Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակում Միջազգային շաբաթ Վիտաուտաս Մագնուս համալսարանում

Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում մայիսի 5-9-ը դասավանդման եւ միջազգային շաբաթվա ընթացքում կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակներով այցելեցի Վիտաուտաս Մագնուսի համալսարան (Կաունաս, Լիտվա): Շարժունության շաբաթը հագեցած էր տարբեր միջոցառումներով: Մասնակիցների քանակը գերազանցում էր 150-ը, որոնք ժամանել էին աշխարհի շուրջ 50 երկրներից։

Առաջին օրը բացման խոսքով հանդես եկավ համալսարանի հաղորդակցման գծով պրոռեկտոր Վիլմա Բիջիկիյենյեն։ Նա ջերմորեն ողջունեց մասնակիցներին եւ հույս հայտնեց, որ նման միջոցառումները կամուրջ կդառնան տարբեր երկրների ակադեմիական համայնքների հետագա փոխհամագործակցության եւ մտերմության համար։ Այնուհետեւ համալսարանի Լեզվի դեպարտամենտի ղեկավարը շատ հետաքրքիր եւ ինտերակտիվ ձեւաչափով մասնակիցներին ներկայացրեց լիտվերենի ներածություն եւ առանձնահատկությունները, որից հետո ներկաները մեծ խանդավառությամբ միմյանց ողջունում էին արդեն նոր սովորած լեզվով եւ երգում լիտվական ազգային երգերը բնօրինակով։ Առանձնապես տպավորիչ էր հրավիրյալ ազգագրական խմբի կողմից ազգային երգ ու պարի կատարումը, ներկայացվեցին նաեւ լիտվական ազգային նվագարանները։ Օրը եզրափակվեց նախապես հայտարարված միջոցառումով․ յուրաքանչյուր երկիր պետք է ներկայացներ իր ազգային ուտեստները, որոնց համար տեղադրվել էին սեղաններ երկրների անվանումներով։ Համտեսողներն անչափ հավանեցին հայկական անուշաբույր չրերը, քաղցրահամ շարոցը, եւ իհարկե, հայկական լավաշի ու պանրի համն անզուգական տպավորություն թողեց բոլոր համտեսողների վրա։

Մյուս օրերի ընթացքում ունկընդրեցինք մի շարք հետաքրքիր դասախոսություններ, մասնակցեցինք հոգեբանական սեմինարների, ծանոթացանք երկրի մշակույթին՝ թանգարաններ այցելելով եւ շրջայցերի  միջոցով, հանդիպեցինք համալսարանի միջազգային բաժնի աշխատակիցների հետ, որոնք ներկայացրեցին տարբեր երկրների հետ միջազգային ծրագրերի իրականացման փորձն ու գործելակերպը։

Օրակարգով սահմանված օրն էլ կայացավ իմ դասախոսությունը, որն իհարկե սկսեցի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացմամբ։ Լսարանը ներկայացված էր մագիստրատուրայի մակարդակով եւ ունկնդիրներին հատկապես հետաքրքրեց մեր համալասարանում կիրառվող աշխատանքային կիսամյակով, որը մեծապես նպաստում է ուսանողների՝ աշխատանքի տեղավորմանը։ Բուն դասախոսությունը վերաբերում էր աշխարհատեղեկատվական համակարգերի կիրառությանը գյուղատնտեսության մեջ, որի շրջանակում անդրադարձ եղավ նաեւ ՀԱԱՀ-ում իրականացվող՝ թեմայի հետ անմիջական կապ ունեցող միջազգային ծրագրերին, ինչպիսիք են AFISHE-ն եւ VETfarm-ը։

Շաբաթն ավարտվեց Վիտաուտաս Մագնուս համալսարանի ռեկտորի՝ մասնակիցներին հղված խոսքերով եւ յուրահատուկ երաժշտական ներկայացմամբ։

Առանձնահատուկ կերպով ուզում եմ շեշտել Վիտաուտաս Մագնուս համալսարանի միջազգային կապերի բաժնի ամբողջ անձնակազմի պատրաստակամությունը ու բարեհամբույր վերաբուրմունքը մասնակիցների նկատմամբ։

Նաիրա ԱԼՈՅԱՆ

Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի դոցենտ