Դեկտեմբերի 2-ին Աղվերանում աշխատանքը սկսեց «Դուալ մասնագիտական կրթական ուսուցման ծրագրի իրականացումը գինեգործության ոլորտում» աշխատաժողովը՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), գինի եւ կոնյակ արտադրող առաջատար յոթ ընկերությունների, Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի եւ ՀԱԱՀ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: Համագործակցության ընթացիկ հանգրվանը քննարկելուց եւ առաջիկա անելիքները նախանշելուց զատ, այսօր՝ դեկտեմբերի 3-ին մասնակիցներն անցնում են վերապատրաստման հերթական դասընթացը:
GIZ-ի «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում իրականացվող դուալ՝ աշխատանքի վրա հիմնված կրթական գործընթացի հայեցակարգի ներդրումը առաջնային կարեւորություն ունի միջին մասնագիտական կրթության համակարգի, այս պարագայում՝ ՀԱԱՀ Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի համար: Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը, Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն Լիլիթ Զաքարյանը, քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը եւ համալսարանի ու քոլեջի դասախոսական կազմի ներկայացուցիչները վերը նշված շահակից կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննության առան, մասնավորապես, գործընկեր կազմակերպություններում ուսանողների փորձուսուցմանն առնչվող իրավական, ընթացակարգային, կազմակերպչական, կրթական չափորոշիչներին համապատասխանության, ուսումնաբովանդակային, աշխատանքային էթիկայի, աշխատանքի անվտանգության եւ հարակից մի շարք այլ հարցեր:
Դուալ համակարգը կայանալու ճանապարհին է, եւ, ինչպես ցույց տվեց քննարկումը, այդ ճանապարհը չափազանց երկար չի լինելու՝ հաշվի առնելով արդեն արված գործը. ուսումնական պլանների էական փոփոխությունները, խաղողագործությունը որպես դասավանդվող առարկա նախկին «ճնշված» վիճակից հանելն ու գինեգործության կարգավիճակին «հավասարեցնելը», ոլորտի զարգացման շահերն ու իրավունքները ձեւակերպելու եւ պաշտպանելու հարցում գործակցող կողմերի լիակատար փոխըմբռնումն ու խնդիրների ու լուծումների հստակ պատկերացումը: