Նորարարությունն ու կրթությունը Մալթայի արվեստի, գիտության եւ տեխնոլոգիայի քոլեջում

2025 թվականի հոկտեմբերի 6-ից 10-ը ՀԱԱՀ միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը Էրազմուս+ ՀԳ1 միջազգային շարժունության ծրագրի շրջանակում այցելել է Մալթայի արվեստի, գիտության եւ տեխնոլոգիայի քոլեջ: Այցը բացառիկ հնարավորություն էր ծանոթանալու այդ ուսումնական հաստատության կիրառական գիտությունների, մասնագիտական կրթության, հետազոտության եւ ուսանողական աջակցության նորարարական մեթոդներին, ինչպես նաեւ բացահայտելու ապագա միջազգային համագործակցության հնարավորություններ:

Այցի ընթացքում պրոռեկտոր Մովսիսյանը ծանոթացել է քոլեջի կառավարման կառուցվածքին, ակադեմիական ծրագրերին եւ միջազգային գործունեությանը, ինչպես նաեւ այցելել ժամանակակից լաբորատորիաներ, դասասենյակներ եւ ուսումնական այլ կենտրոններ: Հատկանշական էր նաեւ մասնակցությունը առաջին կուրսեցիների համար նախատեսված «Նորեկների շաբաթ» միջոցառմանը, որին ներկա էր անձամբ Մալթայի փոխվարչապետը՝ ուսանողների հետ շփվելու եւ նրանց կարիքները հասկանալու նպատակով:

Հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի բազմաթիվ ակադեմիական եւ վարչական ղեկավարների հետ: Կենդանիների, ջրային եւ գյուղատնտեսական գիտությունների կենտրոնի փոխտնօրեն Մալկոլմ Բորգը ներկայացրել է կրթական ծրագրերի կառուցվածքը, կիրառական հետազոտական նախագծերը եւ գործնական գյուղատնտեսական ուսուցման նորարարական մոտեցումները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել թվային գյուղատնտեսության ոլորտում համագործակցության եւ ՀԱԱՀ ուսանողների փորձուսուցման կազմակերպման ուղղությամբ:

Հետազոտության եւ նորարարության փոխտնօրեն, դոկտոր Յուդիտա Թոմասկինովան ներկայացրել է միջառարկայական հետազոտական նախաձեռնությունները եւ քննարկեց եվրոպական համատեղ նախագծերին, այդ թվում՝ Հորիզոն ծրագրին մասնակցության հնարավորությունները: Կրթության եւ ուսուցման ծրագրերի տնօրեն Ռամոն Մանջիոնի հետ հանդիպումները հատուկ ընդգծեցին հավատարմագրման համակարգի արդյունավետությունը. ուսումնական հաստատությունը հնարավորություն ունի ինքնահավաստագրման մինչեւ մագիստրոսի մակարդակ, ինչը կարող է օրինակելի լինել հայաստանյան բուհերի համար:

Պրոռեկտոր Մովսիսյանը նաեւ հանդիպումներ է ունեցել ուսանողական ծառայությունների, սոցիալական հարցերի, գրանցման եւ կարիերայի աջակցման պատասխանատուների հետ: Նրանք ներկայացրել են ուսանողական ծառայությունների, մասնագիտական պատրաստության, կարիերայի աջակցման, կրթության իրականացման եւ արտադրության ոլորտի հետ համագործակցության արդյունավետ գործիքները: Հատկանշական է, որ Մալթայի քոլեջում շրջանավարտների դիպլոմները տրամադրվում են ոչ միայն թղթային, այլ նաեւ բլոկչեյն համակարգով, որն ապահովում է թափանցիկություն եւ անվտանգության բարձր մակարդակ:

Ուսանողների հոգեկան առողջության եւ բարեկեցության աջակցության ոլորտում քննարկումներ են եղել Ուսանողների բարեկեցության կենտրոնի ներկայացուցիչների հետ:

Այցը եզրափակվել է Էրազմուս+ նախագծերի եւ աշխատակազմի շարժունության գրասենյակում, որտեղ քննարկվել են համագործակցության հնարավորությունները, Էրազմուս+ նախագծերը եւ աշխատակազմի փոխանակումները: Այս այցը նոր խթան է հայ-մալթական կրթական համագործակցության համար եւ ուղղված է նորարարական եւ կիրառական կրթական փորձի փոխանցմանը: