ՀԱԱՀ-ի եւ, հատկապես, AFISHE Էրազմուս+ նախագծի թիմի համար պատիվ էր հյուրընկալել Խորվաթիայի Դուբրովնիկի համալսարանի պատվիրակությանը՝ ջրային եւ ձկնային տնտեսությունների ոլորտում առկա համագործակցության խորացման եւ միջազգային համագործակցության կայունության ամրապնդման համատեքստում։ UNIDU-ի պատվիրակության կազմում էին գիտության եւ կայունության գծով պրոռեկտոր, դոցենտ Մարիանա Պեչարեւիչը, Կիրառական էկոլոգիայի ամբիոնի պրոֆեսորներ Տատյանա Դոբրոսլավիչը եւ Վլաստա Բարուլովիչը, Ծրագրերի եւ տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի ներկայացուցիչ Մայա Բրնասը եւ Կիրառական էկոլոգիայի ամբիոնի վարիչ, դոկտոր Յոսիպ Միկուշը։ Այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացավ ՀԱԱՀ-ի ընթացիկ կրթական ծրագրերին եւ հետազոտական ենթակառուցվածքներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով AFISHE լաբորատորիայում իրականացվող աշխատանքներին, որը ստեղծվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ կարողությունների զարգացմանը միտված ծրագրի շրջանակում։ Հիշեցնենք, որ Դուբրովնիկի համալսարանի հետ համագործակցությունը սկսվել է AFISHE նախագծի միջոցով, որը հետագայում խորացվեց եւ ներկայում ներառում է նաեւ միջազգային կրեդիտային շարժունության ծրագիր։ Այցի նպատակն էր ծանոթանալ ՀԱԱՀ-ի հնարավորություններին եւ առավել բազմաոլորտային դարձնել ընթացիկ համագործակցությունը։ Այցի ընթացքում մանրամասն քննարկվեց կիրառական էկոլոգիայի, ջրի որակի մշտադիտարկման եւ հարակայուն ակվակուլտուրայի ոլորտներում հնարավոր համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունը՝ ներառելով երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հետազոտական ու կրթական ուղղությունները։ Երկու հաստատություններն էլ հայտնեցին իրենց հանձնառությունը շարունակել առկա համագործակցությունը։ Տատյանա Դոբրոսլավիչը եւ Վլաստա Բարուլովիչը, որոնք Դուբրովնիկի համալսարանում AFISHE նախագծի հիմնական գործընկերներն են, խոսեցին իրենց հետազոտական ուղղությունների մասին եւ ցանկություն հայտնեցին համագործակցելու ՀԱԱՀ համապատասխան հետազոտողների հետ։ Համալսարանական այցից բացի, Դուբրովնիկի համալսարանի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան այցելելու Հայաստանի որոշ պատմական վայրեր, մասնավորապես՝ Մեծամորի հնագիտական թանգարան, Էջմիածնի Մայր տաճար, Ազգային պատկերասրահ։ Ավելորդ է նշել առաջին անգամ Հայաստան այցելող պատվիրակության մեծ հետաքրքրությունը մեր ազգային յուրահատուկ մշակույթի նկատմամբ, որի վառ ապացույցը տասնյակ հարցերն էին մեր ազգային ինքնության, պատմության ու մշակույթի վերաբերյալ։ Այս այցը կարեւոր քայլ է խորվաթական եւ հայկական ակադեմիական հաստատությունների միջեւ կապերի խորացման գործում, որը սկսվել է AFISHE նախագծից, իսկ խորվաթական կողմն արդեն հայտարարել է, որ պատրաստ է շարունակելու համագործակցությունը ՀԱԱՀ-ի հետ նոր նախագծերի շրջանակում։

- 17/06/2025
- 2025