Առաջնեկները. երբ անվարան ընտրում ես մասնագիտությունդ եւ առաջին իսկ քայլդ հաստատուն է լինում

Օրերս Անտոն Քոչինյանի անվան քոլեջը կաթի տեխնոլոգիա մասնագիտության առաջնեկներին ճանապարհեց «մեծ կյանք»: Եւ, իբրեւ սկիզբ, արդյունքներն ավելի քան գոհացնող էին: Հանձնաժողովի անդամները գոհ էին ավարտական աշխատանքների որակից: Պատահական չէր, որ սաներից մի քանիսը արժանացան ամենաբարձր գնահատականի:

Լիա Չերքեզյանը Բյուրեղավանից է, ընտանիքի չորս երեխայից կրտսերը: Դպրոցական տարիներից հետաքրքվում էր սննդի տեխնոլոգիայով, ծնողներին համոզում էր, որ լավ կրթություն ստանալուց հետո կկարողանան միացյալ ուժերով կաթնային ագարակ հիմնել: Համաձայնեք, որ քչերն են կարողանում պատանեկան տարիքից այդքան լուրջ ու հստակ որոշում կայացնել, անվարան ընտրել ապագա մասնագիտությունը:

Լիայի ավարտական աշխատանքը նվիրված  էր մածնի եւ թթվասերի տեխնոլոգիւաներին: 20-ը օրինաչափ ու արժանի արդյունք էր: Նա արդեն գիտե, որ ուսումը շարունակելու է բակալավրիատում: Հույս ունի, որ կաթնամթերք արտադրող ձեռնարկություններից մեկում կգտնի սիրելի աշխատանք՝ մինչեւ ամուր կկանգնի մասնագիտության ճանապարհին ու կստեղծի իրենը:

Լիան նաեւ շատ է սիրում խոհանոցում ստեղծագործել եւ չի բացառում, որ մի օր կփորձի երկու մեծ հետաքրքրությունները ի մի բերել:

Լիայի դիմագծի մի ներբերանգ եւս. այս՝ շատ երկրային ոլորտների մասնագետ դառնալուն զուգըթնաց Լիան ջութակ ու դաշնամուր է նվագում, հետաքրքրվում աստղագիտությամբ: Եւ գուցե այս ամենն էլ ոգեշնչելու են նոր-կատարյալ մթերքներ արարել…