Ծրագրի մանրամասներն են․

    • Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը կրթության մեջ: Թվային կրթական ռեսուրսների ինտեգրումը ուսուցման մեջ, ինչպես նաեւ ուսանողների եւ աշխատակիցների համար թվային հմտությունների զարգացումը ամբողջ աշխարհում:
    • Տեխնոլոգիաների միջոցով կրթական ինտերակտիվության խթանումը: Մեթոդներ եւ գործիքներ, որոնք օգտակար են ուսումնական գործընթացում՝ ավելի ներգրավված դասավանդում ապահովելու համար:
    • Միջազգային գործընկերությունների ստեղծում:
    • Հանդիպում շարժունության տարբեր ծրագրերի մասնակցած ուսանողների հետ, քննարկումներ մշակութային տարբերությունների եւ դժվարությունների մասին։
    • Արտերկրի ուսանողների տոնավաճառ․ Ալմերիայի համալսարանի ամենակարեւոր ավանդույթներից մեկն է, որը հնարավորություն է տալիս համալսարանին ներկայացնել իր միջազգային ուսանողական համայնքը եւ միաժամանակ հնարավորություն ընձեռել արտերկրից եկած ուսանողներին ներկայացնելու իրենց երկրի մշակույթը, ավանդույթները եւ կրթական հնարավորությունները։ Ցուցահանդեսին մասնակցող ուսանողները պատրաստել էին անհատական տաղավարներ, որտեղ ներկայացրեցին իրենց երկրների առանձնահատկությունները՝ տեսողական միջոցներով, ինչպես նաեւ մշակութային եւ կրթական տեղեկություններ տրամադրեցին։

Ալմերիայի համալսարանում ձեռք բերած փորձը ինձ հնարավորություն տվեց զարգացնել մասնագիտական գիտելիքները եւ ծանոթանալ եւրոպական նորագույն տեխնոլոգիաների եւ նորարարական մեթոդների կիրառմանը կրթության ոլորտում։

Լիլիթ Պապիկյան
ՀԱԱՀ ՏՏԿ տեղեկատվական համակարգերի կառավարման բաժնի առաջատար մասնագետ