«Որակի ապահովման ներքին եւ արտաքին համակարգի մշակում եւ ներդնում» թեմայով վերապատրաստման երկօրյա աշխատանքը վերտառություն դարձած խոսքերով սկսեց ՈԳԱ կենտրոնի տնօրեն Լիլիթ Զաքարյանը: Ասել է, թե ծրագրերը կազմելիս մենք պետք է նպատակ ունենանք զարգացման առաջանցիկ պլանավորման, ոչ թե ընդամենը եղած պահանջարկը բավարարելով բավարարվենք-գոհանանք:
Հատկանշական է, որ վերապատրաստման մասնակիցների թվում են նաեւ տեխնիկական գիտությունների թեկնածուներ Աննա Դաշտոյանն ու Մարինե Մխիթարյանը, որոնք իրենց մասնագիտությունների չափորոշիչների, վերջնարդյունքների սահմանման, անհրաժեշտ փաստաթղթերի ստեղծման կարեւոր գործում անմիջական մասնակցություն են ունեցել:
Կրթության որակ, «դրսի» համար արժանահավատ եւ հասկանալի որակավորում, հոծ աշխատաշուկայում արժանավայել տեղ գտնելու կարողություններ ու հմտություններ, եւ բազում այլ՝ համանման, հարցերի դիտարկում, որոնց ակամա մասնակցեցին նաեւ ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհիները:
Մասնակիցների համոզմամբ, կադրային սով է ամենուր, մինչդեռ կործանված գաղափարախոսության՝ մարքսիզմի դասականներն էին պնդում, թե կադրերն են որոշում ամեն ինչ: Սա, թերեւս, նրանց միակ՝ ոչ վիճելի պնդումն է, որի հետ չենք կարող չհամաձայնել:
Ագրիթեք սրահում անտարբերներ չկային, մասնակիցները պատվախնդրորեն աշխույժ էին, որովհետեւ բոլորս՝ առանց բացառության, կամենում ենք, որ մեր բուհը լավագույնը լինի արժանավորների փաղանգում:
Դասընթացի առաջին օրվա բանախոսներն էին Լիլիթ Զաքարյանն ու Արմինե Զաքարյանը: Այսօր՝ մայիսի 11-ին աշխատանքները կշարունակվեն: