Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում 2025 թվականի մարտի 17-ից 19-ը վերապատրաստում եմ անցել Պանթեոնի հասարակական եւ քաղաքական գիտությունների համալսարանում (Աթենք, Հունաստան)։
Հիմնադրված լինելով 1927 թ․՝ այն այսօր համարվում է Եւրոպայի երեք ամենահին բուհերից մեկը քաղաքական կրթության ոլորտում։ Ավելի քան 80-ամյա պատմության ընթացքում համալսարանն ավարտել է մոտավորապես 18500 ուսանող։ Ներկայում այնտեղ ուսանում է շուրջ 8000 ուսանող։
Պանթեոնի համալսարանն առաջարկում է որակավորման բարձրացման 13 ծրագիր եւ ունի ժամանակակից ակադեմիական բազա, ներառյալ՝ 3 գիտահետազոտական ինստիտուտ, 18 գիտահետազոտական կենտրոն եւ 4 լաբորատորիա։
Համալսարանն ակտիվորեն մասնակցում է միջազգային կրթական նախաձեռնությունների, ինչպիսիք են՝ Էրազմուսը, Լեոնարդո դա Վինչին, EQUAL համայնքային նախաձեռնությունը։ Այս ծրագրերը հնարավորություն են տալիս ուսանողներին եւ դասախոսներին մասնակցելու փոխանակման ծրագրերի եւ փորձուսուցման ամբողջ Եւրոպայում։
Վերապատրաստման նպատակն էր ծանոթանալ օտար լեզուների դասավանդման առաջադեմ փորձին, կիրառվող ուսումնական ծրագրերին եւ նյութերին, ներառյալ՝ մշակութային բովանդակությամբ եւ սկզբնաղբյուրներով նյութերը։ Ինձ հատկապես հետաքրքրում էր տեղեկատվական տեխնոլոգիաների ինտեգրումը լեզուների ուսուցման մեջ, ինչպես նաեւ ուսանողների շահադրդվածությունը եւ ներգրավվածությունը խթանող մեթոդներն ու գործունեության տեսակները։
Գործընկեր համալսարանում ավանդական շրջայցից եւ նրա պատմությանը ծանոթանալուց հետո ես ներկայացրեցի մեր բուհն ու Հայոց եւ օտար լեզուների ամբիոնը։ Հնարավորություն ունեցա ներկա գտնվելու անգլերենի դասերին՝ ինչպես Erasmus+ ծրագրի ուսանողների, այնպես էլ տեղացի ուսանողների մասնակցությամբ։ Բացի այդ, ես ակտիվորեն շփվում էի դասախոսական կազմի հետ, որը թույլ տվեց ինձ անմիջական պատկերացում կազմել ուսումնական գործընթացի դինամիկայի եւ կիրառվող մեթոդների վերաբերյալ։
Հատկանշական է, որ ժամանակակից տեխնոլոգիաների սրընթաց զարգացման համատեքստում եւրոպական համալսարանները մեծապես կարեւորում են հատկապես անգլերենի իմացության խթանումը սովորողների շրջանում։ Պանթեոնի համալսարանում ծանոթացա այդ ուղղությամբ կատարվող աշխատանքերին։ Մասնավորապես, համալսարանը կազմակերպում է անգլերենի ֆակուլտատիվ պարապմունքներ, որին ուսանողները մասնակցում են ըստ ցանկության։ Դասընթացներն անցնում են բավականին ինտերակտիվ եւ միջանկյալ «գնահատումների» միջոցով հնարավորություն է ընձեռվում հետեւել ուսանողներին առաջընթացին։ Մասնավորապես խրախուսվում է ուսանողների՝ անգլերենով ներկայացվող ինքնուրույն եւ անհատական աշխատանքները։ Սա նպաստում է թե անգլերենի իմացության բարելավմանը եւ թե փափուկ հմտությունների զարգացմանը։
Գործընկերների հետ հանդիպման ընթացում ներկայացրեցի նաեւ մեր համալսարանում օտար լեզուների դասավանդման փորձը։ Ակներեւ է, որ շատ համալսարաններ շարունակում են բախվվել լեզուների, մասնավորապես անգլերենի չիմացության հիմնախնդրին։ Պայմանավորվածություն ձեռք բերեցինք Պանթեոնի համալսարանի մեր գործընկերների՝ ՀԱԱՀ փոխադարձ այցի վերաբերյալ՝ ընդհանուր ճանաչողական եւ մասնավորապես օտար լեզվի դասընթացներին մասնակցելու նպատակներով։
Վերապատրաստման ընթացքում ձեռք բերեցի արժեքավոր գործնական փորձ, հարստացրեցի մասնագիտական հմտություններս եւ հանգեցի նոր գաղափարների, որոնք անպայման կկիրառեմ իմ հետագա մանկավարժական գործունեության մեջ։
Ռուզաննա ՓԻԼՈՍՅԱՆ
Հայոց եւ օտար լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար
մանկ. գիտ. թեկն., դոցենտ