Միջազգային դասավանդման շաբաթ Պորտուգալիայի Ավեյրոյի համալսարանում

Եւրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագրով 2025 թ․ մարտի 31-ից ապրիլի 4-ը շարունակական կրթության հերթական փուլի շրջանակում դասավանդման նպատակով գտնվել եմ Պորտուգալիայի Ավեյրոյի համալսարանում: Այն հիմնադրվել է 1973 թ․ եւ համարվում է Պորտուգալիայի լավագույն պետական ​​համալսարաններից մեկը, ճանաչված է իր ակադեմիական գերազանցությամբ եւ բազմամշակութային միջավայրով։ Ներկայում ունի ավելի քան 17000 ուսանող, ներառյալ ավելի քան 2000 միջազգային ուսանողներ շուրջ 90 երկրից:

Շարժունության առաջին օրն ինձ դիմավորեց Ավեյրոյի միջազգային կապերի գրասենյակի ղեկավար Պաուլա Քսավիերը եւ ներկայացրեց համալսարանի պատմությունը, գիտակրթական բազան, ֆակուլտետները, ինչպես նաեւ միջազգային համագործակցությունը: Այնուհետեւ հանդիպեցի Էկոնոմիկայի, կառավարման, արդյունաբերական ճարտարագիտության եւ տուրիզմի ֆակուլտետի դոցենտ Մառա Մադալենոյի հետ, որի հետ նախօրոք համաձայնեցրել էինք իմ դասախոսությունների թեմաները:

Շարժունության հաջորդ օրերին  նախապես հաստատված ժամանակացույցով եւ թեմաներով (օտարերկրյա ուղղակի ներդրումների դերը երկրի տնտեսության զարգացման գործում, ներդրումային նախագծերի արդյունավետության գնահատման մեթոդները, ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն եւ ֆինանսական սնանկացման կանխատեսումը` օգտագործելով Altman’s Z-Score մոդելը, ֆինանսական շուկաների դերը տնտեսությունում. ՀՀ ֆինանսական շուկայի ընդհանուր նկարագիրը եւ համեմատականն այլ երկրների հետ) դասախոսություններով հանդես եկա «Տնտեսագիտություն» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների համար:

Այցի ընթացքում ներկա եմ եղել Մառա Մադալենոյի դասախոսությանը, որը նվիրված էր կապիտալի շուկային:

Հանդիպումների ընթացքում ներկայացրել եմ ՀԱԱՀ-ի կառուցվածքը, կրթական ծրագրերն ու գործունեությունը, ինչպես նաեւ քննարկել այդ ոլորտներում համագործակցության եւ հետագայում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Նախնական պայմանավորվածություններ եմ ձեռք բերել հետագայում նաեւ համատեղ գիտական համագործակցություն իրականացնելու ուղղությամբ։

Շնորհակալ եմ ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտին այս հնարավորությունն ընձեռելու համար, քանի որ համանման ծրագրերին մասնակացությունը զարգացնում է նոր հմտություններ, ինչպես նաեւ նպաստում է ուսումնական գործընթացի միջազգայնացմանը։

Թամարա Հարությունյան
ՀԱԱՀ Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս