Էրազմուս+ ՀԳ1 միջազգային համագործակցության ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ում հյուրընկալվեցին Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտության համալսարանի եւ Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի ներկայացուցիչները, որոնք հանդես եկան մի շարք դասախոսություններով, մասնագիտական քննարկումներով, ինչպես նաեւ փորձի փոխանակման նպատակ հետապնդող հանդիպումներ ունեցան։
ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետում կայացավ Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր, Պորտոյի համալսարանի հրավիրյալ հետազոտող Աուգուստո Լանկայի դասախոսությունը՝ նվիրված որոճող կենդանիների կերակրման եւ հարակայուն արոտավարության հիմնախնդիրներին։ Պրոֆեսոր Լանկան իր ելույթում ներկայացրեց կլիմայի փոփոխության հետեւանքները (ջերմաստիճանի բարձրացում, հարաբերական խոնավության փոփոխություն, տեղումների անկանոնություն) եւ դրանց անմիջական ու միջնորդավորված ազդեցությունը արոտավայրերի ու անասնապահության վրա։ Անդրադարձավ նաեւ սպիտակուցներով հարուստ կերային մշակաբույսերի դերին որոճող կենդանիների առողջ սնուցման գործում։ Պրոֆեսորը կարեւոր համարեց նաեւ արոտավայրերում կենդանիների բնականոն պահվածքը եւ դրա ազդեցությունը նրանց առողջության եւ մթերատվության, կաթի եւ մսի որակի վրա։ Նա ներկայացրեց նաեւ նոր արոտավայրերի ստեղծման պլանավորման սկզբունքները՝ ընդգծելով ջրի եւ տեխնիկական միջոցների կարեւորությունը։ Դասախոսության ավարտին պրոֆեսորը պատասխանեց ուսանողների հարցերին եւ մասնակցեց մասնագիտական քննարկմանը։
Էրազմուս+ ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ում դասախոսություններով հանդես եկավ նաեւ Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների համալսարանի (BOKU) պրոֆեսոր Ռեյնհարդ Նոյգշվանդթները․ Ագրոնոմիա եւ Օրգանական գյուղատնտեսություն մագիստրոսական ծրագրերի 1-ին կուրսերի ուսանողների համար նրա դասախոսությունները վերաբերում էին վարելահողերի դաշտային փորձերի անցկացմանը ԲՈԿՈՒ-ում, ինչպես նաեւ վարելահողերի ենքացանքային մշակաբույսերին (հասկացություններ, բույսերի փոխազդեցություններ եւ սննդանյութերի դինամիկա): Պրոֆեսորը հոկտեմբերի 9-ին հանդես եկավ բաց դասախոսությամբ՝ «Իմ հետազոտությունը ԲՈԿՈՒ-ում» թեմայով, որին մասնակցեցին ֆակուլտետի դասախոսական կազմը եւ մագիստրանտները։ Ինչպես նշեց բանախոսը՝ «Ես դասական ագրոնոմ եմ»՝ ընդգծելով իր հավատարմությունը գիտության եւ դաշտային փորձի փոխկապակցվածությանը։
Պրոֆեսորը, որպես փորձագետ, գնահատեց նաեւ Ագրոնոմիական ֆակուլտետի մի շարք կրթական ծրագրեր եւ մոդուլներ։ Նա ուսումնասիրեց բակալավրիատի «Ագրոնոմիա», «Սելեկցիա եւ գենետիկա», «Ջերմատնային ագրոտեխնոլոգիա», ինչպես նաեւ մագիստրատուրայի «Օրգանական գյուղատնտեսություն» ծրագրերի ՄԿԾ-ներն ու դրանց ներքին աուդիտի անգլերեն տարբերակները։ Այցի ընթացքում պրոֆեսորն այցելեց նաեւ Ոսկեհատի եւ Ակունքի ուսումնական-փորձարարական տնտեսություններ՝ ծանոթանալու ՀԱԱՀ-ի դաշտային եւ հետազոտական հնարավորություններին։
Սա պրոֆեսորների առաջին այցը չէր մեր համալսարան եւ, հուսանք՝ ոչ էլ վերջինը, քանի որ նրանք պատրաստակամություն հայտնեցին հետագայում եւս այցելել մեզ, հաղորդակից դարձնել իրենց փորձին, ուսումնասիրել ՀԱԱՀ մասնագետների փորձն ու հանդես գալ համատեղ հետազոտություններով։