Ես Մարիամ Զախարյանն եմ, «Օրգանական գյուղատնտեսություն» մասնագիտության մագիստրատուրայի ուսանող։ Դեռ բակալավրիատում իմ առջեւ նպատակ էի դրել ուսումս շարունակել արտերկրի գյուղատնտեսական առաջատար համալսարաններից որեւէ մեկում։ Երբ իմացա «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագրի մասին, որը հնարավորություն է ընձեռում մեկ կիսամյակ ուսանել Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների (BOKU) համալսարանում՝ հասկացա, որ դա իմ հնարավորություն է թե՛ շարունակելու ուսումս սիրելի մասնագիտությամբ եւ թե՛ ուսումնասիրելու արտերկրի գիտական փորձը օրգանական գյուղատնտեսության ոլորտում։ Նման փորձը ոչ միայն կզարգացներ իմ մասնագիտական գիտելիքները, այլեւ կօգներ հասկանալ ոլորտի հիմնախնդիրները, որը հետագայում հնարավորություն կտար ուրիշ հայացքով մոտենալ մասնագիտությանը։
Չորս ամիս տեւողությամբ փոխանակման ծրագրով ուսումս Էրազմուս+ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում սկսվեց 2024 թվականի հոկտեմբերի 1-ին։
Քանի որ Ավստրիան օրգանական գյուղատնտեսության ոլորտում առաջատարներից է, մեծ հնարավորություն էր ինձ համար գտնվել այնպիսի միջավայում, որտեղ կայունությունը, գիտությունը եւ գործնական փորձառությունը մեկ տեղում են։ BOKU-ում դասընթացները անցկացվում են ոչ միայն լսարանային միջավայրում, այլ նաեւ լաբորատորիաներում եւ տնտեսություններում։ Այնտեղ յուրաքանչյուր դասընթաց պարզապես տեսական նյութ չէ, այլ՝ օրգանական գյուղատնտեսության մեխանիզմների մասին ավելի խոր պատկերացում կազմելու հնարավորություն:
Դասընթացներից շատերն ունեին խմբային աշխատանքի ձեւաչափ, որի շնորհիվ մենք՝ ուսանողներս, ծանոթացանք միմյանց մշակույթներին եւ մեր երկրներում գյուղատնտեսական ոլորտի առանձնահատկություններին։ Հետաքրքիր էր, թե ինչպես են տարբեր երկրներում կարգավորվում օրգանական գյուղատնտեսության չափորոշիչները, ինչ մարտահրավերների են բախվում ֆերմերները եւ ինչպես են կառավարում արտադրության գործընթացը։
Արտերկրում ուսուցումը ինձ հնարավորություն տվեց ոչ միայն ստանալ արժեքավոր գիտելիքներ, այլ նաեւ ձերք բերել նոր ընկերներ, որն անչափ կարեւոր եմ համարում մասնագիտական եւ անձնային հատկանիշների բարելավման գործում։
Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների համալսարանում անցկացրած կիսամյակը ամրապնդեց իմ համոզմունքը, որ օրգանական գյուղատնտեսությունը պարզապես միտում չէ, այլ անհրաժեշտություն: Ես վերադարձա բազմաթիվ գաղափարներով, եւ այժմ իմ նպատակն է ստացած գիտելիքները կիրառել գործնականում՝ փորձելով հնարավորինս նպաստել օրգանական գյուղատնտեսության զարգացմանը մեր երկրում։ Ես վստահ եմ, որ այս փորձառությունը երկարաժամկետ ազդեցություն կունենա իմ մասնագիտական գործունեության վրա։