Փետրվարի 24-ից 28-ը ՀԱԱՀ-ն հյուրընկալեց հերթական էրազմուսյան հյուրերին` Իտալիայի Մարկեի պոլիտեխնիկական համալսարանի Գյուղատնտեսական, պարենային եւ բնապահպանական գիտությունների դեպարտամենտի դասախոսներ՝ դոցենտ Էնրիկո Մարիո Լոդոլինիին եւ Վերոնիկա Գեորգիին։
Այցի առաջին օրը Միջազգային կապերի դեպարտամենտում ավանդական ընդունելության ժամանակ հյուրերին ներկայացվեցին համալսարանի պատմությունն ու կրթագիտական ուղղությունները։ Հյուրերն իրենց հերթին հանգամանորեն ներկայացրեցին իրենց համալսարանի պատմությունը։
ՄԿԴ աշխատակից Զարինե Պողոսյանը կազմակերպեց շրջայց համալսարանում, որի ընթացքում հյուրերին ներկայացվեցին համալսարանի նորարարական կենտրոնները՝ Հացի, հրուշակագործության եւ շոկոլադի, Գարեջրի եւ թորման, Սննդամթերքի անվտանգության, Օրգանական գյուղատնտեսության լաբորատորիաները, այցելեցին նաեւ ջերմատուն, ընթերցասրահներից մեկը, Ուսանողների հաջողության կենտրոն, Գիտելիքի նորարարական հաբ եւ այլ ենթակառույցներ։
Հետագա օրերին իտալացի գործընկերները Ագրոնոմիական ֆակուլտետի ուսանողների համար դասախոսություններ կարդացին։ Էնրիկո Լոդոլինիի դասախոսության թեման ձիթապտղի ծառի մշակման եւ ձիթապտղի յուղի արտադրության մասին էր։ Նա նշեց, որ ձիթապտղի մշակումը զարգանում է ամբողջ աշխարհում՝ այդ պտղատեսակի՝ կլիմայի փոփոխության նկատմամբ կայունության, տնկման ճիշտ համակարգերի ներդրման, գյուղատնտեսական ճշգրիտ գործիքների կիրառման եւ որոշ արտադրական գործողությունների մեքենայացման հնարավորության շնորհիվ: Ավելին, սեղանի ձիթապտուղը եւ ձիթապտղի յուղը շատ կարևոր են մարդու սննդակարգի համար եւ համարվում են ֆունկցիոնալ մթերքներ՝ իրենց առողջարար հատկություններով: Նա հավելեց, որ ներկայում Հայաստանում ձիթենիներ գրեթե չեն տնկվում եւ մշակվում, սակայն որոշ ծառատեսակներ կարելի է տնկել մեր երկրի՝ բարեխառն կլիմա ունեցող մի շարք վայրերում։
Վերոնիկա Գեորգիի դասախոսության թեման էր «Կլիմայական փոփոխությունների ժամանակ այգիների ստեղծման ընթացքում առաջացող մարտահրավերները, ինչպես նաեւ բույսերի արմատների գործառույթները եւ դրանց ուսումնասիրության մեթոդները»։ Հանդիպմանը ներկա էին Ագրոնոմիական ֆակուլտետի երրորդ եւ չորրորդ կուրսեցիները, որոնք քննարկեցին ներկայացված նյութերը։ Թեման արդիական եւ հետաքրքիր էր նրանց համար՝ մասնագիտական ընդհանուր զարգացման առումով։ Իտալացի դասախոսները ՀԱԱՀ Բուսաբուծության եւ հողագիտության ու Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնների իրենց գործընկերներին եւ ուսանողներին փոխանցեցին իրենց փորձն ու գիտելիքները՝ ակտիվորեն եւ հաճույքով քննարկելով հատկապես ուսանողներին հետաքրքող թեմաները։
Այցելությունն ավարտվեց Միջազգային կապերի դեպարտամենտում, որտեղ հետագա համագործակցության նոր գաղափարները քննարկելուց հետո իտալացի դասախոսները ստացան էրազմուսյան ավանդական հավաստագրերը։