Էրազմուս+ ՀԳ1 շարժունության ծրագրի շրջանակում 2025 թ. մայիսի 19-ից 23-ը վերապատրաստման նպատակով այցելեցի տնտեսագիտության, բիզնեսի կառավարման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում մասնագետներ պատրաստող Պիրեուսի համալսարան (Հունաստան)։ Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ կրթական ծրագրերին, մասնավորապես՝ ուսումնասիրել «Ֆինանսական մենեջմենթ» դասընթացի մոդուլը, գործնական պարապմունքների անցկացման ձեւաչափն ու օգտագործվող գրականությունը։ Բուհի 9 ֆակուլտետներից կայուն զարգացմամբ առանձնանում է Ֆինանսական մենեջմենթի եւ բանկային գործի ֆակուլտետը, որն իրականացնում է ինչպես բակալավրիական, այնպես էլ մագիստրոսական կրթական ծրագրեր։ Վերապատրաստման ընթացքում բուհի Միջազգային կապերի գրասենյակի ղեկավար Քրիստինա Կոնտոգուլիդուն ներկայացրեց բուհի ընդհանուր գործունեությունը, զարգացման առաջնահերթությունները, պատմեց միջազգային ուսանողների կրթական հետաքրքրությունների, ինչպես նաեւ այն հնարավորությունների մասին, որոնցից կարող են օգտվել արտասահմանյան բուհերի գործընկերները շարժունության ընթացքում։ Ծրագրի շրջանակում հանդիպեցի Ֆինանսական մենեջմենթի եւ բանկային գործի ֆակուլտետի փոխդեկան Դիմիտրիս Վոլիոտիսի հետ, որը մասնագիտացել է խաղերի տեսության բնագավառում եւ ղեկավարում է բուհում իրականացվող մագիստրոսական տնտեսագիտական ծրագրերը։ Պիրեուսի գործընկերը ներկայացրեց մագիստրատուրայում ներդրված երկու նոր կրթական մոդուլները՝ «Ֆինանսական տեխնոլոգիաներ» եւ «Ֆինանսների կառավարումը պետական կազմակերպություններում»։ Ընթացիկ հանդիպումների շրջանակում փոխդեկանը հրավիրեց նաեւ այլ դասախոսների, որոնք դասավանդում են վերոնշյալ մոդուլները։ Նրանց հետ հնարավորություն ունեցա ուսումնասիրել առարկայական ծրագրերն ու օգտագործվող գրականությունը։ Պիրեուսի համալսարանում վերապատրաստումն արդյունավետ էր, քանի որ բացի մասնագիտական եւ գործընկերային կապեր ստեղծելուց, հնարավորություն ունեցա ականատես լինելու օտարերկրյա բուհում ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ուսանողական կենսակերպին, ինչպես նաեւ փորձառու գործընկերներից ստանալ արժեքավոր խորհուրդներ մասնագիտական դասընթացների մշակման եւ կազմակերպման համար։ Արման ՏՈՆԻԿՅԱՆ Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու

- 04/06/2025
- 2025