Եւրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ շարժունության շրջանակում ապրիլի 7-11-ը դասավանդման եւ վերապատրաստման նպատակներով այցելեցինք Իտալիա՝ Մարկեի պոլիտեխնիկական համալսարան:
Շարժունության շաբաթը տպավորիչ էր: Սկզբում այցելեցինք գյուղատնտեսական, սննդային եւ բնապահպանական գիտությունների դեպարտամենտ, որի ղեկավար, ՀԱԱՀ-ի եւ Հայաստանի լավ բարեկամ պրոֆեսոր Դավիդե Ներին ներկայացրեց դեպարտամենտի կառուցվածքը, գործունեությունը, հանդիպումներ ունեցանք սննդի ոլորտի դասախոսական եւ գիտական աշխատանքներ իրականացնող անձնակազմի հետ, մտքեր փոխանակեցինք նրանց ղեկավարությամբ եւ մասնակցությամբ իրականացվող ծրագրերի վերաբերյալ:
Դեպարտամենտի կազմում գործող պարենամթերքի լաբորատորիայի ղեկավար պրոֆեսոր Դեբորա Պաչետին, որը մեր շարժունություն ղեկավարն էր, ծանոթացրեց համալսարանի ուսումնական ծրագրերին, ինչպես նաեւ լաբորատորիայի աշխատանքներին: Այն պատշաճ հագեցվածություն ունի սննդարդյունաբերության գրեթե բոլոր ուղղություններով փորձարկումներ իրականացնելու համար եւ համագործակցում է այդ ոլորտի գործարանների հետ՝ նրանց համար նորարարական լուծումներ գտնելու առումով:
Պրոֆեսորներ Ներին եւ Պաչետին մեծ ոգեւորվածություն դրսեւորեցին մեր համալսարանների միջեւ մեկնարկած համագործակցությունը զարգացնելու գործում, որը կնպաստի մեր բուհերի հետագա միջազգայնացման գործընթացին: Պայմանավորվեցինք կազմակերպել առցանց սեմինարներ, իրականացնել համատեղ հետազոտական աշխատանքներ եւ ուսանողների փոխանակում:
Առանձնակի ուշադրության է արժանի նաեւ միջազգային կապերի գրասենյակի ղեկավար Սիլվիա Կոպարիի հյուրընկալությունը, ում շնորհիվ հնարավորություն ունեցանք լինել Անկոնայի մարգարիտ համարվող Պորտոնովոյում:
Շարժունության շաբաթը համընկել էր աշխարհահռչակ VinItaly գինու ցուցահանդեսի անցկացման օրերի հետ: Շաբաթվա կեսին մեզնից մեկին հաջողվեց ներկա գտնվել այդ ցուցահանդեսին կամ, ինչպես ասում են, լինել իտալական եւ աշխարհի հայտնի գինիների բաբախող սրտում: Անմոռանալի՛ մասնագիտական փորձառություն, որն աշխարհի գինեգործությունը մեկ հարկի տակ բացահայտելու բացառիկ հնարավորություն էր: Երազանքի պիտակներ, որակի եւ ավանդույթների խորհրդանիշ հանդիսացող եւ տերուարի մասին պատմող բացառիկ գինիներ, միկրոտերուարների տարբերությունը եւ գինու ոլորտի զարգացող միտումները գնահատելու եզակի հնարավորություն. իսկական դրախտ մասնագետների համար, ուր հասկանում ես, որ գինին ավելի՛ն է, քան խմիչքը: Այն մշակույթ է, ավանդույթ եւ կիրք: Ափսոսելու միայն մեկ բան կար … քիչ ժամանակը: Ի դեպ՝ ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված էր Զորահ գինիներով:
Շարժունության վերջին օրը նախատեսված էր դասախոսության համար: Այն վերաբերում էր Հայաստանի գինեգործությանը. պատմական նշանակությունից մինչեւ տերուար, էնդեմիկ սորտեր եւ գինու ոճեր, գինեգործական արդյունաբերության ներկայիս վիճակից մինչեւ Հայաստանի եւ Իտալիայի գինու մշակույթների համեմատական գնահատական եւ հայկական գինիների համտես:
Շարժունությունը հնարավոր դարձնելու համար շնորհակալ ենք ՀԱԱՀ ՄԿԴ պետ պարոն Համբարձումյանին, շարժունության մրցութային հանձնաժողովի բոլոր անդամներին, Մարկեի պոլիտեխնիկական համալսարանի ողջ անձնակազմին:
Վերոնշյալ դեպարտամենտն իտալերեն անվանում են երեք A-երի դեպարտամենտ, մեր շարժունությունը մենք անվանեցինք երեք Հ-երի շարժունություն. հյուրընկալ, հիշարժան եւ հրաշալի՝ ճի՛շտ ինչպես տանը:
Լիլիա ՍԱՄՎԵԼՅԱՆ
Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների
ամբիոնի դասախոս, տ.գ.թ., դոցենտ
Սիրանուշ ԱԼԹՈՒՆՅԱՆ
Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի
անվտանգության եւ հիգիենայի ամբիոնի վարիչ, ան.գ.թ., դոցենտ