Հասարակագիտության ամբիոնի դասախոսների մի մեծ խումբ ապրիլի 6-8-ը մասնակցեց վերապատրաստման եռօրյա դասընթացի, որը վարում էր ՀԱԱՀ որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն, պատմագիտության թեկնածու, դոցենտ Լիլիթ Զաքարյանը:
Մեր աշխատակիցները գիտեն, որ ՀԱԱՀ-ը ստացել է քառամյա հավատարմագրում: Առջեւում ծրագրային հավատարմագրման փուլն է, որին պետք է պատրաստ լինենք հիմնավորապես, անառարկելիորեն: Եւ վերապատրաստման գործընթացը նախապատրաստության կարեւոր բաղադրիչներից է:
«Չափելի գիտելիք», «ակնկալվող ելքային արդյունք», «գնահատում», «նպատակ», «ակնկալվող հմտություններ» … այս եզրույթները նոր բովանդակություն ու կշիռ են ստացել վերջին տարիներին: Առաջին հայացքից, ոչինչ նոր չէ, ավելին՝ հին է, աշխարհի արարմանն հասակակից: Սակայն, «բեկորային» քննարկման դեպքում նկատում ես, որ խորհելու, նոր դիտանկյունից նայել-արժեւորելու իրողության հետ ես առերեսվում:
Ակնհայտ էր, որ ժամուկես տեւողությամբ հանդիպումը քիչ էր եւ քննարկումից հետո էլ մասնակիցները չէին շտապում հեռանալ: Հարցեր էին տալիս, մտքեր էին փոխանակում եւ պայմանավորվում էին համագործակցության նոր ձեւաչափերի շուրջ:
Լսարանում երկուստեք փորձառու, կրթության հիմնախնդիրներով մտահոգ մարդիկ էին, որոնք չեն կարող անտարբեր լինել նոր սերնդի ձեւավորման հիմնահարցերի նկատմամբ: Չեն ուզում եւ չեն կարող, որովհետեւ հրաշալի են գիտակցում, որ հենց իրենք են կերտում ՀՀ տնտեսության անկյունաքարի՝ ագրարային ոլորտի ապագան: Եւ բոլորն էլ շատ են ուզում, որ այն ամուր, անցնցում ու կայուն լինի: