Փետրվարի 24-ին կայացավ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ: Նիստը սկսելուց առաջ ռեկտորը շնորհավորեց ներկաներին՝ նախօրյակին համալսարանում Գարեջրի եւ թորման լաբորատորիայի բացման առթիվ: «Սա բուհ-մասնավոր հատված համագործակցության եւ մրցունակ կրթական միջավայրի ստեղծման լավագույն օրինակ է, ընդ որում մեզ աջակցած ԱԿԲԱ Ֆեդերացիան եւ Երեւանի գարեջուր ՓԲԸ-ն համատեղ նոր նախագծեր իրականացնելու ցանկություն են հայտնել», – ասաց պարոն Ուռուտյանը:
2021-2022 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ամփոփ տվյալների ներկայացմամբ հանդես եկան դեկանները, քոլեջների տնօրենները, Ագրոբիզնեսի դեպարտամենտի պետը: Քննարկվեցին նաեւ համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտի ուսանողների ուսման վարձավճարների զեղչերը, ինչպես նաեւ սահմանվեց առկա համակարգի ավարտական կուրսերի ուսանողների ուսման վարձի չափը՝ 80 տոկոս: Կարգապահության, փոխադրումների եւ հեռացումների առնչությամբ քննության առնվեց լուծում պահանջող յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակ, եւ ընդունվեցին համապատասխան որոշումներ:
Ռեկտորատի այս նիստն առանձնացավ համալսարանի դասախոսական կազմի կրթական կարիքների բացահայտման հարցումների արդյունքների ներկայացմամբ, որով հանդես եկավ Որակի գնահատման կենտրոնի մասնագետ Մելինե Ղարաքեշիշյանը: Քանակական հետազոտությունը, որին մասնակցել է 337 դասախոս, բավականին բարվոք պատկեր է ձեւավորել դասախոսների մեծամասնության՝ սեփական աշխատանքից եւ համալսարանի տարբեր ստորաբաժանումների գործունեությունից ընդհանուր առմամբ բավարարվածության, դժգոհությունների ոլորտների, վերապատրաստումների, վերջին 3 տարիներին բուհում կատարված փոփոխությունների, գիտական գործունեության համար նպաստավոր պայմանների եւ այլ առումներով: Արվել են բարելավման առաջարկներ: Տիկին Ղարաքեշիշյանը նշեց, որ որոշ հարցերի դեպքում արձանագրված պատասխանները իրազեկության պակասի արդյունք են:
Հետաքրքիր, կարեւոր եւ համալսարանի տարբեր օղակներից հետագա ջանքեր ու լուծումներ պահանջող ուսումնասիրությունը ռեկտորատի հավանությանն արժանացավ: Ռեկտոր Ուռուտյանը, մասնավորապես նշեց. «Շատ կարեւոր վերլուծություն է, որը ճիշտ ազդակներ է տալիս աշխատանքները կատարելոգործելու համար: Անհրաժեշտ է առաջիկայում նաեւ վարքագծային վերլուծություն անել, որը կօգնի հասկանալ, թե աշխատակիցներն ինչ են անում եւ ինչ են առաջարկում բուհի առաջընթացի համար»:
ՈԳԱ կենտրոնի տնօրեն Լիլիթ Զաքարյանի խոսքով, քանակական այս հետազոտության հիման վրա հետագայում կիրականացվի որակական հետազոտություն: