ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող եւ ԵՄ կողմից ֆինանասավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ս.թ․ մայիսի 22-ից մինչեւ 27-ը վերապատրաստման եւ դասավանդման նպատակով հյուրընկալվել էի Լեհաստանի Կվիձինի Պովիսլանսկի համալսարանում:
Այցիս մեկնարկը տրվեց համալսարանի միջազգային կապերի գրասենյակից, որտեղ ինձ ընդունեց Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի համակարգող Պաուլինա Օզուխը: Նա այցելության ամբողջ ընթացքում լիակատար աջակցություն ցուցաբերեց միջազգային շաբաթի բոլոր մասնակիցներին:
Մեկնարկը տրվեց համալսարանի ռեկտոր Կատարինա Ստռզալա-Օզուխի ողջույնի խոսքով: Միջազգային շաբաթն իր շուրջն էր հավաքել 34 երկրների, ներառյալ՝ Հայաստանի, Վրաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Կիպրոսի, Սլովակիայի, Թունիսի, Ալժիրի ներկայացուցիչների։
Հաջորդ օրերին հնարավորություն ունեցա այցելել գիտական լաբորատորիաներ, ծանոթանալ իրականացված գիտական աշխատանքերին եւ դասավանդման ու ուսումնառության նորարարական մեթոդներին: Մասնակցեցի «Բարեկեցության դեմքերը» խորագրով միջազգային գիտաժողովին:
Շարժունության նախավերջին օրը կազմակերպվել էր աշխատաշուկա, որտեղ հնարավորություն ունեցա ներկայացնել Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, մեր կրթական ծրագրերը, որոնք բավականին մեծ հետաքրքրություն առաջացրին գործընկեր երկրների ներկայացուցիչների շրջանում․ նրանցից ոմանք ցանկություն հայտնեցին հետագա համագործակցության շուրջ քննարկումներ կազմակերպել:
Աշխատանքային շաբաթվա ընթացքում նախօրոք ծրագրված եւ համաձայնեցված թեմայի շուրջ դասախոսությամբ հանդես եկա Էրազմուս+ ուսանողների համար:
Շաբաթը հագեցած էր նաեւ մշակութային այցերով Կվիձին եւ Կոսցերինա քաղաքներ, որոնց ընթացքում ամբողջական պատկերացում կազմեցինք նաեւ երկրի մշակութային առանձնահատկությունների վերաբերյալ:
Շնորհակալ եմ ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտին նման հնարավորություն ընձեռելու համար, քանի որ այս շարժունությունն ինձ տվեց մասնագիտական հմտությունների զարգացում, ինչպես նաեւ գործակցային նոր կապերի ձեռքբերում:
Թամարա Հարությունյան
ՀԱԱՀ ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս