Իմ այցը Վալյադոլիդի համալսարան՝ փորձի փոխանակման եւ գիտական համագործակցության շրջանակում

2025 թվականի մայիսի 12-16-ը, Էրազմուս+ ծրագրի շրջանակում այցելեցի Իսպանիայի Վալյադոլիդի համալսարան։ Այցի նպատակն էր խորացնել մասնագիտական գիտելիքներս, ծանոթանալ ժամանակակից ուսումնական մեթոդներին ու տեխնոլոգիաների կիրառման փորձին, ինչպես նաեւ ձեւավորել նոր գործակցային կապեր։

Վալյադոլիդի համալսարանը՝ հիմնադրված 1212 թ․, Իսպանիայի ամենահին ու ամենահեղինակավոր բուհերից մեկը։ Ներկայումս այն ներառում է 4 ուսումնական կենտրոն, 24 ֆակուլտետ եւ տեխնիկական դպրոց եւ առաջարկում է շուրջ 70 բակալավրական, 60 մագիստրոսական եւ 28 դոկտորական կրթական ծրագրեր։ Բացի այդ, համալսարանում գործում են 180 գիտահետազոտական խմբեր եւ ամեն տարի իրականացվում են ավելի քան 200 կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ։ Համալսարանի մոտ 28000 ուսանողների բազմազան համայնքը վկայում է նրա միջազգային համբավի եւ գրավչության մասին։

Այցելեցի Պալենսիա քաղաքում գտնվող Ագրարային ճարտարագիտության բարձրագույն տեխնիկական դպրոց, որտեղ ծանոթացա անտառային մասնագիտությունների ուսումնական գործընթացների կազմակերպմանը, կրթական ծրագրերի կառուցվածքին եւ մասնագիտական ուղղությունների դասավանդման կիրառական կողմերին։

Ծրագրի կարեւորագույն մասը դաշտային փորձուսուցման իրականացումն էր, որը տեղի ունեցավ Սան Սեբրիան բնակավայրի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում։ Այստեղ իրականացվեցին մի շարք կիրառական  նշանակություն ունեցող ուսուցումներ, այդ թվում անտառային մշակույթների բարդ լեռնային ռելիեֆում անտառի հիմնման, անտառային տարածքների գնահատման, անտառային հրդեհների դասակարգման եւ կանխարգելման ռազմավարությունների մշակման, կենսաբազմազանության վերլուծության եւ գնահատման, անտառային հիդրոլոգիայի ուսումնասիրության, ժամանակակից սարքավորումներով չափումների իրականացման եւ հատումների տարբեր տեսակների գործնական կիրառության վերաբերյալ։ Դաշտային պարապմունքները վարում էին Վալյադոլիդի համալսարանի  առաջատար մասնագետները։

Դոկտոր Պաբլո Մարտին Պինտոյի հետ քննարկեցինք անտառային հրդեհների դասակարգման համակարգերը, տարածման կանխատեսման մեթոդները եւ դրանց դասավանդման հնարավոր ուղիները։  Դոկտ․ Խոսե Արտուրո Ռեկե Կիլչենմանի հետ իրականացրեցինք անտառգնահատման համար փորձահրապարակների  ցուցադրական տեղադրում՝ հիմնական ցուցանիշների հաշվարկման նպատակով։ Դոկտ․ Խուան Ֆրանցիսկո Ֆուենտես Պերեսը ներկայացրեց հատման ժամանակ բենզասղոցների կիրառման տեխնիկան եւ անվտանգության կանոնները։ Դոկտ․ Ջորդան Մունյոսը անդրադարձավ անտառային վնասատուների եւ հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետ մեթոդներին։ Իսկ դոկտ․ Խորխե Մարտին Գարսիան ներկայացրեց մակերեսային ու ներհողային հոսքերի հաշվարկման մեթոդներն ու անտառային չափումներում կիրառվող նորագույն տեխնոլոգիաները։

Այցի ընթացքում քննարկվեցին նաեւ ապագա գիտական համագործակցության հեռանկարները։ Մասնագետների հետ մտքեր փոխանակեցինք համատեղ գիտական հոդվածների ստեղծման, միջազգային նախագծերի մշակման եւ հետագա նախաձեռնությունների հնարավորությունների շուրջ։

Այս այցը մեծապես նպաստեց ոչ միայն մասնագիտական կարողություններիս հարստացմանը, այլեւ ամուր հիմքեր ստեղծեց  ապագա համագործակցության համար՝ խթանելով կրթական եւ գիտահետազոտական կապերի ընդլայնումը ՀԱԱՀ-ի  եւ Վալյադոլիդի համալսարանի միջեւ։

Արթուր ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոս, կենս․ գիտ․ թեկնածու