Էրազմուս+ ՀԳ1-ի շրջանակում, Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դոցենտ Սասուն Մամաջանյանը, Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի ասիստետ Աննա Ալոյանը, Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի ասիստենտ Մարգարիտ Եղյանը, Կենսատեխնոլոգիական ինկուբատորի համակարգող Զարուհի Հովեյանը, Միջազգային կապերի դեպարտամենտի ավագ մասնագետ Օֆելյա Տերտերյանը վերապատրաստման նպատակով այցելեցին Հունգարիայի գյուղատնտեության եւ կենսագիտության համալսարան:
Նրանց դիմավորել են Միջազգային կապերի գրասենյակի պետը եւ աշխատակիցները, ներկայացրել համալսարանը, իրականացվող ուսումնական եւ հետազոտական ծրագրերը՝ տարբեր կրթական աստիճանների համար, ստորաբաժանումներն ու միջազգային համագործակցության աշխարհագրությունը: Օֆելյա Տերտերյանը հյուրընկալողներին հանգամանորեն ներկայացրել է ՀԱԱՀ-ն՝ կրթական, հետազոտական, ինչպես նաեւ լսարանային ու տեխնիկական հագեցվածության բարելավումները, տեսլականը, ինչպես նաեւ միջազգային կապերը:
Միջազգային կապերի գրասենյակի աշխատակից Ժուժաննա Հելթայի ուղեկցությամբ այցելել են համալսարանի Գենետիկայի եւ կենսատեխնոլոգիաների ինստիտուտ, որտեղ փոխտնօրեն Էլեն Գոչան ներկայացրել է կատարվող աշխատանքները, քննարկվել են հնարավոր համագործակցության ուղիները։ Շրջայցի ժամանակ մեր գործընկերները ծանոթացել են Կիրառական սաղմնաբանության եւ ցողունային բջիջների կենսաբանության խմբի գիտահետազոտական աշխատանքներին։
Հողագիտության եւ ագրոքիմիայի լաբորատորիաների աշխատակիցները ներկայացրել են հողի ֆիզիկամեխանիկական հատկությունների եւ առանձին՝ ագրոքիմիական ցուցանիշների որոշարկման լաբորատորիաները, սարքավորումներով ապահովվածությունը, ինչպես նաեւ ընթացիկ մի քանի հետազոտական աշխատանք, որոնք վերաբերում են կենդանական ծագման թափոններից ստացված միջավայրում մշակաբույսերի աճեցման հնարավորություններին:
Շրջակա միջավայրի գիտությունների ինստիտուտը իրականացնում է գյուղատնտեսական եւ բնապահպանական գիտությունների ոլորտներում կրթության, վերապատրաստման, հետազոտությունների եւ խորհրդատվության առաքելություն: Ինստիտուտի ղեկավարը ներկայացրել է ամբիոններն ու դրանց գործառույթները։
Նախատեսված հանդիպումների վերջին օրը մասնակիցները մայրաքաղաք Բուդապեշտում այցելել են համալսարանի Բուդա մասնաճյուղ՝ սննդամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետ: Պրոֆեսորներ Ջերե Աթիլան եւ Կովաքս Զոլտան ներկայացրել են ֆակուլտետի կառուցվածքը, մասնագիտությունները։ Այնուհետեւ մասնակիցներն այցելել են ալկոհոլային խմիչքների զգայաբանական, օրգանոլպտիկ ցուցանիշների որոշարկման լաբորատորիա։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել մասնակցելու վիսկիի զգայաբանական գնահատմանը: Խմորման եւ թորման լաբորատորիայում ներկայացվել են տեխնոլոգիական գործընթացները, սարքավորումները, աշխատանքի սկզբունքը, որից հետո համտեսել են «Տոկայ» տեսակի ազգային գինի: Հաջորդը գարեջրագործության ուսումնափորձարարական լաբորատորիան էր:
Մասնակիցները այցելել են նաեւ ֆիզիկաքիմիական ցուցանիշների որոշարկման եւ կաթի ու մսի ուսումնափորձարարական լաբորոտորիաներ: Այցելության ավարտին ֆակուլտետի ղեկավարի հետ քննարկել են փորձի փոխանակման, կապերի հաստատման, նոր համագործակցության հեռանկարները:
ՀԱԱՀ պատվիրակները բոլոր օրերին ակտիվ մասնակցել են դասընթացներին, ներկացրել համալսարանն ու այն բաժինները, որտեղ գործունեություն են ծավալում:
Հարկ է նշել, որ Էրազմուս+ նախագիծը, ինչպես միշտ, նպաստել է ոչ միայն մասնակիցների մասնագիտական զարգացմանը, այլեւ անգնահատելի հնարավորություն է տվել բացահայտելու նոր մշակույթ եւ ավանդույթներ։