Ես Տիանա Գասամանեանն եմ՝ «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագրի ուսանողուհի։ Ինձ հնարավորություն տրվեց մասնակցելու Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրին եւ մեկ կիսամյակ ուսանելու Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների համալսարանում (BOKU)։ Այս փորձառությունը բացառիկ հնարավորություն էր ինձ համար՝ ստանալու նոր գիտելիքներ, ծանոթանալու օրգանական գյուղատնտեսության եւրոպական փորձին եւ սովորելու մի միջավայրում, որտեղ գիտությունը, հարակայունությունը եւ փորձը միահյուսված են։ BOKU-ում դասընթացները կազմակերպվում են ոչ միայն լսարաններում, այլեւ լաբորատորիաներում եւ ֆերմերային տնտեսություններում։ Յուրաքանչյուր դասընթաց ոչ միայն տեսական նյութ է, այլ նաեւ հնարավորություն՝ ավելի խոր պատկերացում կազմելու օրգանական գյուղատնտեսության մեխանիզմների եւ գործնական կիրառման մասին։ Բացի դասերից, ծրագրի ընթացքում մենք այցելեցինք բազմաթիվ օրգանական ֆերմերների, մոտիկից ծանոթացա նրանց գործունեությանը, արտադրության գործընթացներին եւ առկա մարտահրավերներին։ Այս այցելություններն ինձ համար շատ արժեքավոր էին․ տեսնելով ամեն ինչ իրական պայմաններում՝ ես ձեռք բերեցի հմտություններ եւ գիտելիքներ, որոնք դժվար կլիներ ստանալ միայն տեսական պարապմունքների միջոցով։ Դասընթացներից շատերը անցկացվում էին խմբային աշխատանքի ձեւաչափով, որի միջոցով մենք՝ ուսանողներս, ծանոթացանք միմյանց մշակույթներին, մեր երկրներում գյուղատնտեսության ոլորտի առանձնահատկություններին ու մարտահրավերներին։ Հետաքրքիր էր հասկանալ օրգանական արտադրության՝ տարբեր երկրներում գործող չափորոշիչները, ինչպիսի խնդիրների են բախվում ֆերմերները եւ ինչպես են կազմակերպում արտադրության գործընթացը։ Արտերկրում ուսուցումը հնարավորություն տվեց ոչ միայն ձեռք բերել արժեքավոր գիտելիքներ, այլ նաեւ նոր ընկերներ, ինչն ինձ համար շատ կարեւոր է թե՛ մասնագիտական, թե՛ անձնական զարգացման տեսանկյունից։ Այս փորձառությունը ամրապնդեց իմ համոզմունքը, որ օրգանական գյուղատնտեսությունը ոչ թե պարզապես միտում է, այլ համընդհանրական անհրաժեշտություն։ Ես վերադարձել եմ Հայաստան՝ նոր գիտելիքներով եւ գաղափարներով։ Իմ նպատակն է այս ամենը կիրառել գործնականում եւ հնարավորինս նպաստել մեր երկրում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը։ Վստահ եմ, որ այս փորձառությունը երկարաժամկետ ազդեցություն կունենա իմ մասնագիտական ուղու վրա։
Տիանա ԳԱՍԱՄԱՆԵԱՆ
«Օրգանական գյուղատնտեսություն» մասնագիտության մագիստրատուրայի ուսանողուհի