Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան, դոցենտ, տ․գ․թ․ Արման Սիմոնյանը, Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմատացման ԳՀԻ բաժնի վարիչ, Մեքենասարքավորումերի ճարտարագիտության և տեխնիկական անվտանգության ամբիոնի դոցենտ, տ․գ․թ․ Արթուր Ալթունյանը, Ավտոտրակտորների և գյուղատնտեսական մեքենաների ամբիոնի ասիստենտ, տ․գ․թ․ Հենրիկ Վարդանյանը և ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ, հայոց և օտար լեզուների ամբիոնի ասիստենտ Օֆելյա Տերտերյանը մարտի 31-ից ապրիլի 4-ը վերապատրաստման նպատակով գտնվում էին Ռուսեի Անգել Կանչևի համալսարանում (Բուլղարիա)։
Այցի առաջին իսկ օրվանից տպավորությունները ջերմ ու խոստումնալից էին՝ չնայած անձրևոտ եղանակին, ինչը հետագա օրերին ևս լիովին հաստատվեց։
Այցի առաջին օրը ՀԱԱՀ պատվիրակությանը ողջունեցին Ռուսեի համալսարանի միջազգային համագործակցության բաժնի աշխատակիցները և կազմակերպեցին ճանաչողական շրջայց համալսարանի տարածքում՝ ներկայացնելով բուհի հարուստ պատմությունը, կառուցվածքային առանձնահատկությունները և կրթական միջավայրը։ Այդ օրը տեղի ունեցավ հանդիպում Ռուսեի համալսարանի միջազգային համագործակցության բաժնի աշխատակից, Էրազմուս+ ծրագրի համակարգող Միլենա Բոգդանովայի հետ, ում հետ Օ․ Տերտերյանը քննարկեց բազմամյա համագործակցությունն առավել ամրապնդելու հնարավոր ուղիները, ուսանողների և աշխատակիցների փոխանակման ծրագրերի շրջանակում առկա թափուր տեղերը, ինչպես նաև Ռուսեի համալսարանի աշխատակիցների մայիսին և հունիսին ՀԱԱՀ նախատեսվող այցերը։
Հաջորդ օրերն անցան բավականին հագեցած օրակարգով՝ ներառելով հանդիպումներ և այցելություններ համալսարանի տարբեր ստորաբաժանումներ ու լաբորատորիաներ։ ՀԱԱՀ պատվիրակությանը դիմավորեց ֆակուլտետի Էրազմուս+ ծրագրի ակադեմիական համակարգող, դոցենտ Բորիս Կոստովը, ով ուղեկցեց մասնակիցներին ամբողջ այցի ընթացքում։ Պատվիրակության անդամները հանդիպեցին Ռուսեի համալսարանի կրթության որակի ապահովման, մասնաճյուղերի և ստորաբաժանումների հավատարմագրման ու զարգացման գծով պրոռեկտոր, դոկտոր Գ․ Պոպովի հետ։ Պարոն Պոպովը՝ լինելով համալսարանի վաստակաշատ աշխատակիցներից և ունենալով հարուստ փորձ ուսումնա-արտադրական ոլորտում, հանգամանորեն ներկայացրեց համալսարանի ձեռքբերումները, արտադրության հետ ձևավորված բազմամյա համագործակցությունը, ինչպես նաև բուհի կայացած ավանդույթները, որոնք մեծ ջանքերով պահպանվում և փոխանցվում են երիտասարդ սերնդին։ ՀԱԱՀ ներկայացուցիչները ներկայացրեցին ՀԱԱՀ-ը, դրա առաքելությունը և որպես ոլորտի միակ մասնագիտական բուհ, երկրի տնտեսության զարգացման գործում պատրաստվող մասնագետների կարևոր դերը։ Նրանք հակիրճ անդրադարձան նաև շրջանավարտների աշխատանքային և մասնագիտական զբաղվածության ուղղություններին։ Այցի ընթացքում ՀԱԱՀ ներկայացուցիչներն արտահայտեցին ցանկություն այցելել իրենց մասնագիտական ուղղվածություններին համարժեք լաբորատորիաներ և հանդիպել ոլորտի գործընկերների հետ՝ փորձի փոխանակման և հնարավոր համագործակցության ձևավորման նպատակով։ Խնդրանքը սիրով ընդունվեց, և առաջին այցելությունն իրականացվեց «Շարժիչների և տրանսպորտային սարքավորումներ» լաբորատորիա, որտեղ պատվիրակությանը դիմավորեց Տրանսպորտի ֆակուլտետի փոխդեկան, դոցենտ Գ․ Կադիկյանովը։ Մասնակիցները ծանոթացան լաբորատորիայի կառուցվածքին, այնտեղ իրականացվող գիտաուսումնական փորձերի բովանդակությանը և կիրառվող տեխնոլոգիաներին։ Հանդիպումը հնարավորություն ստեղծեց մասնակիցների միջև գաղափարների փոխանակման համար։ Հաջորդիվ ՀԱԱՀ պատվիրակությունը այցելեց «Գյուղատնտեսական մեքենաների և տեխնոլոգիաների» լաբորատորիա, որտեղ նրանց դիմավորեց Ագրարային և արդյունաբերական ֆակուլտետի դեկան, դոցենտ Կ․ Ստոյանովը։ Նա ներկայացրեց ֆակուլտետի ստորաբաժանումները և ուղեկցեց պատվիրակությանը փորձարարական լաբորատորիա, որտեղ ծանոթացան կատարվող փորձարկումների ուղղություններին։ ՀԱԱՀ-ի աշխատակիցները ներկայացրին իրենց գյուղմեքենայացման գիտական կենտրոնում իրականացվող աշխատանքները և ձեռքբերումները, ինչը հաճելիորեն զարմացրեց դեկանին։ Նա նշեց, որ, չնայած նրանք ունեն բավականին լավ պահպանված և հագեցած գյուղմեքենաշինության լաբորատորիա, գիտահետազոտական գործունեության ոլորտում որոշակի պասիվություն է նկատվում։ Ընդունելությունը ավարտվեց ՀԱԱՀ այցի խոստումով՝ շարունակելով համագործակցությունը և փորձի փոխանակումը։ Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ Թերմոդինամիկայի և հիդրավլիկայի լաբորատորիայում, որտեղ հաճելի էր հանդիպել պրոֆեսոր Պոպովին, ով դասախոսություն էր վարում այդ լաբորատորիայում և նա հանգամանալից ներկայացրեց լաբորատորիայի ուղղվածությունը, կատարվող լաբորատոր-ուսումնական փորձարկումները։ Հերթական հանդիպումը տեղի ունեցավ գիտահետազոտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Դ․ Բռատանովի աշխատասենյակում։ Այցը պլանավորված չէր նախապես, սակայն հանդիպումը տեղի ունեցավ արդյունավետ և գործընկերային քննարկումների մթնոլորտում։ Պարոն Բռատանովը ներկայացրեց միջազգային համագործակցության շրջանակներում բուհի քաղաքականությունը, համագործակցության ձևաչափերը, հետազոտական ուղղությունները։
Այցերի ավարտին երկու համալսարանների ներկայացուցիչները մեծ ցանկություն հայտնեցին շարունակելու խորացնել և ամրապնդել տարիների համագործակցությունը, որի ընթացքում իրականացվել են դասախոսական, վարչական անձնակազմի, հետազոտողների և ուսանողների երկուստեք այցեր ու վերապատրաստումներ։
Մասնակիցները հայտնեցին իրենց շնորհակալությունը երկու կողմերի միջազգային բաժինների աշխատակիցներին՝ նման կապը շարունակելու և ամրապնդելու, ինչպես նաև այս հանդիպումներն ու վերապատրաստումները կազմակերպելու համար։
ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան, դոցենտ, տ․գ․թ․ Արման Սիմոնյան
Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմատացման ԳՀԻ բաժնի վարիչ, Մեքենասարքավորումերի ճարտարագիտության և տեխնիկական անվտանգության ամբիոնի դոցենտ, տ․գ․թ․ Արթուր Ալթունյան
ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ, հայոց և օտար լեզուների ամբիոնի ասիստենտ Օֆելյա Տերտերյան
Ավտոտրակտորների և գյուղատնտեսական մեքենաների ամբիոնի ասիստենտ, տ․գ․թ․ Հենրիկ Վարդանյան