Էրազմուս+ ՀԳ1 շարժունության ծրագրի շրջանակում 2025 թ. մայիսի 12-16-ը վերապատրաստման նպատակով այցելեցի Պորտոյի համալսարան (Պորտուգալիա)։ Այցի հիմնական նպատակն էր ավելի մանրամասն ծանոթանալ անասնապահական եւ անասնաբուժական ծրագրերի շրջանակներում իրականացվող ուսումնական գործընթացներին՝ լսարանից մինչեւ ֆերմա եւ կլինիկա։ Պորտոյի համալսարանի 14 ֆակուլտետների կազմում գործում է Բժշկության եւ կենսաբժշկական գիտությունների դպրոցը, որը թողարկում է բժշկական եւ անասնաբուժական ուղղություններով մասնագետներ։ Դրա հիմքում ընկած է «մեկ դպրոց, մեկ առողջություն» սկզբունքը, որ մեկտեղում է մարդու եւ կենդանիների առողջությունն ու շրջակա միջավայրը։ Վերապատրաստման ընթացքում ունեցա արդյունավետ ու հետաքրքիր այցելություններ դպրոցի ամբիոններ, կլինիկա, անատոմիայի թանգարան, գիտական կենտրոններ, որտեղ ակվակուլտուրայի եւ գյուղատնտեսական կենդանիների տարբեր հետազոտական աշխատանքներ են իրականացվում։ Ծրագրի տեղական կոորդինատոր Էդուարդո Ռոշեն պլանավորել էր այցելություններ անասնապահական ֆերմաներ, որտեղ կարեւոր հանդիպումներ եւ նեղ մասնագիտական քննարկումներ ունեցա կաթի արտադրության, կենդանիների կերակրման, վերարտադրության եւ բարեկեցության վերաբերյալ։ Դրանք նպաստեցին մասնագիտական փորձիս ու գիտելիքներիս հարստացմանը։ Կարեւոր եմ համարում նաեւ իմ այցը համալսարանի Անատոմիայի թանգարան եւ հանդիպումը ամբիոնի վարիչի եւ թանգարանի պատասխանատուների հետ, որի ընթացքում ներկայացվեցին թանգարանի ձեւավորման եւ պահպանման՝ մեզ համար կարեւոր տեխնոլոգիաները։ Շարժունության վերջին օրը հանդիպեցի ֆակուլտետի դեկանի տեղակալի հետ, որի հետ ամփոփեցինք վերապատրաստման շաբաթը, մասնավորապես շատ հետաքրքիր զրույց ունեցանք ֆակուլտետի վարչական գործունեության, կառավարման մեթոդների եւ կառուցվածքային ձեւավորումների վերաբերյալ։ Այս զրույցն էլ իր հերթին էր կարեւոր էր վարչակառավարչական գիտելիքների հարստացման առումով։ Ամփոփելով այցս Պորտոյի համալսարան, կարող եմ ասել, որ շատ արդյունավետ վերապատրաստում անցնելուց բացի, հաստատեցի մասնագիտական եւ բարեկամական կապեր, որոնք կօգտագործենք երկու համալսարանների միջազգային կապերի շնորհիվ արդեն հաստատված բարեհաջող համագործակցության շարունակականությունն ապահովելու համար։ Ժիրայր ՉԻԹՉՅԱՆ Մորֆոլոգիայի եւ կենդանագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար

- 03/06/2025
- 2025