Ես Անդրանիկ Ղազարյանն եմ՝ «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» մասնագիտության հեռակա ուսուցման 3-րդ կուրսի ուսանող։ Մեկ ուսումնական տարի հնարավորություն ունեցա ուսանելու Գերմանիայի Գայզենհայմի համալսարանում (Hochschule Geisenheim University)՝ Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում։
Գայզենհայմի համալսարանը համարվում է գինեգործության եվրոպական առաջատար կենտրոններից մեկը։ Այս բովանդակալից տարվա ընթացքում ուսումնասիրեցի ինչպես գինու տեխնոլոգիական գործընթացները՝ խմորումից մինչեւ հնեցում, այնպես էլ գինու արժեշղթայում սպառողական վարքագծի վերլուծությունը, շուկայի կառուցվածքը եւ բրենդավորման առանձնահատկությունները։ Սա ինձ թույլ տվեց հասկանալ, որ գինեգործի աշխատանքը սահմանափակված չէ միայն այգուց մինչեւ գինեգործարան ընկած սահմաններում, այն շարունակվում է նաեւ շուկայում, որտեղ ճիշտ ռազմավարությունը նույնքան կարեւոր է, որքան որակի պահպանումը։
Շատ արժեքավոր էր նաեւ դաշտային փորձառությունը, այցելությունները գերմանական հայտնի գինեգործական տնտեսություններ, ծանոթությունը գինու մշակման ու հնեցման տարբեր եղանակներին: Հատկապես տպավորվեցի Ռայնգաու շրջանի գինու մշակույթից, որտեղ գինեգործական հազարամյա փորձը միաձուլվում է նորագույն տեխնոլոգիաներին եւ մոտեցումներին, դարձնելով այն անզուգական վայր գինու ջատագովների համար։ Այստեղ գտնվում են Ռիսլինգի ամենահին այգիները, որոնք համարվում են գերմանական գինեգործության ժառանգության կարեւոր մասը։ Գերմանիայում Ռիսլինգը հաճախ կոչում են «գինիների թագուհի»: Նրա նրբությունը եւ երկար հնեցման ներուժն առանձնացնում են գինիները միջազգային շուկայում։ Այդ այգիներում կանգնելիս ես ավելի պարզ հասկացա, թե ինչու է հենց Ռիսլինգը դարձել Գերմանիայի խորհրդանշական գինիներից մեկը․ այստեղ յուրաքանչյուր վազ ոչ միայն բարձրորակ հումք է տալիս, այլեւ փոխանցում է տարածաշրջանի պատմությունն ու ավանդույթները։
Ուսուցման ընթացքում մեծ կարեւորություն ուներ նաեւ միջազգային միջավայրը: Ես սովորում էի ուսանողների հետ, որոնք եկել էին տարբեր երկրներից։ Խմբային աշխատանքները մեզ հնարավորություն տվեցին միմյանց ծանոթացնել մեր երկրների գինեգործական ավանդույթներին, քննարկել ոլորտի մարտահրավերները եւ փորձի փոխանակում կատարել։
Բացի մասնագիտական հմտություններից, ես ձեռք բերեցի նաեւ նոր ընկերներ ու ծանոթությունների լայն շրջանակ: Դասերից հետո մասնակցում էինք գինու համտեսների, բացահայտում գերմանական մշակույթը եւ ներկայացնում մեր ազգային սովորույթները։ Այդ շփումները ինձ համար ակադեմիական գիտելիքներից ոչ պակաս կարեւոր էին: Ստեղծվեցին կապեր, որոնք, վստահ եմ՝ կշարունակվեն նաեւ ապագայում եւ կդառնան մասնագիտական համագործակցության հիմք։ Այս ամենն օգնեց ինձ բաց լինել նոր գաղափարների առջեւ, որ կարեւոր է ուսումնական ու մասնագիտական զարգացման տեսակետից։
Այս փորձառությունը բացառիկ էր ինձ համար։ Այն ինձ օգնեց ոչ միայն ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ ու գործնական հմտություններ, այլեւ ավելի խորությամբ հասկանալ գինեգործության մշակույթը՝ որպես արվեստ եւ որպես գիտություն։ Վերադառնալով Հայաստան, նպատակ ունեմ ստացած գիտելիքն ու փորձը կիրառել՝ նպաստելով մեր երկրում գինեգործության զարգացմանը։
Անդրանիկ ՂԱԶԱՐՅԱՆ
«Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող