Դասավանդման կարողությունների շարունակական զարգացում միջազգային հարթակում

Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագրի շրջանակում դասավանդելու փորձառությունս իրականացրեցի Լեհաստանի Կրակովի գյուղատնտեսական համալսարանում։ Այն կազմակերպվեց բակալավրիատի ուսանողների եւ Էրազմուս+ ծրագրի շրջանակում հյուրընկալող համալսարանում սովորողների համար։

Դասախոսություններս փորձեցի կազմակերպել ոչ ավանդական ձեւով, որպես օրինակ ըստ առարկայական թեմաների ներկայացնելով մեր իրականացրած գիտական փորձերը։ Հիմք ընդունելով լսարանից հնչած բազմաթիվ հարցերը, կարող եմ փաստել, որ նման ձեւաչափով կազմակերպված դասավանդումն ավելի հետաքրքիր է ուսանողների համար։ Ուզում եմ նաեւ նշել Կրակովի գյուղատնտեսական համալսարանի ուսանողների անգլերեն լեզվի իմացության բարձր մակարդակի մասին եւ հորդորել մեր ուսանողներին խորացնել այս լեզվի իրենց իմացությունը։

Քանի որ ուսանողները Կենսատեխնոլոգիայի ֆակուլտետից էին, ներկայացվեցին կենսատեխնոլոգիական մեթոդների կիրառմամբ բույսերի նոր սորտանմուշների ստացման գործընթացները, լաբորատորիայում աշխատելու հիմնական կանոնները, սննդարար լուծույթների պատրաստման մեթոդները եւ այլն։ Մանրամասնորեն ներկայացրեցի սոմակլոնալ փոփոխականությամբ բույսերի նոր սորտանմուշների ստացման գործընթացը։ Ինչ վերաբերում է Էրազմուս+ ծրագրով ժամանած ուսանողներին, որոնք Սննդի տեխնոլոգիայի ֆակուլտետից էին, ներկայացված թեման հարմարեցվեց իրենց կրթական ծրագրին։

Այցի շրջանակում հնարավորություն ընձեռվեց ոչ միայն դասավանդելու, այլեւ մասնակցելու Կրակովի գյուղատնտեսական համալսարանում աշխատող մեր հայրենակիցներ Գոհար եւ Կարեն Խաչատրյանների փորձերին։ Նրանց գիտական ուսումնասիրությունները հիմնականում վերաբերում են նանոտեխնոլոգիաների կիրառմանը սննդի տեխնոլոգիաների մեջ։ Նրանց հետ քննարկեցինք հետագա համագործակցության եզրերը։

Հանդիպում ունեցա նաեւ Կրակովի գյուղատնտեսական համալսարանի ռեկտոր Սիլվեստեր Տաբոռի եւ միջազգային կապերի բաժնի  վարիչ Դոմինիկա Լիմանովկայի հետ։

Առիթ ունեցա մասնակցելու Կրակովի հայկական համայնքի դպրոցի դասերին։ Համայնքը բավականին մեծ է եւ, ի ուրախություն, հայապահպան։ Մասնակցեցի նաեւ ազգային ոգով համեմված բազմապիսի մշակութային  միջոցառումների։

Ընդհանուր առմամբ շատ գոհ եմ էրազմուսյան այս փորձից, որ հնարավորություն տվեց անգլերենով դասավանդել եւ ավելի մասնագիտանալ գիտական ոլորտում։

Երախտապարտ եմ ՀԱԱՀ ՄԿԴ, Էրազմուս+ ծրագրերի եւ շարժունության գրասենյակների անձնակազմին եւ Կրակովի գյուղատնտեսական համալսարանի աշխատակիցներ Գոհար եւ Կարեն Խաչատրյաններին՝ նման հնարավորություն ընձեռելու եւ շարժունությունն արդյունավետ կազմակերպելու համար։

 

Զառա Հարությունյան

Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիայի ավագ գիտաշխատող, գ․գ․թ․